ՄՈւԳ ՈՒ ԲԱՑ ԿԱՆԱՉԱՎՈւՆ ՏՈՆԸ

2

 Հայկական տոնական օրացույցում կա մի օր, որն առանձնահատուկ սեր է վայելում շատերի կողմից: Հունվարի 28-ն է՝ հայկական բանակի օրը: Տպավորությունն այնպիսին է,ասես ապրիլյան պատերազմից հետո օրը ավելի սիրելի ու կարևոր դարձած լինի։ Բնական է, որ պատերազմող երկրում բանակին նվիրված օրը պետք է հատուկ սիրելի լինի, բայց դրանում նաև փոքր-ինչ տխրություն կա, քանի որ ստիպված էինք պատերազմի «շնորհիվ»«վերաիմաստավորել» այդ սերը ։ Հաճելի կլիներ, եթե օրն ուղղակի սիմվոլիկ լիներ, ու բանակում ծառայելը ևս լիներ խաղաղ մի ընթացք, որի ժամանակ սովորած հմտությունները այդպես էլ տղաներին պետք չէին գա՝ բանակից դուրս։ Բայց արի ու տես, որ քաղաքականությունն այլ ներկա է գծագրել մեզ համար, մնում է հուսալ, որ ապագայում ինչ-որ մի օր, իսկապես, հայկական բանակի օրը կմնա նույնքան սիրելի ու կարևոր տոն, բայց արդեն՝ ավելի «տեսական» մակարդակում։

Իսկ ամեն ինչ սկսվեց այսպես․ 1991 թ., Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից, ՀՀ նախագահի հրամանով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992 թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին:

Փաստերը շատ հեշտ են ընթերցվում, մի քանի տող է։ Բայց պատմությունն ու բանակի ստեղծումը մեզ այսքան հեշտ չի տրվել։ Եվ գուցե դրա համար է նաև, որ այսօր  բանակը վեր ենք դասում շատ ու շատ այլ «ոլորտներից», և անգամ փորձում ենք «ազգ-բանակ» կոնցեպտ ստանալ։ Վերոնշյալ նախագիծն, իհարկե, ոչ մի լավ բան չի հուշում, պատերազմող երկրի լոզունգ է, կարծես նաև գուժում է, որ բանակը մեզ համար միշտ էլ  առաջնային է լինելու՝ ինչպես պատերազմական իրավիճակներում, ու «ազգ-բանակը» ձգվելու է դեպի հարատևություն։ Հենց դրա համար էլ շատերը չեն ընդունում տվյալ նախագիծը՝ համարելով այն ծայրահեղական, և սրա մեջ ճշմարտության հատիկ կա։ Առաջին հայացքից  գուցե չափից դուրս շատ ենք ֆիքսված  ՀՀ  ԶՈՒ-ի վրա, բայց այլ տարբերակ ուղղակի չունենք։

Հաճախ մոռանում ենք, որ թշնամին մեջքի ետևում է կանգնած, մի փոքր սխալ ու թուլություն՝ վերջ, գիշատիչ բորենիների պես  հարձակվելու ու քրքրելու են մեր բռաչափ հայրենիքը։ Եվ եթե դուք հիմա ավտոբուսում, մետրոյի կայարանում անշտապ կարդում եք այս թերթը, որի համար ես մի քանի օր առաջ եմ գրել այս հոդվածը, և մենք բոլորս հանգիստ ու խաղաղ ենք՝ նույն այդ բանակի «ձեռքի գործն է»։ Բնական է, երբ  «հարաբերական խաղաղությունը» բնական վիճակ է, մոռանում ենք՝ որտեղից է այն գալիս ու ում շնորհիվ է այն պահպանվում։ Ու այս տոնը հավանաբար նախ հենց այդ կարևոր նշանակությունն ունի՝ հիշեցնելու, որ քանի դեռ մենք վայելում ենք մեր խաղաղությունը, զինվորները սահմանին են՝ սարերի ձյան մեջ, կրակոցների ձայների տակ։ Տոնն իսկապես կարևոր ու սիրելի է։ Ու գուցե գա մի օր, երբ օրվա տրամադրությունը միայն տոնական լինի, այլ ոչ  թե մտովի հիշենք, թե մինչև հունվարի քսանութն արդեն քանի զոհ ենք ունեցել։ Մնում է շնորհավորել մեր սիրելի զինվորներին ու շնորհակալություն հայտնել՝ էլի ու էլի։

Սյունե Սևադա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register