ԹՈՂ ՄԻՇՏ ՊԱՆԾԱ ՀԱՅԱՍՏԱՆ

gerb

Ես  ունեմ  փոքրիկ խորհրդանիշ, որի իմաստն ու նշանակությունը ինձ են հասկանալի, սակայն  միայն  իմը լինելուց  իր նշանակությունը բոլորովին  չի նվազում: Երևի թե ամեն մարդու  համար է այդպես. դա կարող է լինել մասունքի պես  թանկ լուսանկար, տող,  զարդ կամ գիրք, կամ  էլ՝ պարզապես հիշողություն: Սակայն կան խորհրդանիշեր, որոնք անխտիր  բոլորինս  են մի պայմանով, եթե հայ են, եթե Հայաստանի Հանրապետության   քաղաքացի են կամ ապրում են մեր  երկրում: Աշխարհում մոտ տասը միլիոն հայի սրտի զարկերին, անգամ նոր ծնված մանկան, խառնված է «Մեր հայրենիքը», ամեն հայի   սրտին  կյանքի գույներից  անգամ ենթագիտակցրեն սրտամոտ  է եռագույնը  և  բոլոր հայերի պատմական ու մերօրյա երազանքները խտացված են արծիվ ու առյուծով առաջնորդվող ոսկեգույն պատկերում: Ես անկախ Հայաստանում չեմ ծնվել, սակայն   հայրենիք  եմ վերադարձել  ուղիղ  երեք տարեկանում: Հետաքրքիր է, որ մանկական բոլոր հիշողություններս հենց այդ տարիքից են սկսվում, ու ըստ երևույթին՝ պատմական   հիշողոթյուն  ասվածն իմ գլխում  չի հանդուրժել  օտար «ֆայլեր»:

Ինձնից  ընդամենը  մի   քանի  տարի առաջ են ծնվել  անկախ Հայաստանն ինքն ու  մեր  պետական   խորհրդանիշերը:  Երևի  սա է պատճառը, որ «մենք միասին ենք մեծանում» ու ավելի շատ ենք կապված: Եվ երբ  մտածում եմ, որ  կարող էր այդպես չլինել ու ես էլ Սփյուռքի  մի մասնիկ  կարող  էի լինել, ավելի շատ եմ սկսում դողալ իմ բաժին հայրենիքի վրա, որ Արցախից Հայաստան է, ու՝ հակառակը:

Հայաստանի  հիշարժան  տարեթվերի  ցանկում   հունիսի  15-ը  մեր պետական խորհրդանիշերի օրն է. Եռագույնի, Զինանշանի ու Օրհներգի: Եթե օրը կա, երևի թե կարիքն էլ կա մի օր հատկապես առանձին սիրով հիշել մեր խորհրդանիշերը,  հիշել ու ամրագրել ևս մեկ անգամ՝ ամբողջ կյանքի համար: Մենք   երիտասարդ  պետություն  ենք  համարվում՝ մեր ալեհեր պետությամբ  հանդերձ: Բայց   պետականության  պակասն իսկապես  լրացնելու  կարիք  ունենք  նույն  խորհրդանիշերի   մասով: Առերևույթ, էական չթվացող:

Երևանցիների  ու երկրի  հյուրիերի  սիրած վայրերից   մեկը «Վերնիսաժն»  է, որտեղ  ամենագեղեցիկ   լուծումներով պետական   խորհրդանիշերն  են վաճառվում հիմնականում՝  եկող-գնացողի համար: Մեր եռագույնը,   զինանշանը, անգամ   օրհներգը ՝ հուշանվերի տեսքով, զբոսաշրջիկների հետ գնում-հասնում են աշխարհի ամեն մի անկյուն, որտեղ հայ կա: Ու  այդ հեռուներում  իսկապես   հայկական  մասունք-մասնիկները ջերմացնում  են  հայերեն  խոսող  կամ  չխոսող,   հայերեն  մտածող  կամ չմտածող  հայի  սիրտը: Մենք տանն ենք ու երևի  դրա  համար   հաճախ կարիք  չենք  ունենում, որ մեր աչքն ու  ականջը շոյեն մեր   պետական խորհրդանիշերը:

 Բոլորիս   տանը  չէ, օրինակ, որ եռագույն կա, թեկուզ փոքրիկ, բայց   արժե ունենալ: Նկատել եք, թե ամերիկացին ինչ հպարտությամբ է իր պատշգամբից   ծածանում  իր  երկրի  դրոշը, կամ ուրիշները: Վստահ եմ, մենք դրա իրավունքն   ու   պարտքն ավելի շատ ունենք: Քաղաքում հատուկենտ շենքերում կարելի է տեսնել դա, եթե տոն չէ ու քաղաքային իշխանությունը, մայրաքաղաքը զարդարելիս  նաև շենքերին է եռագույն հատկացրել: Բայց հաստատ արժե, թեկուզ միայն նրա  համար, որ մեզ   շրջապատող  իրերն  ու  մեր մտքերը էնեգետիկա ունեն  ու լավ  կլինի, որ  մեր խորհրդանիշերի արևն ամեն  օր տաքացնի մեր աչքն ու սիրտը:

Խոսեցի էներգետիկայի   մասին  ու  չեմ կարող  շրջանցել մեր օրհներգը: Ես այն մեծ դժվարությամբ անգիր արեցի, խոստովանում եմ, քանի որ ամեն անգամ դրանք հնչեցնելուց ենթագիտացությունիցս դուրս են  լողում  բնագրի   տողերը…  Ես չեմ  ուզում, որ «Մեր  հայրենիք, ազատ անկախի» տակ իրականում լինի «թշվառ –անտերը»: Երևի թե շատերը չեն ուզում, ովքեր գիտեն իտալացի աղջկա երգի մասին: Ես նախանձով եմ նայում ֆուտբոլի կամ   մարզական այլ միջոցառումների ժամանակ իրենց ազգային   օրհներգերը  ծայրից  ծայր   հպարտ  երգող  թիմերով: Մերոնք լռում են, անգամ փայլուն հաղթանակների դեպքում հաճախ լռում են, որովհետև բառերը չգիտեն, լռում են, որովհետև ենթագիտակցորեն, անգամ չիմացած բառերն իրենց սրտով չեն: Ես հասկանում  եմ, որ մեզ հետ  մեծացող   խորհրդանիշերն  էլ են ճանապարհ անցնում, բայց մի օր պիտի տեղ հասնենք,   կայուն, հաստատուն, անսակարկելի: Անկախություն հռչակելուց հետո Հայաստանը նոր խորհրդանիշեր ստեղծելու կարիք չուներ. կար պատմություն ու բաց վերքի պես՝ Առաջին հանրապետության անավարտ  էջը: Մեր պետական երեք խորհրդանիշերն   եկան   այդտեղից: Եվ եթե եռագույնն  ու  զինանշանն անխոս քննություն բռնեցին,ապա   օրհներգը  դեռ սպասում է  իր կատարելության օրհնյալ ժամին:Տարիներ  առաջ փորձեր   եղան  նորը ստեղծելու: Դրանց  մեջ անգամ ռուսներին  նմանակելու, բարեբախտաբար,   անհաջող փորձն էր. վերականգնել  Խորհրդային Հայաստանի հիմնը՝ վերախմբագրված: Իսկ  ես կարծում եմ, որ անկախ Հայաստանի օրհներգը պիտի գրվիՀայաստանում, պիտի գրվի օրհնված մտքով ու սրտով: Հուսով եմ, որ ոչ հեռու ապագայում  գեղեցիկ փոփոխություններ կլինեն:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register