«ՀԱՅՖԻԼՄ». ԵՐԲԵՄՆԻ ՓԱՌՔ Ու ԱՆՈՐՈՇ ԱՊԱԳԱ

1

Մեր, մեր ծնողների ու տատիկ-պապիկների կյանքում մի տանգո կա, որ բոլորինս է՝ «Մեր մանկության տանգոն», ծնված 1984թ., Ալբերտ Մկրտչյանի ձեռամբ, ավելի ճիշտ՝ մտոք: Եվ այս ցանկը շարունակելի է՝ անչափ սիրելի ու մերոնքական սիրուն ֆիլմերով: Այդ ֆիլմերը մեր հիշողության մեջ են ու «Հայֆիլմ» կինոստուդիայի պահոցում, որտեղ նոր թվագրություն ու հավելում  չկա: «Հայֆիլմն» այսօր լեգենդ է, անցյալի խորհրդանիշ և վե՞րջ:

Սակայն մեր  հիշողություններից, արխիվից անդին կա իրական մի տարածք, որ շարունակում է «Հայֆիլմ» կոչվել ու գրեթե ՝ այդքանը:

Երբեմնի փառքի ասպետ կինոստուդիան տարիներ առաջ վաճառվեց, սիրուն-սիրուն ծրագրեր ասմունքվեցին,  սակայն հսկայի ռեանիմացիան այդպես էլ չեղավ: Կինոստուդիան վերադարձավ պետությանը, ու հիմա ամբողջ մի գյուղի չափ տարածք զբաղեցնող հսկան որբի պես կուչ է եկել ու սպասում է իր դատավճռին՝ վերածնունդ, թե…

Կինոն բարդ ու պրագմատիկ արվեստ է, և այսօր «Հայֆիլմի» շուրջ հույզեր,  գործնական,  մշակութային ծրագրեր են խմորվում ու բախվում գլխավոր հարցին՝ ի՞նչ անել:

Նոր իրավիճակում նոր ճրագ է վառվել նաև «Հայֆիլմի» ճանապարհին.

Օրեր առաջ հավաքվեցին մշակույթի գործիչներ,  պաշտոնյաներ ու լսեցին միմյանց,  բարձրաձայնեցին մեկը մեկից բարդ հարցեր: Դրանց պատասխանները միանշանակ չեն ու երբեմն էլ  իսպառ բացակայում են: Բայց շատ կարևոր մի բան երևաց. ասպարեզում են սրտացավ  մարդիկ, որոնք  չեն ուզում շրջանցել այս ցավոտ թեման, աչք չեն փակում և որ ամենակարևորն է՝ երկխոսում են:

Վստահ եմ, որ հենց երկխոսությունը կբերի լուծման՝ «Հայֆիլմի» վերածննդին: Վստահ  չեմ, որ մենք 25 հեկտարի վրա Հոլիվուդ կունենանք,  բազմամիլիոնանոց բյուջեներով ֆիլմարտադրություն կլինի, բայց կարծում եմ, որ լուծում կլինի՝ այսօրվան  համապատասխան, հայկական նոր կինոյի ու նաև՝«Հայֆիլմի» բարի դպրոցին ու ծիլերին արժանի:

Կինոստուդիա այցելած լրագրող գործընկերս պատմում է, որ այնտեղ մինչև հիմա մեր ֆիլմերի հագուստներն են պահպանվում,  կիսավեր շինություններում դեռ կինոյի հոտ է մնացել, որոշ տաղավարներում անգամ ինչ-որ գործեր են անում:

Իրենք ասում են, որ «Համո Բեկնազարյանի անվան Հայֆիլմ» կինոստուդիայի» ֆինանսական մուտքերն այսօր ապահովվում են անշարժ գույքի մի մասի վարձակալությամբ և հեռուստաընկերություններին՝ ցուցադրման համար ֆիլմերի տրամադրմամբ: Ընկերության պահպանությունը և ընթացիկ պարտավորությունների մարումն իրականացվում են վարձակալություններից ստացվող միջոցներով»:

Հայֆիլմը վերադարձվել է պետությանը, սակայն կրկին վաճառելու տրամադրությամբ՝ ընկերությունը մասնավորեցման ծրագրում է:

Մի կողմից պարզ է՝ Հայաստանն այսօր չունի այնքան փող, որ ահռելի մեծ ներդրումներ անի, սոցիալական խնդիրները շատ-շատ են: Մյուս կողմից էլ՝ մասնավոր հատվածում դժվար է գտնել այնպիսի մի հրաշագործ- ներդրողի, որ և շատ փող կունենա և շատ հայրենասեր կլինի, որ գա ու վերածնունդ տա հայկական կինոյին: Սակայն ինչպես ասում են՝ նոր ժամանակներում ամեն ինչ հնարավոր է, միտք՝ մտքի, ձեռք՝ ձեռքի որ տանք,  հաստատ մի խելոք բան կմտածենք:

Սյունե Սևադա 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register