ՀԱՅԵՐԻ «ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊ» ԶԵՆՔԸ

ari

Աշխարհակարգերի,   պետությունների,   նաև՝   մարդկանց   անձնական   փորձը   ցույց է տալիս, որ հաջողության լավագույն ճանապարհը կազմակերպվածությունն է: Բայց արի ու  տես, որ հայերին  դրանում համոզելն  այնքան  էլ հեշտ   չէ,   որովհետև երբեմն թվում է, թե համակարգված աշխատանքը հայերի թիվ մեկ թշնամին է: Իմ լավ ընկեր, տաղանդավոր թարգմանիչ Արտաշես Էմինի հետ շատ ենք զրուցել այս մասին`փորձելով հասկանալ, թե ինչու է այդպես:

Մի անգամ հարցրի. «Ինչո՞ւ է հայերի հետ  այսքան դժվար   թիմային   աշխատանք  տանելը»: Նրա դիտարկմամբ՝   լավ կազմակերպված  թշնամիների  դեմ  հայ ազգի  գոյատևման  միակ եղանակը  անկանխատեսելի լինելն  է:  Անկանխատեսելի  լինելու  համար հայերը նախընտրել են գործել միայնակ,  կամ էլ շատ փոքր, վստահելի խմբի շրջանակերում:

Անգամ պատմությունն է փաստում այդ մասին: Ժամանակ առ ժամանակ հայոց հողերին կարողացել են տիրանալ ավելի կազմակերպված ու ավելի ենթարկվող ազգերը: Եվ  ժամանակի  ընթացքում  անկանխատեսելիությունը  որպես  միակ հաղթաթուղթ ուենալով՝ հայերի մեջ արմատավորվել է կազմակերպվածության դեմ որոշակի ընդվզման ոգի: Հիմա էլ, երբ որևէ աշխատանք ենք սկսում, գերադասում ենք այն փոքր խմբերով կատարել, որովհետև եթե թիմը մեծ լինի՝ «ստիպված ենք կարգապահ լինելու» :  Տպավորությունն  այնպիսին  է, ասես հայերով  դեմ ենք  ցանկացած  կազմակերպված դրսևորման՝ պետականությանը, Սահմանադրությանը… Ովքեր էլ լինեն կառավարության ղեկին, ու  ինչքան էլ ամեն  բան լավ  լինի, մեկ է, պայքար   ու   մերժում է լինելու: Որովհետև այնտեղ, որտեղ կա համախմբում, մեր գենետիկ կանչը ստիպում է հակառակվել ու  ընդվզել: Իզուր չէ, որ հայերի   մասին ասում  են՝  զինվոր չունեն, բոլորը գեներալ են: Այս նկարագրությունն, իհարկե, լավ կողմեր էլ ունի,բայց վատ կողմերն էլ պետք է նկատի ունենալ:Ու  երբ   դանակը   ոսկրին   է   հասնում,   շատ   արագ   համախմբվում   ենք   ու   համարժեք պատասխան տալիս: Ազգովի բռունցք ենք դառնում ու հաղթահարում միասնական ցավը:Բայց չենք կարողանում կազմակերպվածությունը դարձնել մշտական սովորություն ՝հաճելի բացառության փոխարեն: Չեմ ուզում, որ մեզ միայն ցավը համախմբի: Եթե անամպ օրերին էլ ստացվի համատեղ աշխատել, ապա ավելի քիչ օրեր կունենանք ցավելու  համար:

Ու   կազմակերպվածության  դեմ  հայկական  պայքարն, ըստ իս, ունի   երկու ռազմավարություն: Առաջինը՝ լինել անկանխատեսելի, և երկրորդը՝ գործել փոքր, «փորձարկված» խմբերով, որը պայմանավորված է  կողքինների  հանդեպ  վստահության պակասով: Խորհրդային շրջանում մեծացած մարդկանց այս ամենը բացատրելը բարդ է, որովհետև նրանց մտածելակերպն այլ է: Եթե ամեն մեկը իր գործը լավագույնս անի, միևնույն է, հասնելու ենք մեր ընդհանուր երազանքին: Տեսակով մենք, այնուամենայնիվ, զինվոր ենք, ու լավագույն զենքերից մեկը նաև պարտաճանաչությունն է: Շատ եմ ուզում, որ այն հաճախ կիրառենք ու մեր երազանքներին ավելի կազմակերպված ու թիմային հասնենք: Մեր հույսը մնում է այսօրվա սերունդը,որը գիտի թիմի  ու թիմային  աշխատանքի,  հանդուժողականության  ու միասնաբար բարձրունքներ նվաճելու մասին: Հաջողությունը   համախմբվածության արդյունք է, հատկապես երբ բոլորիս  կապում է միևնույն նպատակը…

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register