ԻՆՉ ԱՆԵԼ ԱՄՌԱՆԸ

1

Հիշում եք,  չէ՞, թե ինչքան էինք ամառ երազում, աշնանը, ձմռանը,  գարնանը, անգամ՝ արդեն ամռան վերջին: Որովհետև ամառն է համարվում տարվա ամենաազատ շրջանը, նաև՝ ամենահարուստը: Իրադարձություններով, տպավորություններով,  շփումներով:

Ամառն արդեն պաշտոնապես հայտարարվել է, սակայն ես դեռ չեմ սկսել  իմ թեժ ամառը: Երևի սա ևս  շատերիս ծանոթ միտք է: Ուրեմն  ինչ անել, որ մեր երազանքի ամառը հենց այս մեկը լինի ու հենց այսօրվանից:

Առաջարկում եմ լքել  հարմարավետ բազմոց-բազկաթոռները և ընդհանրապես պասիվ հանգստի ամբողջ գոտին ու շտապել ակտիվ կյանքի: Մայիսյան տեղումները սահուն հունիս են  մտել, սակայն ամառային անձրև-ամպրոպից հրաշալի բան  կա՞:

Եկեք հանգիստ թողնենք եղանակային  կանխատեսումները,  անձրևանոցով կամ առանց շտապենք դուրս, տնից,  նաև՝ քաղաքից, եթե հնարավոր է: Եթե ուսանող եք, ուրեմն  ձեր հնարավորությունները բազմապատիկ են,  իսկ եթե աշխատում եք և արձակուրդի հույս չունեք առաջիկայում, դարձյալ քիթ կախելու ժամանակ ու պատճառ պիտի չունենաք:

Անգամ աշխատանքային օրվա  ավարտից հետո կարելի է հասցնել ներկայացում  կամ ֆիլմ դիտելու գնալ, ցուցասրահներ այցելել, գրախանութներ, շոփինգն էլ վատ  չէ, իսկ սիրելի սուրճը քաղաքի գողտրիկ անկյուններից մեկում ձեզ ուղղակի կլիցքավորի ամենադրական ազդակներով:

Հիշեք, թե քանի ընկերոջ եք կարոտում ու մտածում, որ հենց հարմար լինի՝ կզանգեք: Հենց հիմա է հարմարը, զանգեք ու միասին գնացեք քայլելու: Ձեր բաժին հեղափոխությունն ամեն  օր արեք: Երբ ձեր օրը լցնեք գեղեցիկ ու հարուստ տպավորություններով, կտեսնեք, որ հաջորդ օրը,  հոգնելու փոխարեն ավելի շատ էներգիա ունեք: Ընդ որում, պետք  չէ տրվել տարածված կարծիքին, թե լավ ժամանակ անցկացնելու համար լավ էլ փող է պետք: Վստահեցնում եմ՝ սեփական բյուջեն  խելամիտ կառավարելու դեպքում  գումար միշտ կգտնվի հաճելի  ժամանցի համար,  մանավանդ որ քաղաքում շատ  կան տարատեսակ ժամանցի վայրեր, որոնք թանկ  չեն,  բայց և հաճելի են:

Ամռանը ես ձեզ մի ուրիշ առաջարկ էլ ունեմ. եկեք պոկվենք ասֆալտից ու մեր չքնաղ երկրի գեղատեսիլ վայրերն այցելենք:  Անգամ եթե սեփական մեքենա չունեք, տուրիստական  գործակալություններ կան, որ հնարավորություն են ընձեռում հարմարավետ ու մատչելի պայմաններով այցելել այս կամ  այն մարզ, տեսնել մեր հրաշալի  եկեղեցիները, հնավայրերն ու պարզապես շփվել Երևանից հեռու ապրող հետաքրքիր մարդկանց հետ: Զգացել եք, որ կարող ենք հոգնել անգամ  նույն դեմքերը նույն միջավայրում անընդհատ տեսնելուց:

Պատկերացրեք, թե ինչ հզոր էներգետիկա ունեն մեր հինավուրց վանքերն ու տաճարները, մեր անտառներն ու լեռները, գետակներն ու լճերը: Եթե ամեն շաբաթ, կամ թեկուզև ամիսը երկու երթուղի ընտրեք ձեզ համար, վստահեցնում եմ, ուրիշ Հայաստան  կհայտնաբերեք ու անդառնալի կսիրահարվեք մեր երկրին: Միայն թե քայլ արեք, մի սպասեք անձրևների դադարին, որ հետո էլ չսպասեք շոգերի մեղմանալուն: Այստեղ,  հիմա՝ ապրեք,  վայելեք ու լիցքավորվեք ամռան հյութերով ու գույներով: Դուք դրան արժանի եք:

Սյունե Սևադա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register