ՏՈՆ ՀՈԳՈՒ ՈՒ ՍՐՏԻ, ԹԵ՝ ԱՉՔԻ ՀԱՄԱՐ

cover

Ամանորյա եռուզեռը կամաց -կամաց սկսում է թեժանալ: Տոնական աժիոտաժի մեկնարկը տվել են առևտրային կենտրոնները, որոնց հիասքանչ առաջարկներն ուղղակի գլխապտույտ են առաջացնում: Իրակա՞ն, թե՞կեղծ՝ զեղչերի մրցավազք է սկսվել,ինչը գայթակղելով հատկապես կանանց, ստիպում է եկամուտների զգալի մասը թողնել խանութներում: Ամանորը Հայաստանում առաջին հերթին կարծես թե նույնականանում է ճոխ սեղանի հետ, ինչին հաջորդում են գեղեցիկ հարդարանքն ու հագուկապը, նվերները: Փորձենք հասկանալ. այս ամբողջ եռուզեռի մեջ ո՞րն է գերակայողը՝ տոնի ու տոնականի ինքնաբուխ ձգտո՞ւմը, թե՞ ձևամոլությունը: Այս հարցը հաճախ է ծագում, որովհետև աղքատ բնակչություն ունեցող երկրում (պաշտոնապես մոտ երեսունհինգ տոկոսն աղքատ է) շատերի տան ամանորյա սեղանից այդ տպավորութունն ընդհանրապես չի զգացվում: Հակառակը, թվում է, թե  Հայաստանում գերկայողը միջին և ավելի հարուստ խավն է:

Իրական ունևորներն արդեն շատ վաղուց Ամանորը նշում են էկզոտիկ ու գեղեցիկ հեռավոր երկրներում, միմյանց հետ մրցակցելով ճոխ միջոցառումներով ու զարմանազան հնարավորություններով: Իսկ ի՞նչ են անում մնացածը, ինչպե՞ս է ստացվում, որ ճնշող մեծամասնության տոնական սեղանները պայթում են թանկ ու համեղ ուտեստների  գերառատությունից, իսկ նրանց վարկային պատմություններն այդ առթիվ տրաքում են կուտակվող տոկոսներից:

Երևույթի ձևական կողմը հատկապես ակնառու է դառնում տոնական օրերին։ Կարող ենք անգամ պարտք անել, միայն թե սեղանը ուրիշին չզիջի և առատ լինի։ Որտեղի՞ց է սա գալիս, արդյո՞ք պետք է այդքան տուրք տալ տոնի արտաքին ընկալմանն ու տեսքին: Ինձ թվում է որ այս ձգտումը ինչ-որ չափով պամանավորված է երկու գործոնով. հայերը շատ հյուրասեր են և անկախ իրենց հնարավորություններից ձգտում են տուն մտնողին կարգին պատվել ու հյուրասիրել: Մյուսը հենց Ամանորին միմյանց այցելելու ավանդական սովորությունն է, որ լրացուցիչ պարտավորեցնում է պատրաստ լինել ճոխ հյուրասիրության:

Մինչդեռ տոնի էությունը ոչ այնքան առատ սեղանի, որքան լավ տրամադրության, հետաքրքիր ու ջերմ միջավայրի մեջ է:

Ամանորը առանձնապես հետաքրքիր և ուրախ է անցնում այն ընտանիքներում, որտեղ իշխում են սերն ու ջերմությունը: Միմանց փոխանցվող խորհրդանշական նվերները, հատկապես երբ սեփական ձեռքով են պատրաստված, թանկարժեք, ճոռոմ ու ծեքծեքուն նվերներից ավելին արժեն,քանի որ ձեռքի աշխատանքը սեր ու նվիրում է պահանջում,  իսկ շատ փող ունեցողի համար  գրոշի արժեք չունի նվերների վրա մի քանի հազար դոլար ծախսելը: Վերջին տարիներին այս մասին շատ է խոսվում, բայց շոշափելի արդյունք՝ դեռևս չկա:

Ինչու՞ ենք մենք հաճախ սիրուն խոսում՝դատարկ թողնելով բառերի հատակը։ Արդյոք սա միայն Հայաստանո՞ւմ է տարածված։ Ու ի՞նչ է անհրաժեշտ կարծրացած մտածելակերպը փոխելու համար ։Այս առումով հույսը նոր սերունդն է: Երևի սահուն սերնդափոխութամբ նրանց կհաջողվի գեղեցիկ օրերն իրական տոների վերածել: Տոներ մարդու սրտի ու հոգու՝ և ոչ միայն աչքի համար:

Հարկավ, ոչ ոք չի ժխտում, որ գեղեցիկ արդուզարդով ու հագուկապով, գեղեցիկ միջավայրում տոն նշելը հաճելի է, բայց հենց դա արվում է պարտքով կամ պարտադրանքով, մրցակցության պահանջով, կորցնում է  իր իմաստն ու նշանակությունը: Ամանորի համար նախատեսված պարզ ու սիրելի զգեստ, սեղանին շարված սպասք ու սիրելի ուտեստ, սեփական ձեռքերով պատրաստված համեղ թխվածք, հոգեպարար երաժշտություն, ջերմություն և սերր: Ու վերջ, տոնական գերազանց մթնոլորտն ապահովված է: Սովորենք ուրախանալ տոներով, սովորենք ապրել ու վայելել:

 

Սիրով՝ ձեր Արիանա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register