Ի՞ՆՉ,  ԵԹԵ ՈՉ՝  ԱԽՈՐԺԵԼԻ ԲՈՒԴ…

bud

Երևանի փողոցներում այս օրերին դժվար է հանդիպել անհոգ մեծահասակների: Բոլորն ասես չափից  դուրս լարված լինեն:  Քաղաքացիների անսովոր շտապողականությունն անզեն աչքով անգամ նկատելի է: Առատ ձյան պատճառով «կատոկի» վերածված փողոցներով սլացող երթուղայինի վարորդը բարկացած բարձրաձայնում է ոչ միայն իրեն, այլև շատերին մտահոգող խնդրի մասին. «Քաղաքը միայն այս օրերին` դեկտեմբերի վերջին երկու շաբաթներին է ասես շունչ առնում»:

Ու, իսկապես, տարեվերջյան փողոցները «հևում» են ավտոմեքենաների գերառատությունից: Դա իր հերթին հանգեցրել է խցանումների պարբերականության շատացման: Մարդիկ մտահոգ են: Ֆիզիկական աշխատանքից հոգնած  տղամարդը շուկայում առանձնապես չի էլ հետաքրքրվում, թե կինն ինչ է ընտրում, նա ուղղակի անտարբեր հայացքով մեկնում է գումարը՝ ու վերցնում ապրանքը: Ամենաանհոգն այս օրերին՝  երեխաներն են: Նրանք սպասում են թե՛ առատ տեղումների, թե՛ նվերների ու զվարճանքի, թե՛ արձակուրդի, համեղ ուտելիքների և տոնական ֆիլմերի: Կենսաշատ էներգիայի անսպառ պաշար ունեցող երեխաների ուրախությունը, սակայն,  չեն «կիսում» հոգսերի տակ կքած չափահասները: Նրանք նկատելիորեն հոգնել են նոր տարվա տոնակատարություններից, ամեն տարի կրկնվող նույն սցենարից, արդեն անգիր արած բաժակաճառերից և հնացած կատակներից, երբ, օրինակ, տուն հյուր եկած ոմն Սամվելին, չնայած առատ սեղանին, տանտիկին Ժաննան առաջարկում է սառնարանում մնացած օգտակար ապուր:

Անառողջ մրցավազքի մեջ մտնելով՝ մարդիկ ամեն ինչի գնում են, նրանք նույնիսկ վարկ են վերցնում, որպեսզի իրենց սեղանը ոչնչով չզիջի հարևանի կամ բարեկամի սեղանին: Նաև նման պատճառներով է, որ ամանորը շատ-շատերի համար ոչ թե տոն է, այլ հոգս, պարտավորություն և զուտ՝ մարդկանց «խոսելուց  զրկելու» արարողակարգ: Ուրախանալու ու հանգստանալու փոխարեն մարդիկ հաճախ նյարդայնանում ու հյուծվում են:

Երևանի փողոցներում «Ճամփորդը» զրուցել է բազմաթիվ քաղաքացիների հետ՝ պարզելու թե՛ գալիք, թե՛  այսպես կոչված այլընտրանքային ամանորի հանդեպ նրանց տրամադրվածությունը : Շատերը (հատկապես կանայք) հարցման ընթացքում խոստովանել են, որ ուժասպառ են լինում տոնական օրերին և արդեն հոգեբանորեն մաշվել են սպասվող ավանդական հյուրասիրությունից:

Ի՞նչպես կծախսեիք նոր տարվա սեղանի համար նախատեսված գումարն ու ժամանակը հարցին ի պատասխան, «Ճամփորդի» թղթակցի հետ զրույցում 100 հարցվածներից մոտ  80-ը պատասխանել է՝ «կճամփորդեի»: Գումարի չափից կախված՝ նրանք  պատրաստ են իրենց հանգիստն անցկացնել Հայաստանում, Վրաստանում, Իրանում, տաք ու անձյուն այլ  երկրներում: Իհարկե, գտնվել են նաև  մարդիկ, ում համար ամանորը նշելու միակ և անփոխարինելի ձևը տանը՝  հարազատ-բարեկամների ընկերակցությամբ  անցկացնելն է:

Հարցվածներից  մեկի դիտարկմամբ՝  Ամանորը տարվա միակ շրջանն է, երբ  հնարավոր է հանդիպել բոլոր բարեկամ-հարազատներին: Այս առումով  այն իսկապես անփոխարինելի է: Հարցմանը մասնակցած տղամարդկանցից մեկն էլ անկեղծանալով նկատել է, որ սիրով կփակեր կուտակած պարտքերն ու վերցրած վարկերը և երեխաներին կտաներ զվարճանքի կենտրոններ: Ստացված պատասխանների մեջ եղել են նաև լվացքի մեքենա, տպագրիչ սարք ձեռք բերել ցանկացողներ: Երիտասարդներից մի քանիսն էլ նշել են, որ հաճույքով կգնեին գրքեր և  ամանորյա արձակուրդի ժամանակ կտրվեին ընթերցանությանը:

 

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register