ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ԵՎ ԱՊԱԳԱՆ

8

 Մի առիթով ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը ասել է ՝ կարելի է ընդունել անհաջողությունը բասկետբոլում, սակայն անգործությունը՝ երբեք:

Մեր ընթերցողին առաջարկում ենք միասին էքսկուրս կատարել ոչ վաղ անցյալի և ներկայի հայկական բասկետբոլի իրողություն, պարզելու համար թե ինչպես են ընթանում գործերը մեզ մոտ, ի՞նչ հաջողությունների են հասել Հայաստանը ներկայացնող տղամարդկանց և կանանց հավաքականները, ի՞նչ վիճակում են գտնվում մեր ակումբները, ո՞ր նպատակներն են մեզ համար դեռևս անմատչելի մնում միջազգային մրցասպարեզում:

Նորանկախ Հայաստանում բասկետբոլի զարթոնքի կարևորագույն առաջին ազդակներից կարելի է համարել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի՝ /ՀԲՖ/ -ի հեղինակությամբ խորհրդային Հայաստանից հայ մարզասերին հայտնի Երևանի «Հատիս» կանանց ակումբի վերածնունդը 2009 թվականին:

1

«Հատիսի» շնորհիվ հնարավոր դարձավ բասկետբոլի հայ սիրահարներին հետ վերադարձնել բասկետբոլային արենայի տրիբունաներ, իսկ նրանցից առավել եռանդունները նույնիսկ կազմակերպված երկրպագումով սատարեցին մեր ակումբի բասկետբոլիստուհիներին միջազգային մրցելույթների ժամանակ:

Հատկապես հիշարժան էր Եվրոպայի գավաթի 2009-2010 թթ. խաղարկության խմբային մրցաշարը, որտեղ «Հատիսը» մեծ հաջողությամբ հանդես եկավ՝ մասնավորապես խմբային փուլի 3-րդ տուրում հյուրընկալվելիս 87:64 հաշվով առավելության հասնելով ուժեղ և փորձառու թուրքական «Բեշիկթաշ»-ի հանդեպ: «Հատիսը» կարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելqը, իսկ փլեյ-օֆֆում զիջեց ռուսական ուժեղագույն ակումբներից ՝ Օրենբուրգի «Նադեժդային»:

2

Թերևս «Հատիսի» հայտնությամբ էր պայմանավորված նաև Հայաստանի կանանց հավաքականի հաջողությունը 2010 թ-ին՝ այդ տարի մեր հավաքականը Երևանում անցկացված փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում դարձավ արծաթե մեդալակիր:2010-2011 թթ. Եվրոպայի գավաթի խմբային մրցաշարում «Հատիսը» անհաջողության մատնվեց: Այնուհետև, ցավոք, «Հատիսը» դադարեցրեց իր գործունեությունը և այժմ ակումբը գոյություն ունի միայն իրավաբանորեն:
Հայաստանի կանանց բասկետբոլի առաջնությունը ոչ կանոնավոր է: Տարվա ընթացքում հավաքվում են 5-6 թիմեր և մեկ շաբաթվա ընթացքում պայքարում են չեմպիոնի կոչման համար:

2011 թ-ից ՀԲՖ-ն սկսեց ակտիվ աշխատանքներ տանել տղամարդկանց Հայաստանի բասկետբոլի հավաքական ձևավորելու ուղղությամբ՝ նույն տանիքի տակ հավաքագրելով աշխարհի տարբեր անկյուններից շնորհալի հայ բասկետբոլիստների: Ստեղծվում էր նոր հավաքական , որի առջև դրված նվազագույն խնդիրն էր ՝ 2017 թ-ից սկսված աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերին կանոնավոր մասնակցելը: Հավաքականում են հայտնվում երկու տասնյակից ավել հայազգի և հայկական արմատներ ունեցող բասկետբոլիստներ ԱՄՆ-ի, Ռուսաստանի դաշնության, Ուկրաինայի, Բելոռուսի, Ղազախստանի, Թուրքիայի բարձրակարգ բասկետբոլային ակումբներից:

Աշխատանքներ են սկսվում նաև հենց Հայաստանում տաղանդավոր բասկետբոլիստներ հայտնաբերելու և հավաքագրելու ուղղությամբ, այս նպատակով է 2016 թ-ին վերածնվում է նաև կրկկին հայ մարզասերին Խորհրդային Հայաստանից հայտնի տղամարդկանց «ՈՒրարտու» ակումբը:

ՀՀ-ում բասկետբոլի կանոնավոր առաջնություն չունենալու հանագամանքով պայմանավորված ՝«ՈՒրարտուն» իր գոյության նախնական շրջանում ևս մեկ կարևոր խնդիր կատարեց՝ անհրաժեշտ մարզական պրակտիկայով ապահովելով հատկապես Հայաստանում բնակվող բասկետբոլիստներին:

ՀՀ տղամարդկանց բասկետբոլի հավաքականը առաջին անգամ իր մասին լրջորեն հայտարարեց 2016 թ-ին Մոլդովայում անցկացված փոքր երկրների առաջնության ընթացքում:

3

Լիբանանահայ մասնագետ Տիգրան Գյոկչյանի գլխավորությամբ մեր ընտրանին փայլուն հաղթանակներ տոնեց այդ մրցաշարում ,խմբային փուլում՝Մոլդովայի,Ուելսի,Անդորրայի հավաքականների հանդեպ, իսկ փլեյ օֆում Իրլանդիայի և եզրափակիչ խաղում կրկին այս մրցաշարի բազմակի հաղթող՝ Անդորրայի հավաքականների հանդեպ առավելության հասնելով, մեր ընտրանին իր առաջին նշանակալի տիտղոսը նվաճեց,դառնալով 2016 թվականի փոքր երկրների առաջնության ոսկե մեդալակիր:

2017 թ-ի օգոստոսին ՀՀ տղամարդկանց բասկետբոլի հավաքականը ,արդեն խորվաթ ճանաչված մասնագետ՝ Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ առաջին անգամ մասնակցեց բասկետբոլի 2019 թվականի Եվրոպայի առաջնության նախնական որակավորման փուլի խմբային մրցաշարին՝ հայտնվելով Սլովակիայի, Շվեդիայի և Բոսնիա Հերցեգովինայի ուժեղ հավաքականների հետ միասին նույն խմբում:

4

Ցավոք, մեր ընտրանուն չհաջողվեց հաղթահարել այս փուլը, որոշիչ էր խմբում վերջին հանդիպումը Բոսնիա Հերցոգովինայի հավաքականի հետ, ԿԱՊԵԿ-ի դահլիճը լեփլեցուն էր հայ երկրպագուներով, հայ բասկետբոլիստները դուրս էին եկել սկզբմունքային և պատճառաբանված պայքարի՝ ճակատամարտի հանուն հայկական բասկետբոլի նոր հաջողության: Սակայն այդ օրը մարզական բախտը դավադրաբար երես թեքեց Հայաստանի հավաքականից,գրանցվեց ցավալի պարտություն,որը հնարավորություն ընձեռեց բոսնիացիներին շարունակել հետագա պայքարը մրցաշարում մեր բասկետբոլիստների փոխարեն:

Բավցևիչի սաները այս մրցաշարում , հավաքականի առաջատար Ռայան Բոթրայթի առաջնորդությամբ ցուցադրեցին գերգրավիչ, ինտրիգային, արդյունավետ ու կրքոտ բասկետբոլ, այն ինչին երկար տարիներ կարոտ էին մնացել նարնջագույն գնդակի հայ երկրպագուները:

2017 թ-ին տղամարդկանց հավաքականի հաջող մրցելույթներին զուգընթաց ՀԲՖ-ի ջանքերով հնարավոր դարձավ նաև Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության իրականացումը: Առաջնությանը մասնակից դարձան թվով 7 ակումբներ: Արդեն 2018 թ-ին նախատեսվում է թիմերի քանակը առաջնությունում հասցնել 10-ի:

5

2017 թ-ի նոյեմբերին Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը սկսեց իր մրցելույթները 2021 թ-ի Եվրոպայի առաջնության՝ /EuroBasket 2021/-ի որակավորման խմբային փուլում:

Այստեղ մեր հավաքականի մրցակիցներն են՝ Դանիայի և Ալբանիայի ընտրանիները:
ՖԻԲԱ-ի կանոնադրության համաձայն, յուրաքանչյուր հավաքականից խաղերին կարող է մասնակցել մեկ լեգեոներ, այդպիսի լեգիոներ և թիմի առաջատար էր մեզ համար ամերիկացի Ռայան Բոթրայթը:

Ավաղ, /EuroBasket 2021/-ի որակավորման խմբային փուլի հանդիպումներին պատրաստվելիս, առաջին կոնֆլիկտային իրավիճակը ստեղծվեց մեր ընտրանու ճամբարում, որի արդյունքում հավաքականից հեռացվեց առաջատար՝ Ռայան Բոթրայթը: Հավաքականի մարցիչ Բավցևիչը հանդես եկավ հայտարարությամբ՝ «Կան որոշ բաներ, որոնք կուլ տալ չենք կարող: Բասկետբոլը թիմային մարզաձև է, և բոլորը պետք է այստեղ իրենց հավասար համարեն: Բոթրայթի պահվածքն անընդունելի է: Նա այլևս չի հրավիրվի հավաքական, այդ հարցը փակված է»: Մրցաշարի առաջին հանդիպումից առաջ, մինչ Ալբանիա մեկնելը՝ Բոթրայթն ընդունելով իր սխալը ներողություն խնդրեց Բավցևիչից և Հայաստանի բաստկետբոլի ֆեդերացիայից և թիմի հետ մեկնեց մրցավայր:

Սակայն մարզչի և հավաքականի առաջատարի կոնֆլիկտը շարունակություն ստացավ արդեն 2018-ի փետրվարին ,Հայաստան-Ալբանիա հանդիպման նախաշեմին, այս անգամ արդեն Բավցևիչն ու ՀԲՖ-ն իրենց կայացրած որոշման մեջ աննկուն էին ՝ Ռայանը վերջնականապես հեռացվեց հավաքականից: Հրավիրված ասուլիսի ընթացքում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հայտնեց, որ ամերիկացին այլևս երբեք չի լինելու մեր ընտրանու կազմում, պատճառը Բոթրայթի պահվածքն է և վերաբերմունքը՝ «Նա չի ցանկացել հավաքականի հետ բնակվել Օլիմպավանում, պահանջել է հատուկ սնունդ և այլն…»:

2021 թ-ի Եվրոպայի առաջնության խմբային փուլում մինչ այժմ անցկացրած երեք հանդիպումներում մեր բասկետբոլիստները հաղթանակ են տոնել ալբանացիների հանդեպ տանը և հյուրընկալվելիս, համառ պայքարում, լրացուցիչ ժամանակահատվածում ,սեփական հարկի տակ զիջել են դանիացիներին և խմբում վաստակած 5 միավորներով այժմ ընթանում են առաջին հորիզոնականի վրա՝ պահպանելով բոլոր հնարավորությունները խմբից դուրս հետագա պայքարը շարունակելու համար:
Խմբում հաղթողին որոշելու համար որոշիչ նշանակություն է ունենալու 2018 թ-ի մայիսի 28-ին Դանիայի հավաքականի հետ արտագնա հանդիպումը:

Ակնհայտ է պարզ իրողություն ՝Հայաստանում ուժեղ բասկետբոլ ունենալու առհավատչյան հետագայում պետք է ապահովեն մանկապատանեկան բասկետբոլի ամուր հիմքերը:

Այս առումով ՀՖԲ-ի գլխավոր տնօրեն Արթուր Նազարյանը մեզ հայտնեց՝

«Հայաստանի մի քանի մարզական կառույցներում այժմ կան բասկետբոլի բավական բարձր մակարդակի խմբակներ: Մասնավորապես, Դավթաշենում գտնվող Օլիմպավանում գործում է USA Academy -ին, որտեղ տասնյակ պատանիներ մարզվում են հատուկ ամերիկյան ծրագրով,: Այն սկսել է գործել 2017 թվականից: USA Academy-ին իր մասնաճյուղն ունի նաև Արթիկում: Սպասվում է, որ առաջիկայում այն կընդլայնի իր գործունեությունը:

6

Կան նաև բազմաթիվ մարզադպրոցներ, որոնցում գործում է բասկետբոլ սպորտաձևը: Բասկետբոլով զբաղվողների թիվը այժմ հասնում է 5000-ի:

Տղաների Հայաստանի մինչև 16 տարեկանների կանոնավոր առաջնությանը ներկայում մասնակցում են 12 թիմեր, որոնցից 7-ը Երևանից են, մնացած 5-ը՝ մարզերից:
2018-19 թթ. մրցաշրջանում Հայաստանում անցկացվելու են Հայաստանի մինչև 12, մինչև 14 և16 տարեկանների կանոնավոր առաջնություններ:

Աղջիկների պայքարում կլինեն մինչև 14 և 18 տարեկանների առաջնություններ: Բասկետբոլով զբավող շուրջ 500 պատանիներ էլ ունենք Արցախում:
Արցախը ներգրավված է մեր բոլոր տարիքային մրցաշարերում և մենք շատ մեծ կարևորություն ենք տալիս այդ հանգամանքին:

Ի ուրախություն բոլորիս, Արցախի մինչև 12-13 տարեկանների տղաների թիմը դարձավ Հայաստանի 2017-18թթ. առաջնության հաղթող»:

Կարծում ենք , որ ՀՖԲ-ի կողմից տարվող հետևողական աշխատանքի շնորհիվ,հեռու չեն այն օրերը, երբ հայ երկրպագուն կհպարտանա իր երկիրը ներկայցնող բասկետբոլի հավաքականների մրցելույթներով արդեն Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերում,սակայն դա հնարավոր կլինի միայն պետական աջակցության շնորհիվ : Բասկետբոլը ինչպես և այլ թիմային մարզաձևեր մեր երկրում ունեն պետական ֆինանսավորման,աջակցության խնդիր: ՀՖԲ-ն իր ջանքերով ներգրաված անհատ հովանավորների միջոցներով կարողանում է կատարել առավելագույնը ներկա պայմաններին համապատասխան, սակայն այս գործելակերպը չի կարող ապահովել բավարար պոտենցիալ հետագայում միջազգային մրցասպարեզներում մեծ հաջողությունների հասնելու համար:

Էդգար Պետրոսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register