ԳԻՏԵԼԻՔԸ  ՍԿՍՎՈՒՄ  Է ՃԻՇՏ ՀԱՐՑԵՐԻՑ

Ariii

Կրթություն  ստանալը  սոսկ թղթի կտորի համար չէ: Այն անհրաժեշտ չէ նաև ապագա ամուսնուն  կամ կնոջը տպավորելու համար՝ ինչպես ընդունված է Հայաստանում: Ոչ էլ ծնողներին չհիասթափեցնելու ու նրանց երազանքներն իրագործելու համար պիտի կրթվենք: Այսօր շատերը թեպետ համալսարանում են սովորում, բայց կրթություն չունեն՝ ինչպես ասվում է հայտնի խոսքում: Սրա պատճառը արտաքին գործոններին տուրք տալն ու ամենակարևորի վրա չսևեռվելն է:  Կրթության հիմնական գործառույթը մեզ մտածել սովորեցնելն է: Մտածել կառուցողական, համապարփակ, վերլուծողական ձևերով, քանի որ ինչ ոլորտում էլ մենք գործենք, կարևորն այն է՝ ինչպես կվերաբերվենք աշխատանքին, ինչպես կկարողանանք վերլուծել ու լուծել խնդիրները:Համալսարանը մեզ սովորեցնում է, որ ցանկացած մտքի հիմքում փաստը, վերլուծությունը պետք է լինի, չի կարելի առաջնորդվել միայն մտացածին փաստերով ու զգայական օրինակներով:

Կարծիքը պետք է համեմված լինի  տրամաբանությամբ ու բանականությամբ, նաև՝ ապացույցներով: Սրա կարիքը կա հատկապես բիզնեսի, քաղաքականության ու օրենսդրության ոլորտներում՝ չնայած, իրականում, անգամ հումանիտար մասնագիտությունները կախված են «կարգապահ» մտածելակերպից: Կրթական կառույցներում մեզ սովորեցնում են, որ  ամենակարևորը ոչ թե այն է, թե ինչ ենք մտածում, այլ այն, թե ինչու ենք մենք հենց այդպես կարծում: Կարող է թվալ, թե այսպես մեր միտքը կարող է ռոբոտանալ՝ տեղ չթողնելով ստեղծելու, փորձարկելու  համար: Այդ դեպքում ինչպե՞ս կանխել մտքի ռոբոտացումը:

Սրա լավագույն տարբերակը ճիշտ հարցեր տալ սովորելն է, ինչը պետք է անել մանկական ու պատանեկան տարիքում: Առանց վերլուծական մտածելակերպի, մարդիկ կդառնան մեխանիկորեն աշխատող անշունչ իրեր, որոնց չի էլ հետաքրքրի,թե ինչու են անում այս կամ այն գործը: «Ինչու»-ն հարցերի հարցն է, այն առողջ մտածելակերպի հենքն է, և այդ հիմքը կարևոր է՝ նախքան  որևէ կրթական համակարգում ներառվելը:

Դրա համար պետք է սովորել ճիշտ հարցեր տալ, դրանք չեն թողնում մեզ կաղապարվել ու նպաստում են, որ հարցերից ծնվող ինքնավերլուծության շնորհիվ էլ ավելի բարձր թռչենք: Այնպես որ եկեք կրթենք նախ ինքներս մեզ՝ հույսը միայն համալսարանների վրա չդնելով: Գնահատենք իրական գիտելիքը, և ոչ թե համալսարաններում աչքի անցկացրած թղթերի քանակը:  Կրթվենք՝ անընդհատ աշխարհին հարցեր նեկայացնելով ու դրանց պատասխանները փնտրելով: Մտածել սովորելը լավագույն մասնագիտական հմտությունն է: Կարևոր չէ՝ ինչ ես մտածում, ինչին ես հավատում, կարևոր է, թե ինչու ես դու այդպես մտածում: Եվ եթե դու կարող ես փաստերով, սիրով ու ոգևորությամբ պնդել քո կարծիքը,  տեսակետը, ուրեմն  կգտնես ճշմարիտը, հետևաբար՝ հաջողությունը միանշանակ քո կողմից կլինի: Հարցերը ճշմարտությունը գտնելու բանալիներն են, կիրառենք դրանք:

 

Սիրով ձեր՝ Արիանա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register