ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԻ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՀՈՒՅՍՈՎ

3

Ամենքի համար չափազանց կարևոր՝ ընտրության  օրվան հաջորդած սովորական այս օրը ստիպում է մտովի վերհիշել մարտի դաշտում ընկած հերոս զինվորներին, բայցև անդրադառնալ քաղաքական երկու թեմաների, որոնց մասին չխոսելն ուղղակի անհնար է: Խոսքը վերաբերում է բուն գործընթացին ու դրան ուղեկցող քաղաքական ռիսկին:

Աշխատանքային այցով վերջերս Լոնդոնում էի: Այնտեղ էի՝ Հայաստանի գրավչությունն արտասահմանցի խոշոր ներդրողների համար  գայթակղիչ դարձնելու առաքելությամբ: Օգտվելով առիթից ցանկանում եմ խոսել այն մասին, թե ինչպես Հայաստանը կարող է զարգացման ֆոնդեր ու արտասահմանյան ներդրողներից երկարաժամկետ գումարներ ներգրավել երկրի տնտեսության զարգացման մեջ`  ենթադրաբար ստեղծելով աշխատատեղեր և  զարգացման նորանոր հնարավորություններ: Դահլիճում հավաքված էին 10 միլիարդ ամերիկյան դոլարը գերազանցող ֆոնդեր ղեկավարող ֆինանսական կառավարիչներ՝ աշխարհի տարբեր ծայրերից: 10 միլիարդը գրեթե Հայաստանի տարեկան ՀՆԱ-ի ամբողջ արժեքն է, միջազգային  ֆինանսական դաշտում,սակայն, այն ընդամենը ցորենի մի հասկ է:

Հայաստանում վերջերս շատ խոսվեց  զարգացման  հնարավորություն ընձեռող  նման ֆոնդերի ներգրավման  անհրաժեշտության մասին: Չմոռանանք, որ ներդրողները  երկիրը զարգացնելուց զատ, ցանկանում են նաև իրենց ներդրումներից շահույթ ստանալ: Լավն այստեղ այն է, որ սա իսկապես երկուստեք շահեկան գործընթաց է: Նրանք խոսում են միլիարդների լեզվով, մինչդեռ Հայաստանը ավելի չափավոր միջոցների ակնկալիք ունի: Նախընտրական շրջանում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց մոտ 3 միլիարդ արժողությամբ կանոնադրական կապիտալ ունեցող «Ներդրողների ակումբի» ստեղծման մասին, ինչին ի պատասխան Գագիկ Ծառուկյանը, թերևս  «Հանրապետականներին»   «վազանցելու» մտադրությունից դրդված, հայտարարեց ընտրվելու պարագայում  15 միլիարդանոց  ֆոնդ ստեղծելու մասին:  Միջազգային ֆինանսական համատեքստում փորձենք հասկանալ, թե ինչու է այդ թիվն անտրամաբանական: Հայաստանն օժտված չէ այդչափ ներդրումներ մարսելու կարողությամբ: Ներդրողներն այդ պարագայում  երբեք շահույթ ստանալու ակնկալիք չեն կարող ունենալ: Հետաքրքիր է, թե որտե՞ղ պետք է արվեն այդ ներդրումները: Դիտարկելով վարչապետի 3 միլիարդանոց առաջարկը, ինչպես նաև հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման գաղափարը, կտեսնենք, որ այս դեպքում էլ ոչ միայն թվերն են փոքր, այլև  կապակցվածության և ռազմավարական ուղղորդման պակաս է զգացվում: Հուսամ այժմ, երբ ընտրություններն արդեն թիկունքում են, մեր վարչապետը կկարողանա ներկայացնել` հստակ, շահութաբեր, ռազմավարական  առումով հուսալի և ներդրողների գումարների հստակ  կիրառումն ապահովող պատշաճ մի մանդատ: Կարևոր է հիշելը, խնդիրը միայն գումարների ծախսման տեղ գտնելը չէ: Ներդրողներին շահույթ է անհրաժեշտ:

Խորհրդարանական համակարգի առաջին ընտրությունների հենց հաջորդ օրը ինչու եմ խոսում այս մասին: Ինչո՞ւ: Խոսում եմ, քանի որ սա քաղաքական կապիտալ և ժողովրդայնություն գնելու եղանակ է: Ցանկանում եմ այս օրինակով ցույց տալ, թե ինչ էին անում մեր կուսակցությունները ընտրվելու համար: Սակայն այժմ նրանք պետք է տեր կանգնեն  իրենց խոստումներին, եթե անգամ ամենաանմիտ հայտարարություններն են արել: Եվ ինչպե՞ս են նրանք պատրաստվում դա անել: Նախ և առաջ, վարչապետը և նրա կուսակիցները այս փոքրիկ ֆոնդի օրինակով կպահե՞ն արդյոք իրենց խոսքը և կկազմեն կիրառելի մանդատ: Ցուցանիշներից և թվերից բացի, ամենից հաճախ կրկնվող հարցը Հայաստանի քաղաքական ռիսկերին էր վերաբերում: Այս կամ այն երկրում ներդրում անելիս միջազգային ներդրողի մտքին նախ և առաջ պետության կողմից իր ակտիվները բռնագանձելու, օրենքում իր կատարած ներդրումների վրա ազդող փոփոխություններ անելու, պատերազմի բռնկման  հետ կապված ռիսկերն են պտտվում: Ակնհայտորեն նրանք այս հարցերն ուղղում էին Հայաստանից եկող մերթ փոքր և ոչ կոնկրետ, մերթ անիրականորեն մեծ հիմադրամների ստեղծման հայտարարությունների պատճառով: Ներդրողները հիմար չեն: Նրանց մոտ միանգամից  կասկած է ծնվում՝ սրանք նախընտրական խաղե՞ր, թե՞ իրական ծրագրեր են:

Նախընտրական գործընթացի մասին խոսելիս պետք է նշել, որ դրա մեծ մասը իրականությունից բավականին հեռու էր: Հետաքրքիր կրկեսում ենք ապրում, ուր թեկնածուներն իրենք են իրենց «ցար» և այլ մականուններով ներկայացնում: Որքան հուսահատ պիտի լինենք, որ ընդամենը շաբաթներ առաջ կազմենք դաշինքներ: Այն էլ այսպիսի նշանակության ընտրություններից առաջ: Գրանցված արդյունքներն ինձ այդքան էլ չեն զարմացնում: Անկեղծ ասած, ՀՀԿ-ն արժանի էր հաղթանակի: Նրանք գոնե հետևողական են:  Չնայած կուսակցության ներսում   խելացի անհատների առկայությանը, ժողովրդի կողմից այն  այնքան էլ սիրված չէ: Հետաքրքիրն այն է, որ մարդիկ առերևույթ  հակակառավարական , հակահանրապետական լինելով, իրենց տներում, իրենց  տված քվեներով լավ էլ կառավարական են: Նույնը եղավ ԱՄՆ-ում, երբ Թրամփը  չընդունվելով հանդերձ՝  հաղթեց ձայների մեծամասնությամբ: Ստացվում է, որ մենք չենք կարողանում ազնիվ լինել մեր կարծիքն արտահայտելիս՝ վախենալով հանրության կողմից մերժվելուց, չընդունվելուց:

Ինչո՞ւ  էին նրանք արժանի հաղթանակի: Նրանք որպես իրենց գլխավոր ֆիգուր ունեին ուժեղ և խելացի անձ՝ ի դեմս ներկայիս վարչապետի, որը թարմություն ու հետաքրքրվածություն է հաղորդել  քաղաքական դաշտին ու շահել շատերի համակրանքը: Նրանք իշխանության գլուխ լինելու առավելությունն ունեին,  դրանում նաև որոշիչ դեր խաղաց գրագետ ընդդիմության բացակայությունը, որին արժեր սատարել:

Նայեք  «Ազատ դեմոկրատներին»: Չափազանց խելացի երիտասարդ առաջնորդ, ով ունի տեսլական, սակայն իր կուսակցության մեջ շրջապատված է մարդկանցով, ովքեր ունեն խելացիության, հեղինակության և ֆինանսական միջոցների պակաս: Հանրապետականների շարքերում էլ խելացի մարդիկ  կան, որոնք, սակայն,  շրջապատված են ինչ-ինչ կասկածելի մարդկանցով: Հայկական ընտրազանգվածը միանշանակ նրանց ավելի միասնական  է տեսնում: Կարծում եմ՝ կարող ենք թույլ տալ մեզ ասել, որ ընտրությունները հնարավորինս «ազատ և անկախ» էին: Ու սա՝ առանց կենսունակ ընդդիմության: Արդյունքում հանրապետականները գրեթե նույնությամբ պահպանեցին խորհրդարանում իրենց ներկայությունը (ունենալով աթոռների 52%-ը նրանք այս ընտրություններում հավաքեցին քվեների մոտ 49%): Ծառուկյանի գլխավորած  դաշինքն էլ կարծես թե պահպանեց իր անկյունաքարը դարձած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ուժը (խորհրդարանում ունենալով 28% ներկայացվածություն՝ դաշինքը  հավաքեց քվեների 27%-ը): Դաշնակցականները ոչ մի նոր բան չառաջարկելով՝ մեծ հաշվով որոշակիորեն բարելավեցին իրենց դիրքերը: «Ելք» դաշինքն էլ նվաճեց 7.7%: Վատ արդյունք չէ՝  նորելուկ դաշինքի համար:

Եկեք հուսանք, որ ներդրումների վերաբերյալ խոստումներն, այնուամենայնիվ, կպահվեն: Միջազգային ներդրողները հետաքրքրված են մեզնով, սակայն նրանք չեն ցանկանում տեսնել զարգացման հիմնադրամների ստեղծման փոքրամասշտաբ կամ հեքիաթային մեծության անկազմակերպ փորձեր, ինչպես արվեց նախընտրական շրջանում: Անհրաժեշտ է ունենալ կայուն, գրավիչ, հստակ ձևավորված մանդատ:

Ընտրակեղծիքների նվազագույն մակարդակ ապահովելու համար սփյուռքից  և արտերկրից Հայաստան ժամանած դիտորդների քանակն ու լրատվամիջոցների ներգրավվածությունը ևս  արդյունքների վիճարկման տեղիք չեն տալիս: Իմ ամերիկահայ ընկերների մասին կարող եմ ասել, որ անգամ եթե նրանք արդյունքից երջանկացած չեն, չեն էլ կարող ժխտել, որ չնայած կատարյալ չլինելուն, այս ընտրություններն ավելի ազատ և արդար էին, քան այս երկրում տեղի ունեցած բոլոր նախկին ընտրությունները: Ընտրությունների օրը և հետընտրական ժամանակահատվածում` ապրիլի 3-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 535 հաղորդում, որոնցից 129-ը ուղարկվել է նախաքննության, 94-ը՝ ստուգմամբ չի հիմնավորվել, 3-ը ուղարկվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, 160-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 149-ը՝ ստուգման փուլում: Այս տեսանկյունից սա՝ դեպի ժողովրդավարություն  տանող փոքրիկ առաջընթաց էր:

Արդյունքը չի կարող կասկածի տակ դրվել, սակայն այդ արդյունքին հասնելու ճանապարհը կարող է ավելի լավը լինել:  Ես չեմ ցանկանում խոսել ձայները վաճառելու ամոթալի երևույթի մասին: Սակայն պարզ է, որ այդ մարդիկ կարծում են, որ մի փոքր լավաշ և ձու գնելն ավելի կարևոր է, քան իրենց ձայնը: Լրատվամիջոցները, այդ թվում և «Ճամփորդը», ունեն իրենց մեղքի բաժինը սրանում: Պետք է աշխատել մարդկանց  քաղաքացիական մտածելակերպը զարգացնելու և քաղաքացիական ներգրավվածությունը մինչև մյուս ընտրություններ բարձրացնելու ուղղությամբ:

Վերադառնալով քաղաքական ռիսկերին առանց կասկածի կարելի է ասել, որ Հայաստանը հարուստ պատմությամբ հնագույն երկիր է, սակայն որպես ժողովրդավար պետություն այն ընդամենը 25 ամյա երիտասարդ է: Եվ Լոնդոնում, հենց այս գործոնները հաշվի առնելով էլ ես համարձակորեն հայտարարում էի, որ Հայաստանը ճշմարիտ ճանապարհի վրա է: Տարածաշրջանի և աշխարհի նմանատիպ երկրների հետ համեմատվելիս պարզ երևում է, որ Հայաստանը հաջողակ է: Զարմանալի չէ, որ իրանական ներդրողները դրվատում են Հայաստանը և դիտարկում այն որպես կայուն և հեռանկարային գործընկերոջ: Ես խորապես հավատում և սատարում եմ վարչապետի՝ Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագրին: Խոշոր միջազգային  ներդրողները հավատում են, որ ապագան Իրանի հետ կամուրջն է:

Կարող եմ ասել միայն. որ սա երկար և դժվարին գործընթաց է, և եթե մենք նայենք ավելի ամբողջական պատկերին, ապա կարող ենք խոստովանել, որ չենք կարող այսօրվա երկիրը համեմատել 10 տարի առաջվանի հետ: Չնայած վերջին տարիներին ինստիտուցիոնալ մակարդակում արված բարեփոխումներին, բիզնես միջավայրի բարելավմանը, բարեփոխված օրենքներին, ներգրավված ներդրումներին , անելիքներ շատ կան:

Մենք ունենք շատ հեռանկարային փոխնախարարներ, մեծ սահմանափակումներով փոքր երկրի համար մենք լավ առաջընթաց ենք գրանցել IT և գյուղատնտեսության ոլորտներում: Ամեն ինչ չէ տեսանելի անզեն աչքով, բայց  դրական աճն արդեն իսկ երևում է: Որպես սոցիալական և քաղաքական մթնոլորտին և քննարկումներին հետևող արտասահմանցու ինձ  մոտ գերակայող տրամադրությունը կարող եմ արտահայտել Լինկոլնի բառերով. «Մենք կարող ենք բողոքել, որ վարդի թփերն ունեն փշեր, կամ էլ ուրախանալ, որովհետև փշոտ թփերն ունեն վարդեր»:  Բոլոր մեծ ձեռքբերումները ժամանակ են պահանջում:

Այնուամենայնիվ, ես առավել քան ուրախ էի հնարավորություն ունենալու համար ներկայացնելու Հայաստանը խոշոր ներդրողների և գործել որպես կամուրջ՝ Հայաստանի և միջազգային հարթակի միջև:

Մի բան պարզ է. եթե մենք ցանկանում ենք քաղաքական ռիսկը հասցնել նվազագույնի և զարգանալ որպես ազգ, պիտի կրթենք մեզ:

Քաղաքական գրագիտության հասնելու համար անհրաժեշտ է քրտնաջան աշխատել և ոչ միայն: Այդ գործընթացը ժամանակ է պահանջում և «Ճամփորդը» կփորձի օգտակար լինել: Մենք կաշխատենք մեր ուժերի ներածին չափով՝ նպատակին հասնելու համար:

 

Սիրով `ձեր  Արիանա

 

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register