ԳՆԱՃԻ ՈՒՐՎԱԿԱՆՆ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1

Վերջերս խմբագրությունում քննարկում էինք աշխատավարձերի և գնաճի բալանսի  պահպանման հարցը։ Նայելով տվյալներին՝ «գներն աճում են, իսկ աշխատավարձերը՝ ոչ» պնդումն ինձ կողմնակալ է թվում: 2013 թվականից ԿԲ-ի վարած բավականին ճկուն և ակտիվ քաղաքականության շնորհիվ գնաճն իսկապես կրճատվել է: Անվանական աշխատավարձը նույնպես նվազել է, սակայն դեռևս շարունակում է գնաճի մակարդակից բարձր մնալ: Տնտեսագետների մեծ մասն այն համոզմանն  է, որ կայուն, ցածր մակարդակի, և ամենակարևորը՝ կանխատեսելի գնաճը՝ տնտեսության համար դրական է: Երբ այն փոքր է ու կանխատեսելի, տնտեսական որոշ  գործիքների կիրառմամբ ավելի հեշտ է դառնում նվազեցնել, մեղմել դրա բացասական հետևանքները:

Ավելին, սպառողները տեղյակ լինելով  սպասվող որոշակի գնաճի մասին, ձգտում են ավել գնումներ կատարելով որոշակի պաշար կուտակել, ինչն իր հերթին համալրում է տնտեսական ակտիվության ցուցանիշը: Շատ կենտրոնական բանկեր իրենց քաղաքականության գլխավոր նպատակ են հռչակել  գնաճի ցածր, կայուն մակարդակի ապահովումը: Կենտրոնական բանկի հետևողական  աշխատանքի շնորհիվ՝ Հայաստանը բավականին լավ կարողանում է կարգավորել գնաճը: Հարկ է նկատել, որ անվանական աշխատավարձի կարգավորման համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ: Աշխատանքային պայմանագրերը սովորաբար կնքվում են 1-3-5 տարով:

Գնաճի պայմաններում, սակայն, շատ հաճախ դրանք չեն կարգավորվում: Ուշագրավ է, բայց  երբ նայում ենք իրական աշխատավարձի (ոչ թե անվանական) ցուցանիշին, ապա աճ ենք նկատում: 2016 թվականին իրական աշխատավարձը փոքր-ինչ կրճատվեց: Դրա համեմատությամբ գների իջեցումն ավելի մեղմ էր: Գուցե սա է պատճառը, որ առկա տարբերությունը մարդկանց՝ ավելի զգալի թվաց: Կհիշեք, այդ ժամանակահատվածում մարդիկ շատ էին բողոքում  ու լրատվամիջոցներն էլ անընդհատ բարձրաձայնում էին այդ մասին։

Հարկ է խոսել նաև տեխնոլոգիաների զարգացման մասին, որովհետև այս դարում աշխատատեղերի, անգամ գնաճի վրա՝ դրանք մեծ ազդեցություն են ունենում՝ դրական առումով: Դրանք զսպում են գնաճի և աշխատավարձի բարձրացման տեմպերը, մեծացնում արտադրողականությունը: Արդյունաբերական, սպասարկող մեքենաները և ռոբոտները փոխարինում են ավելի ցածր որակավորում ունեցող աշխատողներին՝ կրճատելով արտադրական և ծառայության մատուցման ծախսերը: Շուտով  ծառայությունների կամ արտադրական ոլորտի ավանդական մասնագիտությունների տեր շատ մարդիկ կփոխարինվեն: Կազմակերպությունների համար սա լավ է, մարդկանց՝ ոչ այդքան։ Բայց վստահ եմ, որ միջանկյալ այլ տարբերակ կգտնվի: Այդ դեպքում մարդիկ հարկադրված կլինեն բարձրացնել իրենց  մասնագիտական ունակությունները: Ըստ իս, որոշ ժամանակ անց կվերափոխվեն նաև մասնագիտությունները:  Իսկ բնակչության ավելի կիրթ հատվածը մեծ մրցակցություն կծավալի այն աշխատատեղերի համար, որոնք չեն կարող ավտոմատացվել:

Հետո, շատ ընկերություններում աշխատուժի ծախսը կազմում է ընդհանուր ծախսերի 70%-ը: Այս պատճառով, նախկինում սահմանված ավելի բարձր աշխատավարձերը դրդում էին կազմակերպություններին բարձրացնել գինը, ինչն իր հերթին հանգեցնում էր աշխատավարձերի հետագա բարձրացման և այդպես շարունակ… Այսօր այս մեխանիզմը հազիվ թե նույն կերպ աշխատի:

Մյուս գործոնը, որի պատճառով մարդիկ կարծում են, որ գներն ավելի արագ են աճում, քան աշխատավարձերը, մեր տնտեսական կախվածությունն է ռուսականից, Ռուսաստանից եկող ներդրումներից և դրամական փոխանցումներից: Ռուսական տնտեսությունը, պետք է նկատել, իր լավ օրերը չի ապրում: Եվ այդ երկրից ուղարկվող դրամական փոխանցումների կրճատումը մարդկանց վրա զգալի ազդեցություն ունեցավ : Ճիշտ է, ռուսական տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է, սակայն պետք չէ հույսը  դնել միայն դրա վրա: Հարկավոր է դիվերսիֆիկացման քաղաքականություն որդեգրել: Գները մեզ մոտ աճում են տարեկան 2-3%-ով, ինչը լավ ցուցանիշ է։ Շատ շուտով, երբ մարդիկ ընդունեն գնաճի ցածր մակարդակը, կսկսվի անվանական աշխատավարձի աճի դանդաղումը: Մարդիկ ակնկալելով փոքր գնաճ, անվանական աշխատավարձի ավելի փոքր աճ կպահանջեն: Հայաստանը գների կայունությամբ աչքի ընկնող հետխորհրդային երկրներից է:  90-ականների սկզբում գնաճի ցուցանիշը քառանիշ թվով էր արտահայտվում: 1998-ից սկսած այն արդեն միանիշ թվի հասցվեց: 2002-2003 թվականներին իրականացված մի շարք բարեփոխումներից հետո ԿԲ-ն ձեռնամուխ եղավ  գնաճի կարգավորման քաղաքականության փոփոխությանը, ինչն իր բարերար արդյունքները ունեցավ:Դեռ 1972 թվականին Ջեյմս Թոբինի կողմից առաջ էր քաշվել տեսակետ, որ չափից դուրս ցածր գնաճը՝ երկարաժամկետ հատվածում կարող է մեծացնել գործազրկության մակարդակը: Սա թեև հավանական, սակայն վիճելի փաստարկ է: Այնինչ մեր տնտեսության համար ամենաարդյունավետը  գնաճի մակարդակի կարգավորման քաղաքականությունն է:

Այսպիսով ստացվում է, որ աշխատավարձերի և սպառման ընդհանուր ոլորտը հնարավորինս բալանսավորված է: Իհարկե, բոլորս էլ ցանկանում ենք, որ Հայաստանը զարգանա ու ամրանա այնքան, որ  աշխատավարձերը գերազանցեն սպառողական միջին զամբյուղի չափն ու  հասարակության «ֆինանսական թոքերն» սկսեն ավելի ազատ շնչել։ Սակայն հարկ է խոստովանել,որ այս պայմաններում տարվող քաղաքականությունը թերևս ամենահաջողն է։ Մնում է հուսալ, ավելի շատ աշխատել տնտեսական զարգացման վրա ու  կհաջողվի ունենալ այն Հայաստանը, որը պատկերացնում են տնտեսագետներն իրենց երազանքներում։

Սիրով՝ ձեր Արիանա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register