ՀԵՏ ԴԱ՛ՐՁ, ԴԵՊԻ ՀԱՆԳԻՍՏ ՔԱՅԼՈՎ ՄԱ՛ՐՇ

hayas

Մենք հանգստանալու փոխարեն սովորաբար անհանգստանում ենք՝ բառի ամենաուղիղ իմաստով: Կամ ընտրում ենք հանգստի այնպիսի տարբերակներ, որոնցից հետո մեզ ևս  երկու շաբաթվա հանգիստ է պետք գալիս՝ վայ-հանգստացածը մարսելու համար: Սա էլ տարածված տարբերակ է՝ առհասարակ արձակուրդ չենք ունենում՝ ինչքան էլ Սահմանադրությունն ու  աշխատանքի վայրում փակվող աչքերը հորդորեն հանձնվել ու  ու վայր դնել աշխատանքային զենքերը:

Իսկ անհանգստանալու պատճառներից մեկը նաև այն է, որ սովորաբար հանգստանում ենք ոչ թե մեր սեփական հոգու ու մարմնի, այլ՝ հարևանների համար. սիրում ենք գլուխ գովել Դուբայի ճոխ ռեստորաններում արված լուսանկարներով՝ լռելով այն մասին, որ  պարտք արած փողերով ենք հասել օտար ափեր ու հիմա մի քանի ամիս պիտի հանգստի հարկը մուծենք՝ օրուգիշեր աշխատելով:

Դե, իսկ թուրքական ափերին հանգստանալու փաստը քննարկելն ավելորդ է: Ազատության հրապարակում ապրիլի 24-ին դրոշ ենք վառում, հետո էլ ամռանը Անթալիայի ծովափին ենք  կրակ վառում ու խորոված անում կամ թուրքի արածը ճաշակում…Կեղծ է: Չափից դուրս կեղծ ու անընդունելի է:  Հասկանալի է, որ Թուրքիան գուցե մերոնց գրպանին ավելի հարմար է, բայց հաստատ հարմար չէ հոգուն ու  մարդկային արժեքներին: Դրա փոխարեն կարելի է գոնե Վրաստան գնալ, գումարային առումով ավելի էժան կլինի: Բայց բղավել հայրենասիրության, ցեղասպանության մասին ու հետո երջանիկ ժպիտով նկարվել թշնամու լողափերին, համաձայնեք, որ ազնիվ չէ: Կամ էլ գոնե կարելի է ձևական հայրենասիրություն չխաղալ ու վերջ տալ կեղծավորությանը:

Հաճախ չենք մտածում՝ ինչպիսի՞ն պետք է լինի մեր հանգիստը: Ավելի  ինտելեկտուա՞լ, ակտի՞վ, թե՞ պասիվ: Գուցե պետք է կազմակերպել ժամանցայի՞ն հանգիստ: Հանգստի ամեն տեսակ իր առավելություններն ունի ու հանգստանալ նույնպես պետք է համակարգված, թե չէ, իսկապես, արձակուրդից ոչինչ չենք հասկանա: Բոլորիդ էլ ծանոթ կլինի զգացողությունը, երբ հանգստյան օրերին որոշում ենք, որ ոչինչ չենք անելու, պաշտոնապես ու  բարձրաձայն  հայտարարում ենք մեր ու մահճակալի լուրջ հարաբերությունների ու  անմար սիրո մասին ու ամբողջ օրը անկողնում թավալ գալիս՝ դիտելով սիրելի ֆիլմերը՝ քնել-զարթնելով ու անգամ  երբեմն անկողնու տարածքում ճաշելով: Երեկոյան զգում ենք, որ ավելի ենք հոգնել: Հաջորդ օրը մեզ զգում ենք ծանր, առանց էներգիայի ու աշխատանքային օրը հաճույք չի բերում: Որովհետև ուղղակի ժամանակ սպանելը շատ ավելի է հոգնեցնում, քան ակտիվ մի բանով զբաղվելը:

Հենց դրա համար օրերով ծովափին պառկելը լավագույն լուծումը չէ: Ընտանիքով արժե նստել ու որոշել՝ ինչով եք զուգակցելու արևայրուքը. թանգարաններ  այցելելո՞վ,  փարթիներին պարելո՞վ, թե՞  դասական երաժշտության ներքո մի բաժակ սառը հյութ խմելով ու գիրք ընթերցելով:

Համակարգվածությունը հաջողության գրավականն է՝ անգամ հանգստում: Այնպես որ, կետ առ կետ ծրագրեք հանգիստը, հաստատ չեք փոշմանի: Անխախտ է մի սկզբունք. նստակյաց, մտավոր ծանրաբեռնված աշխատանքից հանգստանալու լավագույն տարբերակը ֆիզիկական ակտիվ հանգիստն է բնության գրկում, քայլել, ձուկ որսալ, արշավների գնալ, վրանում քնել, լեռներ մագլցել, մի խոսքով՝ լիցքաթափվել՝ կոշտուկներ վաստակելով. դա լավագույնս կմաքրի ձեր ուղեղն ու ռեստարտն իդեալական կդարձնի: Հետո արդեն կրկին գրասեղանը պաշարելով, կարոտով կհիշեք ազատ բնությունը:

Դե իսկ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ աշխատողներին արդեն բուրժուական հանգիստ է պետք. լավ քնել ու սնվել, ծովափեր մաշել:

ՀԱՅԱՖԻԿԱՑՎԱԾ ՀԱՆԳԻՍՏ

Հայրենի լեռներին, օդին ու ջրին նվիրված երգերն ու տողերը շատ են, լուսանկարները ու ֆիլմերը՝ էլ ավելի: Անվերջ կարելի է հիանալ մեր գեղատեսիլ բնությամբ, բարձր լեռներով, անտառածածկ տարածքներով, մի բռաչափ, բայց անչափ սիրելի Սևանով: Բայց, ինչպես հայտնի երգի արևին, այնպես էլ մեր բնությանը պետք է հեռվից նայել, թե չէ կայրի մեր ֆինանսները՝ եթե շատ մոտենանք:

Մենք մերոնցով ենք, պիտի անկեղծ լինենք. հայաստանյան տուրիզմի գներն իրոք թանկ են: Տարբեր մարդիկ տարբեր կերպ են պատճառաբանում: Ասում են՝ տուրիստական երկիր չենք, զբոսաշրջիկները քիչ են, մարդիկ  ամեն ինչ թանկ են վաճառում, որպեսզի գոնե մի փոքր գումար վաստակեն: Իրականում պատճառահետևանքային  տրամաբանությունը կարելի է շտկել: Գուցե արժե՞ նախ գումարը իջեցնել, որպեսզի զբոսաշրջիկները շատանան՝ ընթացքում կազմելով նաև հետաքրքիր տուրիստական նախագծեր,  յուրօրինակ միջոցառումներ: Ի՞նչ զբոսաշրջիկների մասին է խոսքը, երբ անգամ տեղացիներս մեր հայրենիքը կարգին չգիտենք, Լաստիվերին, Դիլիջանի տարածքին միայն լուսանկարներով ենք ծանոթ: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով. Դիլիջանում կամ Ծաղկաձորում փոքրիշատե  հարմարավետ հյուրանոցային սենյակի գինը սկսում է օրական հիսուն հազար դրամից: Այս գնով Վրաստանում կարելի է երեք օրով մի ամբողջ սեփական տուն վարձել ու ծովային հանգիստ վայելել: Բնականաբար, մարդիկ ընտրում են ավելի հասու տարբերակը, մեղադրել չի կարելի:

Այո, մենք չունենք ծով, չունենք Էյֆելյան աշտարակ կամ Քեոփսի բուրգ: Բայց ունենք բազմամյա եկեղեցիներ, ունենք թթու լավաշ ու գաթա, ծիրան ու դուդուկ՝ որը միայն արտասահմանյան բրենդի տեղ ենք օգտագործում՝ մոռանալով այստեղ կիրառել: Գուցե  արժե միջազգային դուդուկի փառատո՞ն անցկացնել, կամ ծիրանով պատրաստված յուրահատուկ թխվածքների ու անուշեղենի մրցո՞ւյթ կազմակերպել, որի մասնակիցը կկարողանա Հայաստան այցելել ու այցի ընթացքում  մենք կփորձենք այնպես սիրահարեցնել  արտասահմանցուն մեզ, որ հաջորդ տարի էլի գան: Պատեհ-անպատեհ առիթով բղավում ենք, որ առաջին քրիստոնյա երկիրն ենք: Այդ դեպքում ինչո՞ւ է միայն Իսրայելը հոգևոր կենտրոն, ինչո՞ւ չի կարելի նման փորձը նաև այստեղ կիրառել՝ ուխտագնացությունների,  անգլերեն լեզվով եկեղեցական քարոզների, կրոնական դասընթացների տեսքով: Իհարկե, ասելը հեշտ է: Մի պահ պետք է մեր գրպանին հարվածենք, բայց հետո գուցե ավելի լա՞վ լինի:  Բայց նախ ինքներս մեզնից պիտի սկսենք: Ի՞նչ կասեք այս ամառ Հայաստանը միասին բացահայտելու մասին:

ՍԻՐԵԼԻ,ԲԱՅՑ ԹԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ

Լավ բան եմ առաջարկում վերևում: Շատերդ կասեք՝ ձայնդ տաք տեղից է դուրս գալիս, դե ֆինանսավորիր, գնանք զբոսնենք Հայաստանով, կարո՞ղ ես օրական մոտ հարյուր հազար դրամ տրամադրել՝ նորմալ հանգստի համար: Չէ, իհարկե չեմ կարող: Բայց կարող եմ համեղ կարկանդակներ պատրաստել ու տնական սառը թեյ՝ թեթև քաղցրությամբ, որը կարող ենք դնել մեր պայուսակում ու ավտոստոպով հասնել, օրինակ, Լոռի: Նստել սարի տակ, թեյ խմել, ուտել, շնչել օդը, խաղեր խաղալ, պարել ծառերի հետ ու վերադառնալ տուն: Քսան-երեսուն հազար դրամով հաստատ ճոխ քեֆ կանենք: Երկու-երեք հոգով կարող ենք սա մեզ թույլ տալ: Կամ կարելի է փոքրիկ գնացքը նստել ու ճռճռալով հասնել Գյումրի: Հիշվող օր  կստացվի՝ չնայած որ գնացքը շատ դանդաղ ու երկար է գնում: Գյումրիում հին ու գեղեցիկ դռներ կան, կարելի է դրանց  շուրջբոլորը լուսանկարվել ու ֆոտոշարք ներկայացնել ընկերներին՝ ճանապարհին մի լավ ծիծաղելով սրամիտ գյումրեցիների կատակների վրա: Իսկ մի փոքր երկար գումար հավաքելու դեպքում կարող ենք անգամ Ղարաբաղ հասնել՝ ճանապարհին էլի հետաքրքիր կանգառներ անելով:

Փաստորեն՝ ուղղակի ցանկություն է պետք: Ինչ խոսք, մենք Դուբայ չենք ու դժվար դառնանք մոտակա տասնամյակների ընթացքում: Բայց մենք Հայաստան ենք՝ հյուրընկալ, ջիգյարով ու սրտաբաց:  Փոքրիկ լճակի մոտ կերած բրդուճը գուցե ավելի համեղ լինի, քան իտալական ռեստորանում համտեսած պաստան: Կարևոր է, թե ով է կիսում հետդ ուտելիքդ: Անգամ հասարակ խորտիկն է դառնում խոհարարական գլուխգործոց, երբ այն սիրելիների հետ ես կիսում: Եկեք մեր հանգիստը սիրով համեմենք, ոչ թե՝ ձևականությամբ: Պարտքով ճամփորդելու համուհոտը հեչ տեղը չի:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register