ՄԻ’ ՍՊԱՆԵՔ ՄԵՐ ԱՊԱԳԱ ՄԱՅՐԵՐԻՆ

dd

Վերջին տարիներին արված հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում առկա է հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման երևույթը: Հղիության արհեստական ընդհատումների թվով Հայաստանը աշխարհում երրորդն է: Միջազգային ուսումնասիրությունները փաստում են, որ հղիության արհեստական ընդհատումներն ամենից շատ կատարվում են Չինաստանում, երկրորդ տեղում Ադրբեջանն է, իսկ մեր երկիրը երրորդն է:

Հայաստանում տարեկան 1400 աղջիկ չի ծնվում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով: Այսինքն, հայաստանյան ընտանիքների մի մասն աբորտի միջոցով թույլ չի տալիս աղջիկ երեխաներին ծնվել՝ նախընտրելով տղա երեխա ունենալ: Արդյունքում` վաղ 1990-ականներից ի վեր Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝2012 թ.-ին կազմելով 114 տղա՝ 100 աղջկա դիմաց: Մինչդեռ բնականոն է համարվում 102-ից 106 տղա`100 աղջկա դիմաց հարաբերակցությունը:

Այս թիվը նվազեցնելու համար Հայաստանում կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ եւ ծրագրեր: Հանրային իրազեկման միջոցառումներից մեկն էլ «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 29-ին կայացավ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում: Միջոցառումն ուղեկցվում էր տեսանյութերի ցուցադրմամբ, հատուկ հյուրերի ելույթներով, ինտերակտիվ խաղ-քննարկումներով: Միջոցառումը վարում էր «Ընտանիքի ակադեմիա»ՀԿ-ի նախագահ Մերի Ներսիսյանը:

«Նախաձեռնության թիրախային լսարան ենք ընտրել ապագա մայրիկներին: Մինչ թեման ուսումնասիրելը կարծում էի, որ հղիության արհեստական ընդհատման թվով մենք աշխարհում վերջին տեղերն ենք զբաղեցնում, սակայն ուսումնասիրություններն այլ բան են ցույց տալիս»,- նշեց Մերի Ներսիսյանը: Ըստ նրա՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում ցուցանիշն ավելի բարձր է, քան ամբողջ աշխարհում. «Սա կբերի նրան, որ տարիներ հետո մոտավորապես 93 000 կին Հայաստանում չի ծնվի»:

meri

Համանման խնդիր ունեցող այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ այս երևույթը կարող է ցավոտ հետևանքների հանգեցնել՝ ներառյալ հանցավորության աճը, տղամարդկանց մեծացող արտագաղթը, կանանց առևանգումը:

Հայաստանում առկա են հղիության սեռով պայմանավորված ընդհատման բոլոր երեք նախապայմանները՝

Նախապայման 1. հայաստանյան հասարակությունը տղա երեխաներին գերադասում է աղջիկներից:

Նախապայման 3. զույգերը նախընտրում են քիչ երեխաներ ունենալ։

Նախապայման 2. երկրում առկա և հասանելի են համապատասխան տեխնոլոգիաներ, որոնք ապագա ծնողներին թույլ են տալիս նախապես իմանալ երեխայի սեռը և խուսափել անցանկալի աղջիկ երեխաներից:

 

Զարմանալի փաստեր․

Հայաստանում գոնե մեկ արու զավակ ունենալու ցանկությունն ավելի ուժեղ է, քան Հնդկաստանում ապագա օժիտի պատճառով աղջիկ չունենալու ցանկությունը:

Տղա ունենալու շարունակական փորձերն, ի վերջո, հանգեցրել են նրան, որ հայաստանյան ընտանիքների մեծամասնությունում տղաները տարիքով ավելի փոքր են, քան

աղջիկները:

Այն դեպքերում, երբ երեխայի ծնունդը գրանցում է հայրը, սեռերի հարաբերությունը կազմում է մոտ 117 տղա՝ 100 աղջկա հաշվով, իսկ երբ ծնունդը գրանցում է մայրը (ինչը, որպես կանոն, լինում է միայնակ մայրերի պարագայում), սեռերի հարաբերությունը գրեթե չի տարբերվում բնականոնից:

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

Եթե հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների երևույթը շարունակվի, ըստ կանխատեսում­ների, մինչև 2060 թ.-ը Հայաստանը կկորցնի գրեթե 93.000 կին կամ ապագա մայր: Տարեկան չծնված նորածին աղջիկների թիվը մինչև 2060 թ. կհասնի 2000-ի: Նորածինների սեռերի անհամամասնությունը բացասական ազդեցություն կունենա ընտանիք կազմելու հնարավորության վրա և կարող է արտագաղթի հավելյալ պատճառ հանդիսանալ:

Արդյունքում, աղջիկներին տղաներով փոխարինելու պատճառով, Հայաստանի բնակչությունը մինչև 2060 թ. կնվազի հավելյալ 80.000 մարդով (սա ներկայում Հայաստանի 2 տարվա ծնունդների թիվն է): Հետազոտությունների համաձայն, դեպքերի ճնշող մեծամասնությունում (գրեթե 80%-ում) ամուսինները միասնաբար են որոշում, թե քանի տղա և քանի աղջիկ պետք է ունենան:

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀՂԻՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՑԱՆԿԱԼԻ՝ ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ, ԱՂՋԻԿ ԵՔ ՍՊԱՍՈՒՄ, ԹԵ ՏՂԱ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register