«ԵՐԱԶԻ ՏՈւՆՆ» ԱՐԴԵՆ ԻՐԱԿԱՆ Է

1

«Երազի տանը» քեզ դիմավորում են ժպիտով, շոկոլադով ու պարտադիր բահիլներով. աշխատակիցների ներաշխարհը նաև տարածքի վրա է իր ազդեցությունը թողնում, պիտի ներսդ ու դուրսդ մաքուր լինի, որ ներս թողնեն, կառույցի սանիտարահիգիենիկ պայմաններն առաջնային են: Հայտնվելով այստեղ, մի քանի րոպե մոռանում ես,թե ինչու ես եկել: Տպավորություն է, թե ուղղակի մոտակայքում էիր ու եկել ես ընկերներիդ ողջունելու, ոչ թե՝ հարցազրույցի: Հայկական իրականությանը խորթ՝ վառ պատերով ու դրական մթնոլորտ ունեցող այս տարածքում աշխատում են ուղեղային կաթված ունեցող երեխաների հետ: «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության ու «Երազի տան» հիմնադիր Նարինե Մանուկյանն էլ է զրույցի ընթացքում նկատում, որ նման վերականգնողական կենտրոնները Հայաստանի համար, ցավոք, բացառիկ են: Այլ կենտրոններում, թվում է՝ անընդհատ ցանկանում են հիշեցնել, որ երեխան խնդիր ունի, մոխրագույն ու ճաքճքված պատերի ներսում քեզ պիտի ճնշված զգաս: Այստեղ պատկերն այլ է:

Նարինեի կրտսեր տղան՝ մանկական ուղեղային կաթվածով ծնվել է 2010 թվականին : Երեխայի կազդուրման և խնդրի լուծումը  գտնելու նպատակով ամուսինները  շուրջ երկու տարի անցկացրել են օտար երկրներում: Սկզբնական շրջանում դժվար է եղել ընդունելը, որ գուցե և երկար տարիների աշխատանք պահանջվի: «Արտասահմանյան վերականգնողական կենտրոնները  ես համեմատում էի այստեղի կենտրոնների, մասնագետների հետ, ու վատ էի զգում, որ Հայաստանում վիճակը նախախորհրդային տարիների մակարդակի է եղել ու մնացել: Ամբողջ աշխարհը փորձում է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների կյանքն ավելի գունավոր դարձնել, ֆիզիկական ու հոգեբանական դժվարություններն արդեն իսկ շատ են»,- նշում է Նարինեն և հավելում՝ «ես հասկանում էի, որ այս ոլորտում փոփոխություններ են պետք: Ըստ էության, չէի տեսնում մի մարդու, ով շահագրգռված լիներ փոխելու իրավիճակը: Իհարկե, կան մարդիկ, որոնք զբաղվում են շահերի պաշտպանությամբ և տարիների փորձառություն ունեն, մարդիկ էլ կան, որոնք ներառական կրթության մեջ են հմտացած: Բայց մի մայր, որը ներսից  գիտի խնդիրը, այն ամբողջական է տեսնում ու լուծում փնտրում, ունի անձնական  մեծ մոտիվացիա, նման մարդ ուղղակի չէի գտնում: Այդ ժամանակ էլ որոշեցի թողնել նախնական պլաններն (ունեմ մագիստրոսի երկու կոչում, բժշկական կրթություն ու պատրաստվում էի ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետում դասավանդել)  ու զբաղվել այս հարցով: Որովհետև պետք էր մեկը, որը կմոռանա ամեն ինչ ու կնվիրվի այս գործին: Ու ասացի՝ եթե ոչ՝ ես, ապա ո՞վ»:

Մեծ ճանապարհներն առաջին քայլից են սկսում, որոշումը կայացված էր: Բայց մեծ ճանապարհները հաճախ նաև քարքարոտ են: Սկզբնական շրջանում «Հայ մայրեր» ՀԿ-ն միայն  ֆեյսբուքյան էջ էր, որտեղ երեխաների մայրիկները շփվում էին միմյանց հետ, կիսվում անհանգստություններով ու ոգևորում իրար: Հետագայում Նարինեն սեփական միջոցներով, իր տան պայմաններում կամ սրճարաններում մի քանի տարի շարունակ հանդիպումներ էր կազմակերպում, հետո միացան  այլ մարդիկ, որոնք սկսեցին օգնել նրան: Հիմա  արդեն օգնող ձեռքերի թիվը հարյուրից ավել է, իսկ Հայաստանի ամբողջ տարածքից 260-ից ավելի շահառու երեխաներ ունեն, որոնց  անվճար  մասնագիտական օգնություն են ցուցաբերում: Ասում են հետագայում՝ վճարովի ծառայություններ նույնպես լինելու են, որից գոյանալիք  գումարն  ուղղվելու է ոլորտի բարելավմանը: Մի քանի  շաբաթ է, ինչ  Նարինեի տարիների երազանքն իրականություն է դարձել. սեփական տարածք ունեն՝ բոլոր հարմարություններով:

Պետությունը հնարավորություն է տալիս տարեկան երկու-երեք ուղեգիր-պետպատվեր ստանալ՝ վերականգնողական բուժման համար: Ինչ վերաբերում է տեխնիկական պարտականություններին՝ սայլակների, քայլակների, մարզասարքերի, վերականգնողական այլ սարքավորումների, օրթոպեդիկ կոշիկների տրամադրմանը, պետությունը չի կարողանում դրանք տրամադրել: Չկան «չեմ կարող, չկա» բառերը, կա միայն «չեմ ուզում»-ը: Եթե  մեկը որևէ պաշտոն է զբաղեցնում ու իրավասու է երեխաների հարցերը լուծել, բյուջեն էլ որոշակի գումար է հատկացնում, բայց խնդիրը չի լուծվում, ուրեմն՝ ցանկություն չկա: Չնայած նրան, որ արդեն մի քանի տարի է, ինչ հաշմանդամություն ունեցող անձանց մասին ստորագրված կոնվենցիա կա, և ըստ էության, պետք է կարողանա ճիշտ գործառույթ իրականացնել, փաստն այն է, որ չի իրականացնում: Դրա մասին մշտապես բարձրաձայնում ենք: Ստացվում է, որ այդ ամենը տրամադրելով՝  մենք ենք իրականացնում պետության գործառույթները »,- ասում է Նարինեն:  Գործընկերների հավաստմամբ անուղղելի լավատես  Նարինեն, չի կենտրոնանում միայն  թերացումների վրա: «Իհարկե, դրական փոփոխություն նկատվում է: Իրավիճակը, կարծես թե, գնում է դեպի լավը: Երևանի քաղաքապետարանը մեզ օգնում է, արդեն չորրորդ տարին է, ինչ աջակցում է կազմակերպությանը: Երևանաբնակ  19 երեխա քաղաքապետարանի հովանավորությամբ արդեն մեկ տարի անվճար վերականգնողական կուրսեր են ստանում: Այս տարի, քանի որ «Երազի տանն» արդեն կան այդ պայմանները, ոչ միայն երեխաները, այլև մայրիկներն են գալու՝ հոգեբանական աջակցություն ստանալու: Մոր հետ աշխատանքը շատ կարևոր է, քանի որ մինչև նա իր մեջ չհաղթահարի երեխայի հաշմանդամության ունենալու հետ կապված խնդիրները, չի կարող երեխային իսկապես օգնել: Երբ մայրը դառնում է ինքնաբավ և երեխայի խնդիրը հստակ պատկերացնում է, այն դադարում է լինել ողբերգություն: Չի կարելի թևաթափ լինել»:

2

Շարմաղ Սաքունցը Նարինեի օգնականն է, «Երազի տան» կազմակերպչական հարցերով է զբաղվում: Օգոստոսից է միացել թիմին, աղջիկներն իրար ընդհատելով ասում են՝ երջանկություն է միասին աշխատելը: Երեխաների մասին խոսելիս Շարմաղի  դեմքը պայծառանում է. «Մեր կենտրոնի ամենահուզիչ պահերից են այն տեսանյութերը, որոնք նկարում են մեր ֆիզոթերապևտները, երբ երեխան թերապիայի ընթացքում սկսում է  առաջին անգամ քայլել՝ երբեմն 6-7 տարեկանում: Չգիտեմ, դրանից ավելի հուզիչ ու աշխատանքի արդյունավետությունն ապացուցող ուրիշ ի՞նչ կարող է լինել: Կարծում եմ՝  կարևոր արդյունքներից է նաև մայրիկների լավ արձագանքը՝ հատկապես հոգեբանական դրական տեղաշարժը: Ասում են՝ «Հայ մայրեր»  հասարակական կազմակերպության հետ առնչվելուց հետո բավականին կայուն ու լավատես են դարձել:

Արդյունքները շատ են ու տարբեր ուղղություններով. թե՛  ծնողի առողջություն, թե՛ երեխայի կյանքի որակի բարելավում: Ես միացա, որովհետև տեսա, որ  այստեղ համակարգային լուծումներ են իրականացնում: Ոչ թե ինչ-որ միանվագ օգնություն է ցուցաբերվում , այլ հարցին ամբողջական են նայում, փորձում են փոխել մարդկանց կյանքի որակը, որովհետև նրանք արժանի են դրան: Կարծում եմ՝ սա սկիզբն է: Շատ ենք ուզում, որ փոքրիկների  քանակն ավելանա: Երազում ենք «Երազի տներ» բացել նաև մարզերում: Մտածում ենք այս ուղղությամբ, գուցե շուտով մեր մտադրությունն իրականություն դառնա»:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register