ՖՈւՏԲՈԼ. ԱՄԱՌՎԱ ՏՈՓ-10 ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐԸ

Ամառային տրանսֆերային պատուհանից ներս մղվող օդն այս տարի այնքան էլ բարձր ջերմաստիճան չուներ, որքան անցած տարի: Տրանսֆերային ռեկորդներ, խելացնոր գործարքները մի փոքր քչացել էին, սակայն եվրոպական ֆուտբոլում ընդհանուր տենդենցը՝ չափազանց մեծ գումարների շրջապտույտը շարունակվում է:
Այս ամռանը վերջապես շրջանցվեց լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի տրանսֆերային արժեքի ռեկորդը: Ջիջին 17 տարի շարունակ հանդիսանում էր ամենամեծ տրանսֆերային արժեք (միանվագ վճարված) ունեցող դարպասապահը: Հեռավոր 2001 թվականին «Յուվենտուսը» Բուֆոնի համար «Պարմային» վճարել էր 52 միլիոն եվրո: Ամռանը դարպասապահի տրանսֆերային ռեկորդը գրանցվեց երկու անգամ. նախ «Լիվերպուլը» «Ռոմայի» բրազիլացի դարպասապահ Ալիսոնի համար վճարեց 62,5 միլիոն եվրո, իսկ օգոստոսի երկրորդ կեսին «Չելսին» վճարեց «Ատլետիկի» դարպասապահի հրաժարագինը՝ 80 միլիոն եվրո:
Իհարկե, տրանսֆերային պատուհանի զարդը աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունն էր՝ «Ռեալից»՝ «Յուվենտուս»: 117 միլիոն եվրո 33-ամյա խաղացողի համար աննախադեպ է:
Ստորև ներկայացնում ենք անցած ամառվա ամենաթանկարժեք 10 տրանսֆերները: (Իհարկե, Մբապեի տեղափոխությունը(վարձակալությամբ) «Մոնակոյից»՝ ՊՍԺ, կայացել էր դեռևս անցած տարի, սակայն վերջնական գործարքը հաստատվեց միայն այս ամառ).
- Կիլիան Մբապե – «Մոնակոյից»՝ ՊՍԺ, 135 միլիոն եվրո
- Կրիշտիանու Ռոնալդու – «Ռեալից»՝ «Յուվենտուս», 117 միլիոն եվրո
- Կեպա Արիսաբալագա – «Ատլետիկից»՝ «Չելսի», 80 միլիոն եվրո
- Թոմա Լեմար – «Մոնակոյից»՝ «Ատլետիկո», 70 միլիոն եվրո
- Ռիյադ Մարեզ – «Լեսթերից»՝ «Մանչեսթեր Սիթի», 67.8 միլիոն եվրո
- Ալիսոն – «Ռոմայից»՝ «Լիվերպուլ», 62.5 միլիոն եվրո
- Նաբի Կեյտա – «Լայպցիգից»՝ «Լիվերպուլ», 60 միլիոն եվրո
- Ֆրեդ – «Շախտյորից»՝ «Մանչեսթեր Յունայթեդ», 59 միլիոն եվրո
- Ժորժինյո – «Նապոլիից»՝ «Չելսի», 57 միլիոն եվրո
- Ֆաբինյո – «Մոնակոյից»՝ «Լիվերպուլ», 45 միլիոն եվրո:
Գարեգին Ալեքսանյան