Ի՞ՆՉ ԿԱ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Gevorg-Gasparyan

Արարատ, Դամավան, Էլբրուս, Կազբեկ, Մոնբլան, Արագած, Սիփան, Գեղամա լեռներ, Հատիս, Արա, Սև սար, Իշխանասար… Երիտասարդ լեռնագնաց, լեռնային ուղեկցորդ Գևորգ Գասպարյանը բարձրացած լեռների կոնկրետ թիվը դժվարանում է հիշել:

«Այդպիսի թիվ չկա,- կատակում է նա ու ավելացնում,- միայն Արարատ բարձրանալու թիվն եմ ֆիքսել՝ 17 անգամ»:

Գևորգը նախ որպես գիդ է աշխատել հայաստանյան ընկերություններից մեկում: 2011թ.-ին ընկերներից մեկի հետ որոշել է ինքնուրույն զբաղվել արշավների կազմակերպմամբ: Մի օր ընկերն առաջարկել է խումբ տանել Արագած: Առաջին գագաթի հաղթահարումը դժվար չի թվացել, թեպետ սովորականից երկար՝ 4-5 ժամ է տևել:

«Կամք, լեռները գնահատելու կարողություն, ուժ, առողջություն և լեռնային գույք: Լեռնագնացությամբ զբաղվելու համար այնքան էլ շատ բան պետք չէ, իսկ այ՝ ձեռք բերածը շատ ավելին կլինի»,- վստահեցնում է Գևորգը: «Լեռներ բարձրանալը մարդու մեջ շատ բան է փոխում, ավելի նպատակասլաց ես դառնում: Ինքդ քո առջև միշտ նոր նպատակ ես դնում ու անկախ ճանապարհին հանդիպած դժվարություններից՝ մառախուղ, անձրև, ցուրտ և այլն, հասնում ես նպատակիդ: Միայն այս տարի 125 օր լեռներում ենք եղել»,- ասում է նա:

Ի՞նչ կա լեռներում հարցը Գևորգին հաճախ են տալիս: Չի զլանում, բոլորի հետ կիսվում է  «լեռնային» ապրումներով ու զգացողություններով: «Առավելությունները շատ են՝ նախ՝ լեռնագնացությունն ակտիվ հանգստի լավագույն տարբերակ է, երկրորդ՝ այն դրական էներգետիկ դաշտ է հաղորդում մարդուն, ֆիզիկապես մշտապես պատրաստված ես լինում… Լեռներում ամեն ինչ գեղեցիկ է ու մաքուր, անգամ մարդիկ»,- վստահեցնում է նա:

 

Հարցազրույցը՝ Տաթևիկ Սարգսյանի

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register