ՈՒՂԵՂԸ՝  ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՊԻՏԱԼ

usanog

Փոքրերին դպրոց ընդունելու թղթաբանությունը շուտով կսկսվի, համալսարանական ընդունելության քննությունների մեծ մասն էլ արդեն ավարտվել է: Կրթությունը մեր կյանքի բնականոն  ընթացքի ուղեկիցն է դարձել վաղուց, առանց որի  ուղղակի անհնար է պատկերացնել 21-րդ դարի մարդուն:Շատ են ասում, որ մեր դարը ինտելեկտի դար է, և գիտելիքն ամենաբարձրն է գնահատվում այսօր: Մեր փոքրիկ երկրի համար հաճախ են կիրառում Իսրայելի օրինակը, ասում են՝ այ, մեր պես փոքր երկիր է, բայց ամբողջ աշխարհում իրենց հետ հաշվի են նստում, որովհեետև խելք ունեն ու կարողանում են այն օգտագործել ի շահ իրենց: Թե ինչքանով է նման համեմատությունը ճիշտ՝ հարցի այլ կողմն է: Համենայն դեպս, հասկանալի է դառնում, որ ծով չունեցող, նավթով միլիոններ չվաստակող ու որպես այդպիսին, զարգացած տուրիզմ չունեցող երկրի համար, իսկապես, լավագույն տարբերակը «խելքով» փող աշխատելն է: Նորարարություններ, գիտական նվաճումներ…Ցանկը լայն է: Մեզ մնում է ընտրել ուղղություններ ու ջանք դնել դրանց մեջ: Այս օրերին ավարտական ու ընդունելության քննություն հանձնող երիտասարդները հենց մեր  հույսն ու հիմքն են, որովհետև նրանք պիտի կարողանան նոր գիտելիքի կրող լինել և ուղեղը լավագույն կապիտալ դարձնել: Իսկ հայկական միտքն արդեն իսկ հուշում է, որ շատ գիտություններ են մեզ «ի վերուստ» տրված. աշխարհ նվաճած մաթեմատիկոսներ ու ֆիզիկոսներ ունենք, ՏՏ ոլորտում՝ մեծ հաջողություններ ու միտք արտահանելու լավագույն փորձ, ցանկը շարունակելի է…

Բիլ գեյթսերն ու սթիվ ջոբսերն իրականում հաճելի բացառություններ են, որոնք կարողացել են ուսումը կիսատ թողնելով հանդերձ մեծ հաջողությունների հասնել ու իրենց հմտությունները զարգացնել: Մնացյալ «հասարակ մահկանացուներիս» հույսը մեր կրթությունն է, որը դպրոցում, քոլեջներում ու համալսարաններում ենք ստանում: Իհարկե, այն ոչինչ կլինի առանց ինքնակրթության: Առհասարակ, առանց ինքնակրթության հավանաբար ոչնչի չենք կարող հասնել: Երբ երկրորդ կուրսում էի սովորում, դասախոսներիցս մեկը մի լավ բան ասեց. «Մոռացեք, թե այստեղ եք ստանալու բոլոր այն գիտելիքները, որոնք ձեզ անհրաժեշտ են մասնագետ դառնալու համար: Համալսարանն այդ գիտելիքը չի տալիս՝ անգամ ամենազարգացած երկրներում: Հայաստանում այն առավել ևս իրեն չի արդարացնում: Բայց մի բան հիշեք. համալսարանը սովորեցնում է սովորել, իսկ սա ամենակարևոր գիտելիքն է: Այն բացատրում է՝ ինչպես է պետք մշակել տեղեկատվությունը, ինչպես տարանջատել կարևորն անպետքից: Եթե գիտեք՝ ինչպես է պետք համակարգված ու թիրախային սովորել, ուրեմն ամեն ինչի էլ կհասնեք»:                         Այս խորհուրդը շատ անգամներ է ինձ օգնել: Սեփական փորձով էլ համոզվել եմ դրա իսկության մեջ: Մեր կրթական ոլորտում բացերը քիչ չեն, եկեք չխաբենք իրար: Բայց  մեղադրել միայն ԿԳՆ-ին՝ սխալ կլինի, որովհետև այն մեզ չի արգելել ինքնակրթվել ու անընդհատ օգտակար գիտելիքով զինվել: Մենք ենք մեր «խաղադրույքը», մեր հույսն ու ուժը: Այնպես որ զինվենք համբերությամբ ու կատարելագործենք մեզ:

«ԴՐՍԻ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սովորաբար մասնագիտությունն ընտրում են ծնողների, հարազատների խորհրդով, կամ, որ ավելի լավ է, սեփական ցանկությամբ ու նախասիրություններով: Բայց վերջերս ավելի հաճախ են հանդիպում երիտասարդներ, որոնք ընտրում են մասնագիտություն միայն մեկ չափորոշիչով. տվյալ աշխատանքով կարո՞ղ են զբաղվել արտասահմանում, թե՞ ոչ: Եթե չեն կարող, տվյալ ֆակուլտետի կողմ չեն էլ նայում՝ ինչքան էլ այն գայթակղիչ ու սիրելի լինի:  Արտագաղթը կրթական ոլորտ էլ է սողոսկել: Մենք  հայաստանյան գիտելիքը տանում ենք մոսկվաներ ու նյույորքներ, որովհետև մեզ թվում է, թե այդպես ավելի ճիշտ է: Այդպես ճիշտ չէ, այդպես ուղղակի ավելի հեշտ է: Ցավալի է, որ այսօրվա երիտասարդության հույսը դրսի հետ է կապված: Մեղադրելու չի, իհարկե: Շատ տաղանդավոր ուսանողներ, սովորելով արտերկրում, նախընտրում են հենց այնտեղ էլ մնալ: Եվ բացատրությունը շատ օբյեկտիվ է. գան ի՞նչ անեն, այստեղ իրենց գիտելիքը հնարավոր չէ մաքսիմալ օգտագործել, և որ  ավելի վատ է, աճելու տեղ չկա:    Բնական գիտությունների դասագրքերն արտերկրում թարմացվում են վատագույն դեպքում՝ երկու տարին մեկ անգամ: Կան ոլորտներ, որտեղ  ուսանողներին պարբերաբար՝ կես տարին մեկ,  նոր, փոփոխված  դասախոսություններ ու  դասընթացներ են առաջարկում: Մեր, անգամ բժշկական համալսարանում կան դասագրքեր, որոնք ինսուննականների վերջին են հրատարակվել….Ցավալի է: Բայց աչք փակելով հարց չենք լուծում: Պետք է մի բան մտածել, որպեսզի մեր երիտասարդները դուրս գնալով՝ վերադառնան: Ու այստեղ իրենց պիտանի ու  գնահատված զգան:

«ՍՈՎԵՏԻ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՐԻՇ ԷՐ…»

Դուք է՞լ եք հաշիվը կորցրել, թե քանի անգամ ենք լսել այս նախադասությունն ավագ սերնդից: Մեզ օրինակներ են բերում,  վրդովված գլուխներն են տմբտմբացնում՝ տեսնելով մեր ուսումնառության ընթացքը, բայց մի բան հաշվի չեն առնում: Ախր «սովետի վախտերը» մենք չենք տեսել և տվյալ համեմատությունը մեզ համար խիստ վերացական է: Եվ հետո, գուցե խորհրդային կրթությունն այդքան է՞լ ուժեղ չի եղել, որքան  ընդունված է կարծել: Այսօր նման տողատակով շատ հոդվածներ են պտտվում համացանցում: Գուցե այն ուժեղ էր թվում միայն այսօրվա կրթական վիճակի հետ  համեմատելու արդյունքո՞ւմ: Ինչ խոսք, այն շատ ավելի համակարգված էր, գիտելիքն ավելի տեսանելի էր: Դիցուք, իսկապես, սովետական կրթությունը լավագույններից էր ժամանակին:  Բայց ինչքա՞ն կարելի է կրթության մասին անցյալով խոսել, չէ՞ որ կրթությունը պետք է ներկա շարունակական լինի՝ կյանքի պես: Քանի ապրում ես, պիտի կրթվես, հենց կրթությունը թաղեցիր, ապագադ էլ ես հարցականի տակ դնելու: Ստացվում է, որ անվերջ համեմատելով ու բողոքելով, մենք  ժամանակ ու ռեսուրսներ ենք կորցնում: Իհարկե, կատարյալ ոչինչ չկա: Իհարկե, բացերը շատ են: Բայց արդյո՞ք ճիշտ է նոր սերնդին անընդհատ օրինակ բերել մի կրթական համակարգ, որը նա չի էլ տեսել և որն, ակնհայտ խիտ գիտելիք տալով հանդերձ, չի սովորեցրել մտածել, պայքարել ու փնտրել, այլ միշտ պատրաստի դեղատոմսերով շրջանակներ է պարտադրել: Դրանից առայսօր շատերը չեն կարողանում ձերբազատվել: Եվ որքանո՞վ է ճիշտ  երիտասարդների մեջ  ի սկզբանե սերմանել այն զգացողությունը, որ մեզ անծանոթ մի անցյալում եղել է կատարյալին մոտ մի համակարգ, որից մենք զրկված ենք: Ու մենք հավերժ, մեծերի պես, պետք է դարդ անենք ու  փորձենք դրան հասնել՝  ոչ կարգին պատկերացնելով, ոչ էլ՝ հասկանալով: Մերօրյա խնդիրներն է պետք լուծել, ոչ թե անցյալը բերել-հավասարեցնել ներկային ու անգամ ապագա ուղարկել: Կար սովետական կրթություն: Հիմա չկա: Դա ոչ լավ է, ոչ էլ՝ վատ, իրականում: Դա ուղղակի փաստ է: Եկեք փաստն ընդունենք ու շարժվենք առաջ, սա, թերևս, լավագույն տարբերակը կլինի: Աշխարհն այդպես է արել:

ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

The Times-ը ժամանակին հրապարակել էր  լավագույն կրթական համակարգ ունեցող երկրների սանդղակը: Պարզվում է, նման նորմատիվ սահմանելու հեշտ տարբերակ կա. PISA հապավումը կրող թեստը միջազգային ծրագիր է, որը կարողանում է հաշվարկել աշակերտների գրագիտությունն ու ստացած գիտելիքների ակտիվ կիրառությունը: Բուն թեստավորումը կատարվում է երեք տարին մեկ անգամ, որին մասնակցում են 15 տարեկան պատանիները: Առաջին անգամ այն անցկացվել է 2000 թվականին, առաջին տեղում Ֆինլանդիան էր: 12 տարի անց առաջատարն անփոփոխ էր. ֆիները  ոչ մի թիզ գիտելիք հարևան երկրներին չեն զիջում: Մինչև հինգերորդ տեղը հերթականությամբ շարված էին Հարավային Կորեան, Հոնկոնգը, Չինաստանն ու Սինգապուրը: Վեցերորդ տեղում նոր Մեծ Բրիտանիան է՝ չնայած շատերիս համար սպասելի էր, որ այն պիտի առաջին եռյակում լիներ՝ շնորհիվ զարգացվածության, բարձր տեխնոլոգիաների և այլնի: Տարօրինակ է, բայց խստապահանջ Գերմանիան նույնպես կրթությամբ շատ չի փայլում: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջին տասնյակում չկան, դե իսկ մեր երկրի մասին խոսելն էլ, ցավոք, դեռևս անիմաստ է:

Ֆինլանդիայի դպրոցում սովորելու առաջին վեց տարիներին աշակերտները չեն ստանում գնահատականներ ու, որպես այդպիսին, տնային աշխատանք չեն ունենում: Իհարկե, ազատվում են նաև բազմապիսի պատմողական առարկաներից, անգիրներ սովորելուց, ռեֆերատներ կազմելուց և այլն: Երեխաներն ազատված են նաև քննություններից: Սա օգնում է նրանց չունենալ հոգեբանական սթրեսներ, որոնք ուզած-չուզած այցելում են քննությունների ժամանակ: Դրա փոխարեն ուսուցիչները հորդորում են հաճախ ընկերներին այցելել  ու կենտրոնանալ, քայլ  առ քայլ գիտելիք կուտակել՝ առանց վազելու գնահատականների ետևից: Դասարաններից ամենամեծում երեխաների թիվը երբեք չի անցնում 16-ը, սա հնարավորություն է տալիս ամեն աշակերտի հետ առանձին աշխատելու ու  փոքրացնում է հերթական դասը կիսատ-պռատ սովորելու կամ էլ այս անգամ գլուխ պահելու ու չսովորելու շանսերը: Իսկ այ դասամիջոցների ամենօրյա ընդհանուր տևողությունը կազմում է մոտ  75 րոպե: ԱՄՆ-ում այն մոտ 29-ն է: Ինչ խոսք, կարդում ենք այս տվյալներն ու նախանձում:

Հարավային Կորեայի տարրական դասարաններում  աշակերտների հետ մեկ ուսուցիչ է աշխատում: Նա դասավանդում է էթիկա, մայր լեզու, մաթեմատիկա, բնական գիտություններ, հասարակագիտություն, երգեցողություն ու նկարչություն: Բացի դրանից,  երեխաներին պարտադիր սովորեցնում են՝ ինչպես լուծել կենցաղային և առօրյա կյանքում հաճախ հանդիպող խնդիրներ,  ծանոթացնում են երկրի մշակույթին ու ավանդույթներին:

Նման օրինակներ տեսնելով, հասկանում ենք, որ որակյալ կրթության առաջին նախապայմաններից է  գիտելիքի բազմակողմանի ու հետաքրքիր մատուցումը: Բոլոր այն երկրները, որոնք կրթական ոլորտում առաջատար են, աչքի են ընկնում  երեխաներին ու աշակերտներին փոխանցվող գիտելիքների հետաքրքիր մատուցմամբ ու այլ երկրներից տարբերվող դասացուցակներով: Հուսով ենք, որ մի օր մեր երկրի անունը նույնպես լավագույն հնգյակում կլինի: Աշխատելու դեռ շատ  տեղ կա, դեռևս պարզ չէ՝ տասներկուամյա կրթությունն իրապես  արդարացված է, թե՝ ոչ: Մնում է զինվել համբերությամբ՝ ընթացքում չմոռանալով նաև գիտելիքով զինվելու անհրաժեշտության մասին:

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register