«ՃԱՄՓՈՐԴ»՝ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ «ՍԵՐՄՆԱՑԱՆ»…

img_9088

Գիտելիքն ուժ է, բայց ցանկացած ուժ պետք է ուղղորդված լինի, հասկանալի՝  ինչի՞ համար է այն: Գիտելիքը ոչ միայն  մասնագետ դառնալու, այլև  ավելի լավ որոշումներ կայացնելու, հանրային քննարկումներում մասնակցություն ունենալու, ի վերջո՝ մեր անձն ու տեսակն ավելի ուժեղ դարձնելու, ապագային ավելի մեծ հույսով, լույսով,  ավելի վստահ նայելու համար է: Սակայն ի՞նչ կարող ենք ասել այսօր անպետք  տեղեկատվության, էմոցիոնալ ու տեքստային աղբի մասին, որն ապրում է մեր շուրջբոլորը: Սրանք փոքր ու անկարևոր թեմաներ են թվում՝ մինչ այն պահը, երբ ագրեսիայի, դեպրեսիայի ու հուսալքության աղբյուր են դառնում:

«Ճամփորդը» ցանկանում է պետքական գիտելիքի փարոսը դառնալ՝ որքանով որ  հնարավոր է: Հենց դրա համար է մեր ամբողջ թիմը փորձում համատարած անպետք տեղեկատվության միջից գտնել պետքականն ու դրականը: Մենք ուզում ենք մի փոքր ավելի լավը դարձնել ձեզ շրջապատող էներգետիկ դաշտը՝ մեր լուսավոր պատմությունների, հետաքրքիր հոդվածների, անկեղծ դիտարկումների օգնությամբ:

Գիտելիքի իմաստը մեր կյանքն ավելի լավը դարձնելուց զատ նաև ուրիշների կյանքի որակը  բարելավելն է: «Ճամփորդի» առաքելությունն է այս գործընթացի մի մասը դառնալ, գիտելիք տարածել որպես մի դրական վիրուս՝ մարդկանց վարակելով   պայծառ  ապագայի հույսով և  գիտելիքի ծարավով այնպես,  որ նրանք կարողանան այն իրենց բարօրության համար օգտագործել, որպեսզի ավելի տեղեկացված լինեն, սեփական որոշումներ և կարծիք ունենան, և ոչ թե իրենց ագրեսիան տարածեն սոցցանցերով ու կայքերով:

Գիտակցում ենք, որ բարդ ճանապարհ ենք ընտրել, գիտակցում ենք, որ հեշտ չի լինելու, սա ժամանակատար ու ռեսուրսներ պահանջող ընթացք է: Հստակ նաև պատկերացնում ենք, որ  ընթացքում գուցե սխալներ գործենք, թերանանք, գուցե մի պահ հուսալքվենք կամ կարծենք, թե մեզ ոչինչ չի հաջողվի… Բայց կստացվի: Արդեն կես տարուց ավելի է՝  այս թերթը ստեղծում ենք ձեզ համար՝ կիսելով ու իրար խառնելով մեր գաղափարներն ու մտքերը: Եվ մեզ համար շատ կարևոր է նաև ձեր կարծիքը. հավանո՞ւմ եք մեզ, որտե՞ղ ենք թերացել, որտե՞ղ օգտակար եղել: Ձեր ձայնը լսելի է մեզ:

Այսօր աշխարհում ամենաշատ արտադրվող ու սպառվող ապրանքը տեղեկատվությունն է և համացանցը դարձել է այդ ահռելի առաջարկի ու պահանջարկի համաշխարհային հարթակը: Հարթակ, որ ամեն վայրկյան լուր ու գիտելիք տալուց զատ, նաև մեծածավալ աղբ է «մատակարարում»: Ու մարդկային գայթակղությունների զսպող գործոնն է մնում չափի ու չափավորության զգացումը, իրականը կեղծիքից զատելը: Դժվար է, բայց ոչ անհնար. գիտելիքի օգտակարությունը պետք է չափել տված արդյունքով, տարած ճանապարհով: Որտեղ կա գիտելիքով ուղղորդվող ջանք ու աշխատանք, այնտեղ կլինի արդյունք ու հաջողություն: Իսկ միանգամից ոսկե սարեր ու հովանավորներ փնտրողները կոտրած տաշտակի առաջ կհայտնվեն, որովհետև իրենց ճանապարհին հայտնված փշերը զգացնել կտան, որ բոբիկ են: Առանց գիտելիքի, առանց մասնագիտական հմտությունների քսանմեկերորդ դարում մարդը բոբիկ է, մերկ ու անոթի:

Ճանապարհ անցեք մեր «Ճամփորդի» հետ ու վստահ եղեք, որ ձեր կողքին ճշմարիտ ու կամեցող բարեկամ է, որի մշտական քարոզարշավի նյութը  մարդկային արժեքներն են ու մարդու անձնական աճը:

 

Սիրով՝ ձեր Արիանա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register