7 ՀԱՐՑ. ԷԼՎԻՐԱ  ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

1

 Խորագրի հյուրն է «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ-ի և «Հիլֆմանն» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան, ֆեմինիստ, ակտիվիստ Էլվիրա Մելիքսեթյանը:

 Ձեր  կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:

– Մեզ մոտ ծածուկ անկյունները շատ են, որովհետև կյանքը երկատված է,երկակի ստանդարտները ստիպում են ինքնաարտահայտվելու համար զարտուղի ճանապարհներ փնտրել: Ինձ համար երկար ժամանակ այդպիսի վայրերից են եղել կտուրները: Չեմ ասի, թե կոնկրետ որը ի նկատի ունեմ այս պահին, որովհետև այն այլևս ծածուկ չի լինի(ժպտում է,-խմբ.), բայց այդ կտուրը քաղաքի աղմուկից ու դիմակներից, ձևերից թաքնվելու ու համախոհների հետ հավաքվելու լավագույն տարբերակներից է: Այնտեղ կարողանում եմ առանձնանալ  ու շունչ քաշել:

 –Կա՞ մի բան Վանաձորում, որն անասելի նյարդայնացնում է Ձեզ:

– (Ծիծաղում է,-խմբ.) Վանաձորում շա՜տ բաներ կարող են նյարդայնացնել, եթե դու համաձայն չես հայրիշխանական համակարգի սահմանած  կանոնների հետ: Թերևս այս պահին առաջինը մտքիս գալիս է մարդկանց համատարած հարմարված, համակերպված վիճակը, ինչը  տխրեցնող է: Ընդվզման ոգի չկա, շարժում չկա: Կան փոքր, ոչ ֆորմալ խմբեր, որոնք տարբեր գործիքներով փորձում են իրենց բողոքն արտահայտել, բայց քաղաքի ճնշող, ու մեր եղանակի նման թխպամած տրամադրություններն ընդհանուր առմամբ ստեղծում են մի միջավայր, որտեղ ծանր լռություն է տիրում, ու այդ համատարած անտարբերության մեջ ձայնդ հազիվ լսելի է լինում կամ մնում աննկատ: Քնեցված ենք, իրավագիտակցություն չունենք, երբեմն թվում է՝ քայլող մումիաների շրջապատում ես ապրում, ու դա երբեմն անասելի նյարդայնացնում է, ուզում ես քայլես ու բզես բոլորին, թե` «վեր կաց, հերիք ա»:

Հենրիխ Մխիթարյանից, դուդուկծիրանխորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

-Բա Մասիսն ու Եկեղեցին արդեն ակտուալ չե՞ն: Ըստ խորքային հետազոտությունների՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների, հոմոֆոբիայի ու առհասարակ այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության բարձր ցուցանիշներն իսկական «այցեքարտ» են: Կներեք, որ դրական բաներ չեմ ասում, բայց պաթետիկ, ազգ-բանակ, ավանդույթ-նամուս կեղծ կատեգորիաների մասին խոսացողներն առանց այն էլ շատ են, թող իմ այցեքարտն էլ այսպիսին լինի:

Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Գրքերը շատ են, դժվար է առանձնացնել երեքը, որովհետև աշխարհընկալումն էլ պարբերաբար վերաիմաստավորվում է ու խնդրականացվում: Հրաշալի պրոցես է: Կառանձնացնեմ գրողներ, ոչ թե գրքեր. Զապել Եսայանի, Շուշանիկ Կուրղինյանի գործերը, որոնց, ցավոք, ծանոթացել եմ ոչ դպրոցական գրականության ցանկից, ինձ օգնեցին իմ ազատագրման պայքարում, Կաֆկան իմ էքզիստենցիալ ճգնաժամերի լավագույն ուղեկիցն է, լավ ենք հասկանում իրար(ժպտում է, –խմբ.): Այ, իսկ Պեմա Չոդրոնը իմ հոգևոր աճի, ներքին խաղաղման ու ներդաշնակության փնտրման ճանապարհի ընկերներից է` իր՝ բուդդիստական փիլիսոփայության, գիտակցվածության, մեդիտացիայի շուրջ գործերի միջոցով:

Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Ֆանտաստիկ սիրուն տեսարան է, երբ մարդուն իր տարերքի մեջ ես տեսնում, որտեղ ինքն իսկական է, անկեղծ, անկախ նրանից բաց է քո առջև, թե չէ։ Դրանից շատ եմ լիցքավորվում։

Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Վանաձորում։

– Փորձարարական, այլընտրանքային արվեստի ու գիտակցվածության (mindfulness) մի հսկայական կենտրոն կբացեի նկուղային հարկերով ու բարձր, ընդարձակ տանիքներով, որ քաղաքի բոլոր չնմանները՝ տարօրինակներս, հավաքվեինք մի կտուրի տակ, ստեղծագործեինք, սովորեինք իրարից, նպաստեինք միմյանց ինքնաճանաչմանն ու ինքնաբացահայտմանը, արարեինք ու հեղափոխեինք:

Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

– Ազատագրվելու ցանկությունը,  իսկ որպես սիմվոլ՝ փյունիկը: Մեզ ամեն օր են «սպանում», կարևորը ուժ գտնել ներսում ու վերածնվել մոխիրներից: Նորից ու նորից:

Հարցազրույցը՝ Գարեգին Ալեքսանյանի

 Լուսանկարը` Լիլիթ Թումանյանի  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register