ՆԿԱՐՆԵՐ ՀՈԳԵԲՈւԺԱՐԱՆԻՑ

5

Կանաչ, ճոճվող աստիճաններով բարձրանում ենք վեր: Ամեն երերալուն պես՝ փորձում եմ գնահատել աստիճանների փլվելու վտանգն ու ըմբոշխնել ողջ մնալու բերկրանքը: Պատերին գրառումներ են՝ «Մեկ է՝ բաժանվելու են», սև գդալներ են, հատակին՝ հնամաշ իրեր, չհաջողված արձաններ ու ստացված արձանների մնացորդներ:

-Գա՛ր, ներքևի երիտասարդները լավ բան չեն մտածի մեր մասին, գիտե՞ս,- կատակով փորձում եմ ցրել ներքին անհանգստությունս:

Միջանցքներում արված գրառումները քանի գնում ուշագրավ են դառնում՝ «Դրսի դուռ», «Ներսի դուռ»…

– Ներսի-դրսի դու՞ռը որն է:

Այնտեղ, ուր սկսվում է լույսը ու դեռ զգացնել տալիս մութը, հանդիպում ենք ես ու Արման Օհանյանը: Կողպված դուռը ձեռքի մի շարժումով բացվում է ու մենք հայտվում ենք Պուշկին փողոցի մոռացված, կիսաքանդ պատերի ներսում ապրող ուրիշ աշխարհում:

– Էստեղ բոլորն արվեստանոցներ են, սա էլ իմն է, համեցեք,- ասում է Արմանն ու բացում դրսի դուռը:

1

Սենյակում անավարտ նկարներ են, ու իրենց ավարտուն տեսքից հիացած կտավներ, պահարաններին հին գրքեր են, պատերին անցյալի՝ խումարով ուղեկցված օրերը հիշեցնող գինու դատարկ շշեր:

– Վաղու՞ց եք էստեղ:

– Արդեն 2 տարի է…« Ռեմոնտ» պետք է անենք, սիրունացնենք, հիմա շատ է թափթփված:

– Ձմռանը ցուրտ չի՞:

– Փեջ ենք վառում:

– Փայտի՞:

– Հա՛:

– Կարող ենք գալ պլեճ ուտել, էլի…

-Հա, էդ միշտ կա:

Հետո լռում ենք: Սենյակի պատվավոր անկյունում երկու կտավ է կախված:

2

– Ի՞նչ նկարներ են:

-Հոգեբուժարանից են:

– Այսի՞նքն:

– «Հոգեբուժարան» շարքից:

-Հա՜ա՜ա՛: Հաճա՞խ ես լինում հոգեբուժարանում:

-Հա՛, բավականին… Էդ լրիվ ուրիշ աշխարհ է:

3

-Հա՞:

-Հա: Մարդիկ կան՝ մտածում են էնտեղ վտանգավոր է: Բայց չէ: Իրականում էդպես չի:

– Անուններ ունե՞ն նկարներդ:

– Չէ: Անուններ չեմ տալիս: Անունով ոնց որ ամեն ինչ սահմանափակես: Ուղղակի ասում եմ, որ «Հոգեբուժարան» շարքից են: Վերջացնելուց հետո ուզում եմ ցուցահանդես անել… Եթե ստացվի:

4

– Որ ուզում ես, անպայման կստացվի: Ի՞նչ աթոռներ են նկարներում:

– Աթոռներ չեն, մարդիկ են… Աթոռի վրա գժվել եմ հիմա: Ուզում եմ գնամ հոգեբուժարան, աթոռը ռենտգեն անեմ… Որ մարդուն ռենտգեն են անում, ոսկորները երևում են, չէ՞: Ուզում եմ տեսնեմ՝ աթոռի ոսկորն ինչ ձևի է:

– Բա ինչի՞ հենց հոգեբուժարան: Ավելի լավ տեղ չկա՞ր:

– Այ, էդ իմ ամենասիրելի հարցն է: Որ 10 տարեկան էի, մի վավերագրական ֆիլմ նայեցի Վարդենիսի հոգեբուժարանի մասին… Կարայի, չէ՞, ուրիշ ֆիլմ նայեի: Բայց ինձ հենց էդ էր դուր գալիս: Էն ժամանակ բան չէի հասկանում, չգիտեի՝ ինչ եմ նայում, բայց շատ էի տարվել… Տարիներ հետո, որ ավարտում էի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, որոշեցի, որ դիպլոմային աշխատանքս պետք ա էս թեմայով լինի… «Հոգեբուժարանիս» առաջին նկարն էդ ժամանակ ծնվեց…

6

Հ.Գ. Արման Օհանյանն ավարտել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի գեղանկարչություն բաժինը: Այժմ սովորում է մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժնում:

 

Տաթևիկ Սարգսյան

Լուսանկարները՝ Գարեգին Ալեքսանյանի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register