ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ  ԽԱՉՎՈՂ  ԵՎ  ԶՈՒԳԱՀԵՌ  ՈՒՂԻՆԵՐ

ariann

Օրեր առաջ ավարտված համապետական ընտրությունից հետո դեռ շատ անելիք ունենք՝ քաղաքական ներկա դաշտը հասկանալու և ուժերի վերադասավորումը մարսելու առումով: Այս ընտրությունը հստակորեն  վերահաստատեց ուժեղ իշխանության առկայությունն ու՝ ուժեղ ընդդիմության բացակայությունը: Եվ սրա պատճառն, ըստ իս, պարզ, հստակ և ըմբռնելի ուղերձի  պակասն էր: Վերջին տարիներին հատկապես՝ Հայաստանում  ընդդիմությունը «վեր է խոյանում» բացառապես անձանց հակադրվելու և ոչ ամենևին՝ գաղափարական հակասությունները վեր հանելու ճանապարհով, ինչը թույլ կտար ավելի համոզիչ և հեռանկարային  լինել:

Խորհրդարանական ընտրության ժամանակ ՀՀԿ-ի ամբողջ քարոզարշավն առաջնորդեց Կարեն Կարապետյանը, որը մինչ այդ էլ ի վիճակի եղավ ստեղծելու հետևողական, հստակ, ըմբռնելի, դրական և խելացի մարդու համբավ և իր ետևից տանել մարդկանց: Նրա նախընտրական խոստումները հետևողականորեն բխում էին միևնույն հստակ գաղափարից, դրանք համահունչ էին նրա ուղերձին և կերպարին ( հուսանք, որ ապագայում ևս նա տեր կկանգնի իր խոստումներին և կյանքի կկոչի դրանք):

Գագիկ Ծառուկյանը՝ լինելով երկրորդ խոշոր ուժի առաջնորդը, շատերի կողմից ընկալվում էր որպես որոշ մարդկանց խամաճիկ, որին այդպես էլ չհաջողվեց հանրությանը համոզել հակառակը, քանի որ նրան չհաջողվեց մշակել դրական, հստակ, ըմբռնելի և հետևողական ուղերձ: Նրա նախընտրական ելույթներն ընդամենը՝ կոնկրետությունից զուրկ, ընդհանրական բնույթի բարիկամեցողության հայտարարություններ էին ու ոչ ավելին:

Երրորդ տեղում  հայտնված նորահայտ «Ելք» դաշինքն իր հայտնի լիդերի՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չսպասելով մեծ ակնկալիքների՝ գնաց  առավել գործնական  ճանապարհով: Բակից բակ, շենքից շենք, անգամ տանիքներից «Ելքը» մարդկանց կոնկրետ ուղերձներ հղեց ու պատկերացրեք, հաջողեց՝ հենց կոնկրետ անձանց ուղղված հակաքարոզչության արդյունքում: Նրանք կարողացան  շատերի գիտակցության մեջ իշխանությունը նույնականացնել անձանց հետ: Ու քանի որ դա անում էին նոր մոտեցումներով, հաջողեցին կտրուկ փոփոխությունների  ձգտող լսարանում:

Հայացքներս մի պահ ուղղենք ԱՄՆ-ին. անցյալ տարի այնտեղ նախագահ ընտրվեց Թրամփը:  Նախագահի թեկնածու Հիլարի  Քլինթոնը նույնպես՝ հստակ ասելիքի, ուղերձի պակասն ուներ: Նրա կերպարի առանձնահատկությունն ընդամենը այն էր, որ նա՝ Թրամփից ավելի խելացի և փորձառու էր: Սակայն մարդկանց դա չէր բավարարում: Ամերիկացիները ցանկանում էին  տեսնել առաջնորդի կերպար, որին հնարավոր է հասկանալ, կերպար, որի ուղերձն ավելի ընկալելի ու մարդկային է:Դոնալդ Թրամփը, չնայած Քլինթոնի համեմատ փորձի պակասին, և փաստացի՝ քաղաքականության մասին գրեթե ոչինչ չասելու հանգամանքին, կարողացավ ստեղծել իր՝ պարզ և կարեկցող մարդու կերպարը. «Ամերիկան կրկին հզոր դարձնենք», «Ես հասկանում եմ մաքառող միջին խավին, ես հասկանում եմ, որ օտարերկրացիներն են զբաղեցնում մեր աշխատատեղերը: Մենք մի բան կանենք, որ Ամերիկան նորից հզոր դարձնենք ամերիկացիների և ամերիկյան աշխատատեղերի համար»: Թե ինչպես նա առաջարկեց անել սա, և թե ինչպես է նա հիմա իրագործում իր ծրագիրը ամբողջովին՝ պարզ չէ: Կարելի է ասել անգամ, որ նրա իշխանության առաջին 100 օրը խառնաշփոթ էին հիշեցնում: Սակայն նրա ուղերձը հստակ էր և մարդկանց մտքին ու սրտին հասավ: Ահա թե ինչու մարդիկ գնացին նրա կերպարի հետևից և աջակցեցին նրան:

Կրկին վերադառնանք Հայաստան և փորձենք հասկանալ, ինչ է պակասում ուժեղ ընդդիմությանը՝ հաջողության հասնելու համար:

Միանշանակ, հաջողության հասնելու համար պետք է ուժեղ և ըմբռնելի, գաղափարական համակիրների և ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի դեմ միավորված մարդկանց առաջնորդող կերպար: Կերպար, ում, իհարկե, աջակցում են մարդիկ, ում կարելի է հավատալ:  Ում խոսքն ու քայլերը պարզ են և առարկայական, շատերին սրտամոտ ու հասանելի: Առանց դրա, ինչպես վկայում է պատմությունը, մշտապես հաղթում է գործող կուսակցությունը:

 

Սիրով ՝ ձեր  Արիանա

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register