ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՈւԿԱՅԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈւԹՅՈւՆՆԵՐԸ

44

Աշխատանքի շուկայի մասին պաշտոնական հրապարակումներն  առաջին հայացքից մտահոգությունների տեղիք  չտվող փաստեր են վեր հանում: Ազգային վիճակագրական ծառայության  կողմից անցկացված ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ հարցվածների մոտ 19%-ը պատրաստ է եղել հենց  հարցման  պահին մեկնել արտերկիր: Արտագաղթի «պատրաստների» շրջանում գերակշռողը քաղաքաբնակ տղամարդիկ են եղել:

Այո, արդյունքներն, ինչ խոսք, ոգեշնչող չեն: Հայաստանի աշխատանքային շուկան, ասես միջազգային սկզբունքներից ու միտումներից  էականորեն  տարբեր հարթակում  զարգանալիս լինի: Զորօրինակ. եթե աշխարհում վերջին տարիներին կնոջ դերի կարևորման միտում է նկատվում, ապա հայաստանյան աշխատանքային շուկայում, «ժրաջան մեղուները» տղամարդիկ են՝ անկախ  տարիքից, ստացած կրթությունից   ու ընտանեկան վիճակից: Գնաճը խաթարում է անվանական աշխատավարձի թռիչքաձև աճը, ինչի արդյունքում փաստացի եկամտի դրական փոփոխությունը գրեթե աննկատ է մնում:  «Բարձրաթռիչ անվանական աշխատավարձ»  ունենալու  ձգտումը այս պարագայում շարունակում է երազանք մնալ:

Ազգային  վիճակագրական ծառայության վերջին տվյալները հուշում են, որ հայաստանաբնակների գերակշիռ մասը  ճիշտ կանեն իրենց բախտը որոնեն ֆինանսական ոլորտում: Ամենաբարձր աշխատավարձերը գրանցվել են հենց  ֆինանսական  ու ապահովագրական  ոլորտներում:  Սակայն մինչ այս կամ այն ոլորտ «ցատկելը»  անհրաժեշտ է մի լավ մտածել և որոշ նրբություններ հաշվի  առնել:  Օրինակ, հարկ է նկատիառնել, որ Հայաստանում նույն ոլորտում աշխատող տղամարդիկ ավելի բարձր են վարձատրվում, քան կանայք:

Դուք դեռ չե՞ք կորցրել  աշխատելու  էնտուզիազմը: Եթե ձեր պլաննների մեջ չի մտնում վաղ տարիքում թոշակի գնալը և  դուք ձեր մեջ ղեկավարի ջիղ եք նկատում, ապա կարող եք   «թիրախավորել» հանքարդյունաբերության  ոլորտը: Այստեղ դիտվել է ղեկավար անձնակազմի շրջանում  միջին անվանական աշխատավարձի ամենաբարձր մակարդակը (1074 073 դրամ): Կարծում եք ինստիտուտցիոնալ ոչ պետական հատվածում ավելի շա՞տ կվաստակեք: Դիտարկումները  վկայում են, որ   այս տեսանկյունը  վիճարկելի է: Առավել հավանական է, որ հաջողությունը Ձեզ կուղեկցի խոշոր ու միջին  կազմակերպություններում, իսկ  փոքր և գերփոքր   կազմակերպություններից   լուրջ   ակնկալիքներ  ունենալն՝ ուղղակի անհույս է: Վերոբերյալների համեմատ՝ պետական   հատվածի աշխատավարձերն ավելի գերադասելի են:

Մի փոքրիկ անդրադարձ՝ պետության «ուշադրության կենտրոնում» գտնվող գործազուրկներին, որոնց 30%-ն, ի դեպ, բարձրագույն կրթություն ունի: Պարզվում է, որ  հայերի 80%-ն աշխատանքից ազատվում է սեփական ցանկությամբ: Այս փաստը մտածելու տեղիք է տալիս: Մի՞թե մենք՝ քարից հաց  քամող հայերս  այդքան ծույլ ենք:   Միգուցե  սխալ թղթեր ստորագրելուց  է այդպես  ստացվել…   Կամ ասենք  ընդունելի  աշխատանքային պայմանների բացակայությունն ու աշխատավարձի չափն է  նմանօրինակ «ինքնազոհողության» պատճառը:

Գործազուրկների  մասին   խոսելիս կարևոր  է նշել, որ  թեպետ Հայաստանի  «մեղուները»  տղամարդիկ են, կանայք ավելի համառ են աշխատանք փնտրելիս: Պարզվում է նաև, որ աշխատանք փնտրելիս էլ մենք  չենք դավաճանում մեր «լավագույն» ազգային ավանդույթներին: Հայերի մոտ  40%-ը դիմում  է «ծանոթ-բարեկամների» օգնությանը:

Ամփոփելով  ներկայացնենք ևս մեկ  կարևոր  ցուցանիշ. հայ գործազուրկների  մի ստվար  հատված (30%-ից ավելին) ունի  բարձրագույն կրթություն:  Ստորև ներկայացնենք նաև ամենաբարձր   աշխատավարձերի հնգյակը (միջին   աշխատավարձի ցուցանիշները  ներկայացված են ըստ  2015 թվականի տվյալների)՝

  1. Ֆինանսական և  ապահովագրական   գործունեություն –  391  478դրամ,
  2. Հանքագործական արդյունաբերություն – 360 975 դրամ,
  3. Տեղեկատվություն և կապ – 329 533 դրամ,
  4. Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ  օդի մատակարարման ոլորտի աշխատակիցներ – 225 888 դրամ,
  5. Պետական կառավարում , պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովագրություն – 217 485 դրամ:

 

Մելինե Աբրահամյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register