Recent Articles նոր
  • 07:43
  • 08:02
  • 13:29
  • 09:45
  • 12:55
  • 08:31
  • 13:34
  • 07:34

11

Շատերդ նկատած կլինեք, որ փոխված իրավիճակից հետո՝ ցանկացած «աշխատանքային» քննադատության կամ տարակարծության ի պատասխան միշտ գտնվում է մեկը, որը համեմատական է անցկացնում նախկին կառավարության հետ։ Օրինակ, եթե գրենք, թե նորանշանակ այսինչ-այսինչը բաժակով ջուր չի բաժանում հարևաններին, բայց դա իր աշխատանքի մի մասն է ու  պարտավոր է հարցին ուշադիր լինել, միշտ կհայտնվի մեկը, որը կասի՝ իսկ լա՞վ էր, որ նախկին կառավարությունը գողանում էր բաժակները։

Եկեք  վերջնական հասկանանք․ հեղափոխությունն արվել է, որ լա՞վ լինի, թե՞ որ նախկիններից լավ լինի։ Եթե ընտրում եք տարբերակ երկուսը, ապա ճիշտ չեք հասկացել՝ ինչու հեղափոխություն եղավ, ու ինչ սպասելիքներ կան։ Իսկ եթե տեքստը մոռացած մտածում եք, թե այդ որ ոլորտի նախարարն է պարտավոր հարևաններին բաժակով ջուր հյուրասիրել՝ վիճակը հուսադրող չէ՝ դուք նաև հումորի զգացում չունեք։

Կատակը մի կողմ, որոշ նախկին պաշտոնյաներ իրենց գործունեությունը ծավալելիս երբեմն այնքան վատ են աշխատել, որ նրանց ֆոնին ուղղակի չվնասելը արդեն իսկ դրական արձագանք կբերի։ Ճիշտ կարդացիք՝ ոչինչ չանելը, ուղղակի «դադարել» վնասելը, կանգնեցնել հին մեխանիզմներն ու էդպես թողնել։ Հանրության մեծամասնությունը դրական է տրամադրված,  և միայն  հնին չկրկնօրինակելն արդեն իսկ մեծ առաջընթաց կհամարի։ Բայց արի ու տես, որ երկու-երեք տարի անց էականորեն ոչինչ չի փոխվի, և կգա մի պահ, երբ բոլորը կհասկանան՝ այո, հեղափոխություն եղավ, բայց «հեղափոխական առաջընթաց» չեղավ, ո՞ւր է։

Չկա։ Ավելի ճիշտ՝ չի լինի, քանի դեռ  դրական տեղաշարժերը համեմատում ենք նախկինների աչքերով ու փորձով։ Սա նշանակում է ոչ թե մոռանալ հին սխալները, այլ իրավիճակը դիտարկել դրանցից անդին՝ համարելով, որ նորերը պետք է էլ ավելին անեն՝ քան միայն սխալների ուղղումն է։ Իսկ նորերը պատրաստ են դրան, և ուզում են անել, ինչո՞ւ ենք արհեստականորեն «խոչընդոտում»։

Նախկինների մի մասն անգրագետ էր, չէր տիրապետում ոլորտին։ Մի մասը թալանում էր, կաշառում էր, վախեցնում էր, կեղծում էր․․․սա՞ է համեմատության  եզրը։ Իհարկե, այս որակներն ունեցողների ֆոնին ազնիվ պաշտոնյաներ ունենալը մեծ առավելություն է, բայց սա բավարար չէ՝ ամուր ու զարգացող պետություն ունենալու համար։ Կարևոր պայման է, ամենակարևոր պայմանն է, բայց միակ պայմանը չէ։ Մի՞թե նորերին անընդհատ հների հետ համեմատության մեջ դնելով թույլ կտանք, որ նորերն իրենց հնարավոր ամբողջ ուժն օգտագործեն։ Հակառակը, նման կերպ կարելի է փչացնել անգամ ամենանվիրված աշխատողին, որովհետև իրականության հետ կապը կկորի, ու նորանշանակ նախարարներին ու մնացածներին կթվա, թե՝ իրոք, հների սխալներն ուղղելն արդեն իսկ հերիք է, պետք չէ ավելին անել, շուտով դրական արդյունք կլինի։
Բայց չի լինի։ Հեղափոխությունները չեն գալիս համեմատելու համար, դրանք գալիս են՝ իրենց հետ սպիտակ էջ բերելով։ Ու ստացվում է, որ այդ սպիտակ էջերը անընդհատ թանաքոտվում են, քանի որ համեմատությունը «մեր ու մեր» միջև անելու տեղակ անընդհատ անում ենք «մեր ու իրենց» միջև։

Սխալներ լինելու են, քննադատություն լինելու է։ Եվ որքան ավելի որակյալ լինի քննադատությունը, ավելի պրոֆեսիոնալ և փաստացի, այնքան ավելի մեծ է հնարավորությունը, որ նոր կառավարությունը կհաջողի։ Հենց դրա համար պետք չէ ամեն բացասական դիտարկման ու տարակարծության դեպքում վրա բերել, թե՝ ինչո՞ւ, նախկինում լա՞վ էր, քեզ դո՞ւր էր գալիս ինչ էին անում։
Իհարկե դուր չէր գալիս, իհարկե լավ չէր։ Ու հենց դրա համար էլ նորերը պիտի անեն էլ ավելին, ու էլ ավելի լավ։

Թույլ տվեք մարդկանց մատնանշել հարևաններին բաժակով ջուր հյուրասիրելու մասին՝ եթե նոր պաշտոնյան մոռացել է։ Մոռացածը կոծկելով ու գողացած բաժակների երգը՝ արդեն հարյուրերորդ անգամ երգելով ոչ մի դրական փոփոխություն չեք բերի։ Իսկ այ ջուր հյուրասիրելու գործառույթը հիշեցնելով ու հետևողական լինելով՝ միայն կօգնեք։

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register