ԽԱՂԱՂ  ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԸ

  • ԽԱՂԱՂ  ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԸ
  • ԽԱՂԱՂ  ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԸ
  • ԽԱՂԱՂ  ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԸ
  • ԽԱՂԱՂ  ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԸ
  • ԽԱՂԱՂ  ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԸ
  • ԽԱՂԱՂ  ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԸ
  • ԽԱՂԱՂ  ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԸ

«Ճամփորդի» թիմին Մարտակերտի զորամասի ենթակայության տակ գտնվող դիրքեր փոխնգդապետ Ալիկ Սարգսյանն է ուղեկցում: Ծնունդով մարտակերտցի զինվորականը տեղանքն անգիր գիտեր: Ծանոթացնելով տարածքներին, նա պատմում էր նաև այդտեղ տեղի ունեցած դաժան մարտերի մասին: Ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդը նպատակ է ունեցել Մարտակերտի ուղղության ողջ ճակատով ճեղքում իրականացնել: Անձնազոհ և աննահանջ զինվորների ու սպաների ջանքերով թշնամու առաջխաղացումը կասեցվել է:

Մենք այցելեցինք Մարտակերտի դիրքեր, հանդիպեցինք պատերազմի  բովով  անցած սպաների ու զինվորների: Առաջին դիրքում Ալիկ Սարգսյանին դիմավորեց ու իրավիճակի մասին զեկուցեց 3-րդ հրաձգային  գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Հրանտ Դալլաքյանը: Վանաձորցի սպան ապրիլյան պատերազմից մի քանի շաբաթ առաջ էր Քարվաճառի զորամասից տեղափոխվել Մարտակերտ: «Ապրիլի առաջին օրերին հրամանատարի տեղակալներից որևէ մեկը միշտ ինձ հետ հերթապահում էր: Նոր սպա էի և տեղանքին լավ ծանոթ չէի: Դժվար պահերին բոլորս միմյանց օգնում էինք: Իմ  գումարտակի դիրքերում հրետանային կրակոցներից բացի արտառոց դեպք տեղի չունեցավ: Ամեն դեպքում մարտունակ ենք եղել, պատրաստ խնդիրների կատարմանը: 90-ականներին ծնված տղաները ինքնասիրության բարձր զգացում ունեն: Նրանցից որևէ մեկը չի ցանկանում, որ իրեն գոնե մի չնչին նկատողություն անեն: Կամավորների դերն անգնահատելի է: Բացի այն, որ զինվորները շատ բան սովորեցին նրանցից, ամենակարևորը հոգեբանական մեծ աջակցությունն էր: Նրանք մոտ երեք ամիս մնացին դիրքերում, գնացին, երբ արդեն ամեն ինչ հանդարտվել էր: Իհարկե, լրացուցիչ ուժը շատ լավ է, բայց մեր զինվորները պատրաստ են պահել դիրքը ինքնուրույն »,- վստահեցնում է Հրանտ Դալլաքյանը:

Ասես ամբողջացնելով կրտսեր ընկերոջ ասելիքը, Ալիկ Սարգսյանը նշում է, որ շատ են դեպքերը, երբ զինվորներն ու դիրքեր եկած կամավորներն այնքան են մտերմացել, որ վերջիններս դիրքերից հեռանալուց հետո տղաներին  նորից հանդիպելու թույլատվություն են ստացել: Նրանք երբեմն էլ ազատ արձակման համար են դիմում, որ մի քանի ժամով  իրենց պարտքը կատարող զինվորներին իրենց տանը հյուրընկալեն:

Դիրքի սրտաբաց տղաները մեզ սուրճ են հյուրասիրում: Խմում ենք աշխարհի ամենահամեղ սուրճն ու փոքր տաղավարում զրույցի բռնվում զինվորների հետ: Մասիսցի Գևորգ Բաբայանը դիրքի ավագն է, մինչ 20-ամյակը նրան հաշված օրեր են մնացել: Դիրքի ամենափորձառու զինվորն է: Գևորգը  պատրաստվում է ծառայության վերջին 100 օրվան: Մտադիր է ուսումը շարունակել Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում, այնուհետեւ սովորել ճարտարագիտական համալսարանում ու դառնալ ծրագրավորող: Թե՛ Գևորգը, թե՛ նրա ծառայակից ընկերները նշում են, որ իրենց համար մարտական հերթապահությունն ավելի նախընտրելի է:

«Այստեղ մենք ինքնուրույն ենք, սակայն ընտանիքի նման: Ես էլ ընտանիքի հայր եմ, տան մեծը: Մինչև ծառայությանս ավարտն էլ այսպես է լինելու: Մեր դիրքում սպա չկա, մենք ինքներս ենք կազմակերպում հերթապահությունը:  Ապրիլյան պատերազմի օրերին դիրքում էինք: Մեր աչքերով տեսանք, թե ինչպես սկսվեց գիշերային հարձակումը: Ողջ ճակատով կրակում էին, նայում էինք երկնքին՝ լուսավոր էր: Թեև հակառակորդը մեր դիրքի ուղղությամբ ճեղքելու փորձ չարեց , բայց մենք տղաներով մեջք-մեջքի տված, ամուր կանգնած էինք: Այդ պահին չգիտակցեցի գործողությունների մասշտաբը: Նախկինում արկակոծումներ գիշերներն էին լինում, իսկ լույսը բացվելուն  պես դադարում էին: Այս անգամ այն շարունակվեց նաև լուսաբացից հետո: Առավոտյան իմացա, որ ընկերս՝ Ռոբերտ Աբաջյանը զոհվել է»,- սրտի ցավով նշում է Գևորգը:

Հարցնում ենք, թե որն է դիրքի ավագի ամենադժվար պարտականությունը. «Որոշում կայացնելու պահը, երբ լարված իրավիճակ է և դիրքի տղաները սառած դեմքերով նայում են քեզ, սպասում հրամանի: Այդ պահերին  անասելի դժվար է, քանի որ ինչ ասես, այդ էլ անելու են: Հրամայես կռվել՝ կկռվեն, հրամայես նահանջել՝ կնահանջեն»:

Գևորգը հատուկ շեշտում է, որ դիրքում չի հանդուրժում որևէ կոնֆլիկտ: Երիտասարդ սերժանտը նաև հետաքրքիր ավանդույթի սկիզբ է դրել դիրքում: Առաջին անգամ սահմանին մարտական հերթապահություն իրականացնող զինվորը ազատվում է բոլոր այլ առաջադրանքներից (տարածքի մաքրություն, ջուր բերել, ճաշ եփել) և միայն դիրք է պահում: Նման կարգավիճակում է հայտնվում նաև վերջին անգամ դիրք բարձրացած զինվորը: Դիրքում հանդիպում ենք նաև շարքայիններ Վահե Ղարիբյանին(Երևան), Վահան Սիրականյանին(Գեղարքունիքի մարզ, գ. Լանջաղբյուր), Սասուն Բաղունցին(Մարտակերտ): Վերջինս դիրքում  ամենափոքրն է: 8 ամսվա զինծառայող է: Ապրիլյան պատերազմի օրերին եղել է 3 ամսվա զինծառայող և, որպես դեռևս անփորձ, եղել է երրորդ  գծում, տեսել հարազատ քաղաքի վրա թռչող արկերը: Նա նշում է, որ հարձակման ընթացքում վնասվել էին հարևանների տները: Սասունը դժվարացավ նկարագրել, թե ինչ էր զգում, մտածում հարձակման պահին: Ասում է, որ կատարել է հրամանները, օգնել ինչով կարող էր:

Դիրքում զինվորները նաև շուն են պահում, որն իր նախազգուշական հաչոցներով դիրքապահ տղաների զգոնությունն  է ավելացնում: Մեր այցելության պահին շունը նոր ձագեր էր լույս աշխարհ բերել:

 

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register