ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ

turizm

Աշխարհն օրեցօր փոքրանում է: Բջջային կապը, ինտերնետը հնարավորություն են տալիս կայծակնային արագությամբ տեղեկություններ ստանալ աշխարհի ցանկացած կետից: Դա մի կողմից նվազեցնում է մարդկանց տեղաշարժը, նրանք դառնում են նստակյաց, մյուս կողմից մեծացնում է աշխարհը տեսնելու հետաքրքրությունը: Մարդն այսօր կարող է տանը նստած համացանցով տեղեկություն ստանալ հետաքրքրող երկրի, քաղաքի մասին, հյուրանոցի համար ամրագրել, ավիատոմս պատվիրել, թռչել և իրական դարձնել վերացական պատկերացումները:

Այսպիսի իրավիճակում, երբ տեղեկությունների տարածումն ու ուղևորափոխադրումները շատ դյուրին են, զբոսաշրջությունը մի շարք երկրներում տնտեսական առաջայնություն է դարձել: Այդ ուղղությամբ լուրջ աշխատանք տանելու և անհրաժեշտ ջանքեր գործադրելու դեպքում այն կարող է լուրջ եկամուտներ բերել պետական գանձարան: Երկրներ կան, որտեղ մի քանի տասնամյակ առաջ տուրիզմի զարգացման համար նպաստավոր պայմաններ գրեթե չկային (օրինակ՝ արաբական անապատային երկրները), սակայն ժամանակակից (երբեմն նույնիսկ՝ գերժամանակակից) ենթակառուցվածքների առկայության շնորհիվ այսօր այդ ոլորտը մեծ շահույթներ է ապահովում՝ նպաստելով բարեկեցության աճին:

Սակայն լինում են նաև դեպքեր, երբ զբոսաշրջիկների այցելությամբ առանձնացող երկրները ոչ միայն շահում են, այլև  տուժում են դրանից՝ դառնալով միջազգային ահաբեկչության թիրախ: Եթե ահաբեկչին հարկավոր է, որ ամբողջ աշխարհն իմանա իր խնդրի և պահանջի մասին, ապա նա որպես թիրախ հաճախ ընտրում է այնպիսի քաղաք, որտեղ շատ տուրիստներ կան, օրինակ՝ ֆրանսիական Նիսը: Այս պարագայում, իհարկե, կարևոր է, թե այդ երկիրն ինչպիսի դիրքորոշում ունի ահաբեկչություն իրականացնողի նկատմամբ: Սակայն ոչ պակաս կարևոր է, որ ահաբեկչությունը սարսափ տարածի ոչ միայն հասցեատիրոջ մոտ, այլև՝ ամբողջ աշխարհում և շարքային մարդկանց շրջանում:

Զգուշավոր զբոսաշրջիկները լսելով, որ այսինչ երկրում կամ քաղաքում ահաբեչություն է իրականացվել, վերանայում են իրենց տուրիստական ծրագրերը և այդ երկիրը հանում տուրիստական հետաքրքրությունների ցանկից: Արդյունքում տուրիստական հոսքը նվազում է, սակայն հաշված օրերի ընթացքում այն կարելի է վերականգնել ժամանակավոր դեմպինգային ակցիաների միջոցով: Օրինակ, մի քանի տարի առաջ Եգիպտական Շարմ էլ Շեյխում կատարված ահաբեկչությանը հաջորդած առաջին շաբաթվա ընթացքում տուրիզմն անկում ապրեց: Առաջին հայացքից դա կարող է չնչին բան թվալ, սակայն տուրիզմն առաջնահերթություն համարող տնտեսության համար լուրջ խնդիր է: Ճգնաժամից դուրս գալու համար Եգիպտոսը որոշ ժամանակով միանգամից իջեցրեց հյուրանոցների և ավիատոմսերի գները: Այս գայթակղիչ առաջարկի շնորհիվ տուրիզմի տեմպը շատ արագ վերականգնվեց և նույնիսկ գերազանցեց կանխատեսված ցուցանիշները:

Հայաստանում միջազգային ահաբեկչության իրական վտանգի բացակայության պատճառներից մեկն էլ այն է, որ այստեղ տուրիզմը զարգացած չէ, Հայաստանը տուրիստի աչքերում այնքան էլ հետաքրքիր և գրավիչ երկիր չի համարվում: Սակայն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես և Հայաստանում տուրիզմի ցածր տեմպի իրական պատճառը տնտեսական քաղաքականությունն է: ԵՏՄ-ին անդամակցելուց հետո տնտեսական համընդհանուր անկման հետ միասին անկում է ապրում նաև տուրիզմը, ինչի հետևանքով Հայաստանում և Արցախում գործող հյուրանոցների և հյուրատների մեծ մասը սնանկացման և փակման եզրին են հայտնվել: Որոշ օտարերկրյա վերլուծաբաններ տուրիզմի անկումը պայմանավորում են նաև Ապրիլյան պատերազմի ազդեցությամբ: Այսինքն, թեև Հայաստանում չկա միջազգային ահաբեկչության իրական վտանգ, սակայն մի կողմից Ադրբեջանը՝ պատերազմական սպառնալիքներով, մյուս կողմից Ռուսաստանը՝ տնտեսական և քաղաքական ճնշումներով, և վերջապես՝ ՀՀ կառավարությունը ոչ նպատակաուղղված քաղաքականությամբ լրացնում են այդ բացը:

 

Թաթուլ Մկրտչյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register