ՄԱՐԴԿԱՆՑ ՈՒ ՆՐԱՆՑ  ՄԵՏԱՂՅԱ  ՆՄԱՆԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

3

«Երևակայությունը՝ և ոչ թե խելքն է մեզ մարդ դարձնում»: Բրիտանացի գրող Թերի Փրաթչեթի խոսքերն են: Եվ հիմա, աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվան ընդառաջ հարց է ծագում. արդյո՞ք դա լավ է: Հիմա թերևս դժվար է պատկերացնելը, բայց մենք գիտենք ու համոզված ենք, որ ոչ այնքան հեռու ապագայում արհեստական բանականությունը կդառնա մեր կյանքի անբաժանելի ուղեկիցը, ռոբոտներն ու «գիտակից» տեխնիկան հիմնովին կփոխեն մեր կյանքը:

Իրավաբանները, խորհրդատուները ու անգամ ուսուցիչները մոտալուտ ապագայում կարող են փոխարինվել երկաթե սարքերով:
Ներկայումս  ամբողջ աշխարհում համակարգիչներն են փոխարինում ապահովագրական ընկերությունների աշխատակիցներին: Ըստ էության ու  վերջիվերջո՝ նրանք կփոխարինվեն ռոբոտներով: Վաճառողուհիները, գանձապահները, բենզալցակայանների աշխատակիցները, անգամ տաքսու վարորդները  փոխարինվողների ցուցակում են ( վերջերս հայտնի դարձավ, որ աշխարհի խոշորագույն  ընկերություններից մեկը՝ անվարորդ մեքենաների փորձարկման թույլտվություն է ստացել):

Օր-օրի հազարավոր աշխատողների գործառույթները ստանձնում են համակարգիչները, ալգորիթմերն ու տեխնիկական սարքավորումները: Սրա շնորհիվ կրճատվում են բիզնեսի ծախսերը, կյանքն ավելի է հեշտանում: Տնտեսագետներն ապացուցել են, որ արդյունաբերական հեղափոխությունից հետո ավտոմատացումը բարելավել է կենսապայմանները, և տեխնոլոգիաները կյանքն ավելի են դյուրինացրել: Սակայն ի՞նչ կասեք մարդկային գործոնի մասին: Ի՞նչ կասեք աշխատատեղերի մասին, որոնք մարդուն ավելի են պետք, քան անշունչ առարկաներին:

Այդքան հեռու թվացող, ֆանտաստիկայի ժանր հիշեցնող ապագան փողոցի անկյունում կանգնած արդեն աչքով է անում, ու իրեն  էլ երկար սպասեցնել չի տալու: Չենք էլ հասցնի աչք թարթել, երբ այն իրականություն կդառնա: Արդյունաբերական հեղափոխությունից և պատերազմական տարիներից հետո տեխնոլոգիաներն աստիճանաբար, բայց հաստատապես փոխարինում են մարդկանց գրեթե բոլոր ոլորտներում. մեխանիկա, կրթություն, արդյունաբերություն, բժշկություն, շինարարություն, դիզայն, վաճառք, կառավարում, ռազմական ոլորտ (և սրանք՝ ընդամենը մի քանի օրինակներ են):

Հետևությունը մեկն է: Գոյատևման միակ տարբերակը՝ մեր խելքը գործի դնելով մեր երևակայությունն օգտագործելն է: Մեզ մնում է ստեղծագործել և որոշումներ կայացնել այնտեղ, որտեղ մեքենաները և համակարգիչներն անզոր են: Այն փաստից և երջանիկ ճշմարտությունից, որ տեխնոլոգիաներն ավելի շատ աշխատատեղեր են ստեղծել, քան կրճատել, ամենևին էլ չի հետևում, որ աշխատողները պետք է ծուլանան ու չփորձեն ունենալ համապատասխան որակավորում և հմտություններ՝ տեխնոլոգիական նորարարությունները կիրառելու համար: Այստեղ անգամ տարիքի գործոնը կարևոր չէ: Միևնույնն է, երիտասարդ լինի, թե՝ տարեց, մարդ պարտավոր է պատրաստ լինել վերապարաստվելու և նոր հմտություններ ձեռք բերելուն: Մեր միտքը մշտապես բաց պետք է լինի, ու անընդհատ սովորելու գրավչությունն էլ երբեք չպիտի լքի մեզ:Քաջալերեք Ձեր ծնողներին, հորդորեք Ձեր երեխաներին և ընկերներին՝  անդադար սովորել: Նոր տեխնոլոգիաների հմտություններին տիրապետելով և մեր երևակայությամբ ստեղծագործելով միայն մենք կհաղթենք այս հակամարտության մեջ՝ տեխնիկական առաջընթացն օգտագործելով ոչ թե մեր դեմ, այլ՝ հօգուտ մեզ:

Փաստացի, մարդկային երևակայության և ստեղծագործ մտքի ուժն ի զորու է «սանձելու» տեխնոլոգիաները և դրանք օգտագործելու հանուն մեր բարօրության:

Բազմաթիվ աշխատանքներ կան, որ պահանջում են զգացմունքայնություն, ստեղծագործական մոտեցում և ամենակարևորը՝ երևակայություն: Ոչ մի տեխնոլոգիա չի կարող ստվեր նետել մարդկային երևակայության վրա: Էյնշտեյնն  այս թեմայի առնչությամբ երկու  շատ կարևոր բան է ասել. «Խելքի ճշմարիտ նշանը ոչ թե գիտելիքն է, այլ՝ երևակայությունը», և՝ «Տրամաբանությունը քեզ Ա կետից Բ կետ կհասցնի, սակայն երևակայությունը քեզ կուղեկցի ամենուր»:

Եկեք մտածենք սահմաններից դուրս…

Սիրով՝ ձեր Արիանա

 

 

 

 

Lost Password

Register