ԲԱՐԻՔԸ  ՊԻՏԻ  ԾՆՎԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅՈւՆԻՑ

1

Բնական պաշարներն, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում էլ անսպառ չեն։ Քաղցրահամ ջրի ամենամեծ ամբար համարվող Սևանն, օրինակ, հայաստանաբնակների համար ազգային հպարտությունից բացի նաև փոքրիկ ծով ու «փրկօղակ» է։ Գործող օրենքի համաձայն, յուրաքանչյուր տարի Ազգային ժողովը հաստատում ու ոռոգման կարիքների համար տարեկան մինչև 170 միլիոն խորանարդ մետր ջրառ է թույլատրում Սևանից։ Սակավաջուր տարիներին, սակայն, երբ հանրապետության մյուս ջրամբարները սահմանվածից պակաս են համալրվում ջրով, Կառավարությունը դիմում է ԱԺ-ին՝ լրացուցիչ ևս հարյուր միլիոն խորանարդ  մետր ջրառ իրականացնելու առաջարկով: Այդպես եղավ նաև այս տարի։ Սա՝ մի կողմից։ Մյուս կողմից էլ վերջին տարիներին հետևողական քայլեր են  ձեռնարկվում Սևանի մակարդակը բարձրացնելու և ռազմավարական 1903 մետր նիշի հասցնելու ուղղությամբ։ Հիշատակված նիշի ապահովման դեպքում՝ ափամերձ շատուշատ կառույցներ ու հանգստի գոտիներ կհայտնվեն ջրի տակ։

Ստացվում է, որ նման շարունակության դեպքում՝ մասնավոր ներդրողները դրանից կարող են  մեծապես տուժել։ Մինչդեռ իրականում բնության գողտրիկ անկյունները վարձակալությամբ մասնավոր ընկերություններին  հանձնելը պիտի որ դրական արդյունք ապահովեր: Մասնավոր ընկերությունները տարածքը մաքուր պահելու շահագրգռվածություն պիտի ունենան: Նման կազմակերպությունները, որպես կանոն, տվյալ շրջանի ենթակառուցվածքները բարեկարգելու, գովազդային արշավ իրականացնելու և զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելու տարաբնույթ քայլեր են ձեռնարկում:

Կառավարությունն էլ իր հերթին պարտավոր է հետևողական լինել՝ հատակապես երկու գործոնի նկատմամբ։ Առաջինը՝ պետությունը պետք է վստահ լինի որ տարածքը վարձակալած ընկերությունը մենաշնորհային  դիրքը  չի չարաշահի ու առանց  գերշահույթ ստանալու ակնկալիքի (ինչպես հաճախ լինում է մուտքավճարներ գանձելիս)` կնպաստի  տվյալ տարածքի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Երկրորդ. պետությունը պետք է վերահսկի որ այդ կազմակերպությունները  գործեն բնապահպանական չափորոշիչների շրջանակում։ Հստակ չափանիշներ պետք է գործեն  նաև վարձակալ ընկերության ընտրության հարցում: Եվ երրորդ՝ արտոնագրի տեր դարձած ընկերությունները «անժամկետ» առաձգական ձևակերպման փոխարեն, պետք է հողի տեր դառնան  որոշակի, բայց իրատեսական ու սահմանափակ ժամանակահատվածով ( օրինակ՝ 5-10 տարով):

Ավստրալիայում, օրինակ, տեղաբնակներին աշխատանքի վերցնելու համար  կազմակերպություններին որոշակի հարկային արտոնություններ են տրամադրվում: Նման կերպ կարելի է շահագրգռել նաև տարածքներ վարձակալող հայկական կազմակերպություններին: Շնորհիվ դրա  տեղաբնակները կարող են աշխատանք  ունենալ ու զարգացնել իրենց  աշխատանքային հմտությունները՝  չկտրվելով հայրենի գյուղից կամ քաղաքից:

Հայաստանում ևս կա համագործակցության ուսանելի նախադեպ: «Տաթևեր» ճոպանուղին՝ պետական  և մասնավոր հատվածի համագործակցության վերջին տարիների լավագույն օրինակն է։ Պետություն- մասնավոր հատված համագործակցության արդյունքում  պետությանը  հաջողվում է նոր աշխատատեղեր ու հանրային բարիք ստեղծել, իսկ մասնավոր հատվածն էլ ստանում է որոշակի շահույթ: Երբ չնաշխարհիկ բնությունը մնում է չօգտագործված, ենթակառուցվածքների, մաքրության տեսանկյունից ժամանակի ընթացքում  վիճակը վատանում է: Ու քանի որ նման  տարածքները չեն գովազդվում, մարդիկ չեն այցելում նման վայրեր: Մինչդեռ խնդրի ճիշտ դրվածքի դեպքում լուծումն էլ կարելի է համագործակցության մեջ  փնտրել։ Պետությունն ու  մասնավոր հատվածը բնությունը միասին վայելելուց բացի պետք է սովորեն նաև հոգ տանել նրա մասին, քանի որ սպառողի հոգեբանությունը  վնասակար է շրջակա միջավայրի համար։

Սիրով՝ ձեր Արիանա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register