ԵԹԵ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՔ  ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ՝  ՈՉԻՆՉ ՄԻ ՁԵՌՆԱՐԿԵՔ

ariann

Եթե ինձ հաջողվեր ձեզ տեղափոխել «Ճամփորդի» թիմի ներաշխարհ, ապա այս հոդվածի վերնագիրը  ձեզ  համար առավել քան պարզ կդառնար, կհուշեր, թե ինչ մտածելակերպ է տիրում այնտեղ: Մենք չենք վախենում անհայտից, չենք վախենում անել մի բան, որ պայմանական իմաստությունը մեզ ասում է մի՛ արա:

Ճամփորդը» ծնվեց 2016-ի փետրվարի 2-ին՝ ի հեճուկս շատ «ոչերի» և մարտահրավերների: «Ոչ, դա չի աշխատի», «աբսուրդ գաղափար» է», «իզուր ինչո՞ւ գումար վատնել», «տպագիր մամուլը ոչ ոքի հետաքրքիր չէ», «սա կայուն չի լինի»: Հնարավոր է, որ այս դիտարկումները նաև ճիշտ լինեն, ով գիտե: Դրանում կհամոզվենք ապագայում: Սակայն հիմա մենք կանք, մեկ տարի անց մենք ներկայանում ենք որպես մեդիա ոլորտում ճանաչված և անկասկած, ամենալայն տարածումն ունեցող միավոր, ծանրակշիռ ուժ՝ հայկական տպագիր մամուլում:

Փաստ է, որ եթե ինչ-որ նոր կամ հետաքրքիր բան ես անում, քեզ չի կարող շրջանցել քննադատության ալիքը՝ հատկապես, եթե դա անում ես Հայաստանում: Սակայն «Ճամփորդն» ունի արժեքային ըմբռնումներ ու հավատամք, որոնք էլ առաջնորդում են մեր թիմին: Ինչո՞ւ ուրեմն սկսեցինք: Առաջին հերթին մենք ցանկանում էինք ամբողջ շաբաթվա ընթացքում պայծառ և ոգեշնչող լույսով լուսավորել երևանցիների աշխատանքի գնալու ճանապարհը: Մենք անդրադառնում ենք այնպիսի պատմությունների, որոնց այլ լրատվամիջոցներ չեն անդրադառնում. մենք խոսում ենք փոքր բիզնեսի, տարածաշրջանային Հայաստանի, կանանց մասին: Տարբեր ՀԿ-ների կողմից իրականացվող ծրագրերի մասին, տարատեսակ դժվարությունների դեմ պայքարող փախստականի, մարտի դաշտում զինակիցներին ոգևորած երաժշտի մասին, մայրաքաղաքում տեղի ունեցող վատ ու լավ դեպքերի մասին: Կարճ ասած, այնպիսի թեմաների մասին, որոնք լրատվության այլ միջոցների կողմից  շրջանցվում են: Այսպես մենք մեր թերթը  մաքուր, քաղաքականությունից և դեղին մամուլից զերծ ենք պահում: «Ինչպե՞ս  եք դա անում». շատ են ինձ հարցնում: Առաջինը, մենք  ոչ մեկի խամաճիկը չենք ու ինքներս ենք կարևորն անկարևորից տարբերակում:

Իհարկե, անաչառ մամուլ չկա, միշտ էլ որոշակի կողմնակալություն,այնուամենայնիվ, դրսևորվում է, քանի որ անհատականություն ունեցող յուրաքանչյուր ոք կարծիք ունի, որը հնարավոր չէ լիովին լռեցնել: Մենք  փորձում ենք  թեմաները ներկայացնել այնպիսի լույսի ներքո, որ ընթերցողն ինքը  կողմնորոշվի ու տա իր գնահատականը:

champorrd

Ներկայացնեմ «Ճամփորդի» մեկ այլ կարևոր արժանիք: Մեր թերթում  հանրային քաղաքականությանն առնչվող նյութերը ներկայացվում են պարզ, առանց քաղաքականության մասնակցության, հակիրճ և պարզ ձևով, առանց քաղաքական կերպարների և կուսակցությունների մասին քննարկումներ ծավալելու՝ առանց ավելորդ ինտրիգի: Այս ամենը նրա համար, որ սովորական մարդը կարողանա հասկանալ, թե ինչ է կառավարությունը ցանկանում անել, կամ ինչ ծրագրեր ունի: Այս գաղափարն է ընկած «Ճամփորդի» գործունեության  հիմքում: Նպատակը՝ հանրային քաղաքականությանն առնչվող թեմաների մասին  ընթերցողների իրազեկվածությունը բարձրացնելն է: Ինչու ենք կարծում, որ կարող ենք սա լավ անե՞լ: Այդպես ենք կարծում, քանի որ ի տարբերություն սոցիալական և օնլայն մեդիայի՝ տպագիր լրագրությունը թանկ արժե: Մենք պարզապես մեկնաբանություններն ու սխալները ջնջելու հնարավորություն չունենք: Յուրաքանչյուր շաբաթ մենք միայն մեկ հնարավորություն ունենք, մեկ հնարավորություն… Այնպես որ, մեր արտադրածը չի կարող էժան լրատվություն լինել: Մեզ համար խնդիրը առաջինը լինելը չէ, ոչ էլ միլիոնավոր լայքեր հավաքելը՝ ամեն րոպե նոր լուրեր տեղադրելով ( ինքներդ ձեզ հարց տվեք, ո՞րն է հազարավոր սուտ ու պատիր հոդվածներ զետեղելու, բովանդակության հետ աղերսներ չունեցող վերնագրեր դնելու և նույն խայծով լայքեր կորզելու իմաստը): Սրա ազդեցություններից մեկն այն է, որ օնլայն լուրերը առաջնային են համարում ԱՌԱՋԻՆԸ, քան ՃՇՄԱՐԻՏ լինելու գաղափարը: Փաստորեն կարևորն այն է, որ առաջինը լինես ու ամենևին նշանակություն չունի ասածդ ճիշտ է, թե ոչ: Լայքերի թիվը ավելացրեք, թող շատ քլիքներ լինեն…մի՛ մտածեք այն մասին, թե ում վիրավորեցիք, դա ում է հետաքրքիր…պարզապես վաճառեք լուրը): Ընտրությունների նախաշեմին մեր տարածման շրջանակն ավելի է մեծացել.մենք հիմա ոչ միայն տարածվում ենք հանրային տրանսպորտի բոլոր միջոցներում, այլև՝ չարթերային չվերթներում, գրախանութներում, սուպերմարկետներում, արդեն երկու շաբաթ է, նաև ՝ Ազգային ժողովում: Այժմ մեր պատասխանատվությունն ավելի մեծ է. և այդպես պետք է լինի բոլոր լրատվամիջոցների համար՝ տպագիր, թե օնլայն, մենք պետք է ճիշտն ասենք: Մեր նպատակն է տեղեկացնել, ստիպել ընթերցողին մտածել այդ մասին, դրդել սեփական խելամիտ դատողությունների՝ նպաստելով  մեր կյանքում դրական շառավղի ընդլայնմանը :

«Ճամփորդը» հենվում է շատ կամավորների և մեր փոքրիկ՝ նվիրված թիմի վրա: Մեր ռեսուրսները սահմանափակ են: Սակայն մենք հավատում ենք մեր գործին, ահա թե ինչու ենք այստեղ և հույս ունենք, որ վաղն էլ ենք լինելու: Մենք չենք աշխատում մեր շահի համար: Մենք տնտեսական առումով վնասով ենք աշխատում, բայց մեր ապագան պայծառ է լինելու, քանի որ հավատարիմ ենք այն արժեքներին, որ միավորել և առաջ են տանում մեզ: Լինել անկախ: ՍԱ է արժեքը, ՍԱ է, որ երկարաժամկետ ազդեցություն է ունենում: Դատելով տպագիր և էլեկտրոնային նամակների, հաղորդագրությունների, հեռախոսազանգերի միջոցով մարդկանց ներգրավվածությունից՝ մենք տեսնում ենք, որ արժեք ենք ստեղծում հանրության համար,երևանցիների համար, ովքեր սիրում են ռավոտյան արթնանալ ու իրենց ձեռքին բռնած դրական մի բան կարդալ: Այս առումով  «Ճամփորդը»  փոքր-ինչ նման է «Amazon» կազմակերպությանը՝ աշխարհում  գործող, շահույթ չհետապնդող ամենամեծ կազմակերպություններից մեկին: Այն արժեքավոր է ոչ նրա համար, թե որքան շահութաբեր է այժմ, այլ նրա համար, թե որքան արժեքավոր է լինելու ապագայում:

Այսքանը մեր այցեքարտի մասին: Քաջ գիտակցում ենք, որ չենք  դավանում շատերի կողմից  որդեգրված լրատվության սկզբունքներին, ինչի համար մեզ քննադատում են, սակայն գիտենք նաև, որ դա անխուսափելի է: Եվ շատ ավելի համոզված ենք մի հարցում, որ ճշմարիտ ու լավ գործ ենք անում: Եթե քննադատությունից վախենանք, մենք էլ պիտի անգործ նստենք ու ուրիշի քննադատենք:

 

Սիրով՝ «Ճամփորդի» թիմ

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register