ԹՂԹԱԲԱՆԱԿԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԵՖԻՑԻՏԻ ՄԱՍԻՆ

ari

Այս շաբաթ ուզում եմ խոսել կոնֆիդենցիալության, տեղեկատվության գաղտնիության և Հայաստանում գործող ընդհանուր պայմանագրային համակարգի մասին, որը մեկ բառով կբնորոշեի որպես հիմնային ու անհրաժեշտ վստահություն՝ մարդու  քայլերի ու մտքերի նկատմամբ:

Դրսի» աչքն ինձ օգնում է նկատել հայաստանյան այն կարծրացած խնդիրները, որոնք պետք է նախ ավելի փափկեցնել, հետո նաև՝ իսպառ վերացնել: Ես նկատում եմ, որ ի տարբերություն այլ երկրների, պայմանագրային կետերով, կնիքով ու ստորագրությամբ ամրագրված թուղթը Հայաստանում չունի այն ուժը, որը պետք է ունենար: Եթե որևէ մեկը խախտում է պայմանավորվածությունը, պայմանագիրն օգնում է խնդիրը դե յուրե լուծել՝ դե ֆակտո ցույց տալով, որ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում կարող ես ու պետք է պատիժ կրես: Բայց սա աշխատում է, եթե կնիքն ուժ ունի: Ուժ ունի՞ արդյոք հայկական կնիքը, փորձենք հասկանալ:

Որպես օտարերկրացի զգում եմ, որ բիզնեսի ամենաբարդ տարածքը Հայստանում՝  թղթաբանությունն է: Հիմա իրավիճակը թեպետ փոքր-ինչ հարթվել է, սակայն տնտեսական զարգացումը մնում է սահմանափակման մեջ, քանի որ վստահության դեֆիցիտը ամեն բան փչացնում է:

Ցանկացած երկու անձ, որոնք ցանկանում են գործընկեր դառնալ,  թղթաբանական տեսանկյունից  այս կամ այն հարցի շուրջ կարող են համաձայնության գալ: Նրանք կարող են պայմանագիր կնքել, քննարկել նրանում ներառված կետերը, ստորագրել ու տասնյակ էջերում կնիքներ դնել: Սակայն,հայկական գործելակերպի համաձայն, այդ պայմանագիրը ոչ թե  աշխատանքը կետ առ կետ իրագործելու և ավելի բարելավելու միջոց, այլ իր վրա փոշու շերտ հավաքող անպետք մի բան կդառնա:

Փոքր բիզնեսի դեպքում հարցն ավելի հեշտ է լուծվում: Այս պարագայում առաջին պլան են մղվում հայի թասիբն ու ամոթի զգացումը: Կա՛մ հպարտությունից դրդված են կատարում ստանձնած  խոստումները, կա՛մ էլ նրանց ստիպում են դրանք կատարել՝ անուղղակի կերպով ազդելով նույն այդ ինքնասիրության վրա: Վերջին հաշվով  աշխատանքային հարաբերություններն ուղղակի կխզվեն, սակայն այս պարագայում տուժում են երկու կողմերն էլ: Մեծ պայմանավորվածությունների, պայմանագրերի և ընդհանուր պայմանագրային համակարգի համար կապերն ու փասթաթղթերը պետք է հնարավորինս անձեռնմխելի լինեն:

Այլ օրենքներին հարմարված և «փաստաթղթային հարաբերությունները» բնականոն ու առողջ  համարող օտարերկրացիների համար դիմացինի հետ «համաձայնելու» և հակառակ կողմի պատճառով այդ համաձայնությունը մշտապես խախտելու գաղափարը շատ բարդ  է ընկալվում: Քանի դեռ Հայաստանում չեն հասնել  պայմանագրային համակարգի հաշվին առավելագույն վստահություն ապահովելու մակարդակին, զարգացումն ու ներդրումները  Հայաստանում կշարունակեն մնալ խիստ սահմանափակ: Ինքներդ մտածեք. ինչու՞ պետք է մի քաղաքում, կամ երկրում գումար ներդնել, ինչու՞ պետք է անծանոթի հետ գործնական պայմանագիր կնքել ու ռիսկի գնալ, եթե վստահություն չկա՝ պայմանագրի արդյունավետ ու պարզ աշխատելու նկատմամբ:

Խոսենք օրինակներով: Մարդիկ ինչ վստահություն  կարող են ունենալ պայմանագրերի նկատմամբ՝ բիզնես իրականացնելիս, ինչպե՞ս կարող են նրանք փոքր և մեծ ռիսկերի գնալ իրենց բիզնես որոշումներում, եթե  համարում ունեցող խոշոր ընկերություններում անգամ առանց վախի դյուրությամբ խախտում են պայմանագրերը:                                       Ապրելով այստեղ մոտ 3 տարի, ես զգացել եմ, որ  տարատեսակ պայմանագրեր կնքելիս ինձ այսօրինակ մտքեր են  «այցելում». «Օ՛, այս պայմանագիրը ոչինչ է և ես մի քանի ամսից կարող եմ անել այն, ինչ ուզեմ՝ անկախ անկախ իմ պարտականություններից», «Սա իսկապես որ լավ գործարք է, սակայն ես իրականում այս մարդուն չեմ ճանաչում, կարո՞ղ եմ արդյոք վստահել նրան, և եթե նույնիսկ մենք ստորագրենք այս պայմանագիրը, նա հավանաբար, չի հետևի դրան»:                                                                      Ես մեղավոր չեմ, գոծող փաստաթղթային դաշտն է  ինձ կասկածամիտ  դարձրել: Բայց սա կործանիչ մտածելակերպ է, քանի որ սահմանափակում է մեր անձնային ու բիզնես հարաբերությունները, ցածրացնում դրանց որակն ու ստիպում աշխատանքի վրա կենտրոնանալու փոխարեն ամբողջ  միտքը կենտրոնացնել կասկածների վրա:

Շատ եմ ուզում, որ մտածենք երկարաժամկետ կտրվածքով, չէ՞ որ  նաև դա է որակյալ բիզնես զարգացնելու գրավականը: Հաջողությունը նաև աշխատող պայմանագրերի տողատակերում է թաքնված, հենց դրա համար էլ պետք է քայլ առ քայլ մարդկանց ստիպել հավատալ կնիքով հաստատված այդ խիստ կարևոր էջերին:

 

Սիրով՝ ձեր Արիանա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register