«ԲԱՎԱՐԻԱՅԻ» ՀԵԳԵՄՈՆԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

1

Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունում նոր ռեկորդ է գրանցվել: Հինգերորդ տարին անընդմեջ չեմպիոն է դարձել Մյունխենի «Բավարիան»: Բունդեսլիգայի հերթական մրցաշրջանի ավարտից դեռ երեք տուր առաջ է «Բավարիան» անհասանելի դարձել մրցակիցների համար: Չնայած այս հաջողությանը, «Բավարիայի» ղեկավարությունը և երկրպագուները ակումբի մրցելույթից այնքան էլ գոհ չեն: Հնարավոր երեք խոշոր մրցանակներից այս տարի թիմին բաժին է հասնում միայն չեմպիոնական տիտղոսը: Չեմպիոնների լիգայի մրցապայքարում «Բավարիային» դուրս թողեց Մադրիդի «Ռեալը», իսկ Գերմանիայի գավաթի խաղարկությունում՝ Դորտմունդի «Բորուսիան»: Ի դեպ, ներքին մրցաասպարեզում վերջին անգամ՝ 2011-12 թթ. մրցաշրջանում նույնպես «Բավարիայի» ճանապարհին կանգնել էր Յուրգեն Կլոպի գլխավորած «Բորուսիան»:

Չեմպիոնական տիտղոսը «Բավարիան» նվաճում է աշխարհահռչակ Կարլո Անչելոտիի գլխավորությամբ: Հենց իտալացի այս մասնագետն էր մրցաշրջանի մեկնարկից առաջ փոխարինել «Մանչեսթեր Սիթի» տեղափոխված Պեպ Գվարդիոլային: Կատալոնացի մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում տարին առանց տիտղոս երբեք չէր «փակել»: Արձանագրվեց յուրօրինակ հակառեկորդ: Անգլիական ակումբն այս անգամ որևէ նվաճում չունեցավ: Մինչդես Կարլո Անչելոտին դարձավ յուրատեսակ ռեկորդի հեղինակ:

Մինչ այժմ դեռ ոչ մի մասնագետի չէր հաջողվել չեմպիոն դառնալ եվրոպական հինգ գլխավոր առաջնություններից՝ չորսում: Անչելոտին չեմպիոնության է ուղեկցել «Միլանին»(Իտալիա), «Չելսիին»(Անգլիա),« ՊՍԺ»-ին(Ֆրանսիա) և ահա՝ «Բավարիային»: «Ռեալի» հետ անցկացրած երկու մրցաշրջանում Անչելոտիին այդպես էլ չհաջողվեց նվաճել առաջին հորիզոնականը, ինչի պատճառով էլ նա հեռացվեց զբաղեցված պաշտոնից:

Մասնագետները «Բավարիայի» հաջողության գլխավոր գրավականներից են համարում՝ տրանսֆերային շուկայում ակումբի ունեցած մեծ հնարավորությունները : Ընդ որում, գերմանական գրանդը բավական ագրեսիվ է գործում՝ մշտապես փորձելով ձեռք բերել իր անմիջական մրցակիցների կազմում հանդես եկող աստղերին: Այսպես, վերջին տարիներին Դորտմունդի «Բորուսիայից» «Բավարիա» են տեղափոխվել Մարիո Գյոտցեն, Ռոբերտ Լևանդովսկին, Մատս Հյումելսը:

«Բավարիան» շատ գայթակղիչ է նաև այլ առաջնություններում հանդես եկող աստղերի համար: Ոչ պակաս անվանի ակումբներից «Բավարիա» են տեղափոխվել այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Տիագո Ալկանտարան՝ «Բարսելոնայից», Ժերոմ Բոատենգը՝ «Մանչեսթեր Սիթիից», Արտուրո Վիդալը՝ «Յուվենտուսից», Խաբի Ալոնսոն և Արիեն Ռոբենը՝ «Ռեալից»: Ակումբի մարզադպրոցը նույնպես արդյունավետ է աշխատում: «Բավարիան» երբեք չի եղել և հավանաբար չի լինի այն թիմերից, որոնք խաղադաշտ են դուրս գալիս առանց իրենց սաների: Ֆիլիպ Լամը, Թոմաս Մյուլերը և այլ խաղացողներ՝ հենց ակումբի ակադեմիայի սաներ են:

Այս մրցաշրջանի սկզբնամասում բոլորին ցնցեց «Լայպցիգը», որը հրաշալի մեկնարկ գրանցեց և տևական ժամանակ վստահորեն գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Սակայն անգլիական «Լեսթերի» հեքիաթին՝ Գերմանիայում չհավատացին: «Լայպցիգը» չկարողացավ պահպանել առաջատարի դիրքը: Այնուամենայնիվ, թիմը մինչ այժմ էլ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը և արդեն նվաճել է հաջորդ տարի Չեմպիոնների լիգայում հանդես գալու ուղեգիր: «Լայպցիգին» հետևում են Դորտմունդի «Բորուսիան» և «Հոֆենհայմը»: Մնացած ակումբները բավական հետ են մնում այս քառյակից:

Այսպիսով, «Բավարիան» 27-րդ անգամ Գերմանիայում ճանաչվեց ուժեղագույնը: Այս ցուցանիշով ակումբը բացարձակ առաջատար է: Չեմպիոնական 9 տիտղոսով երկրորդ հորիզոնականում է «Նյուրնբերգը», որը, սակայն, վերջին անգամ հաջողության է հասել 1968 թվականին, 8 տիտղոսով եռյակը եզրափակում է Դորտմունդի «Բորուսիան»:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register