«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» -Ի ՀԱՄԱՐ ԿԻՆՈԴԻՏՈՂԸ ՀԻՄԱՐ Է

1

Հուլիսի 9-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որի այս տարվա մեկնարկի համար ստացվել է 1100 հայտ՝ 96 երկրից, ընդունվել ավելի քան 100 ֆիլմ, որոնց մեջ ընդգրկված են Կաննի փառատոնի, Բեռլինի հաղթանակած ֆիլմերը, Ռոտերդամի երեք լավագույն ֆիլմերը, Վենետիկի մրցանակային տեղ գրաված ֆիլմերը: Ծրագիրն իրականացվում է Չինաստանի դեսպանատան աջակցությամբ և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի աջակցությամբ:

Քաղաքում շարժական կինոցուցադրություն կազմակերպելու համար  ձեռք է բերվել 4 շարժական կինոթատրոն ։ Փառատոնի ֆիլմերը հետագայում շրջագայելու են մարզերով։ «Ոսկե Ծիրան»-ի ծրագրերի տնօրեն, կինոգետ Միքայել Ստամբոլցյանը դեռ հունիսին տված հարցազրույցում նշել էր, որ այս տարի շատ անվանի և ուշագրավ կինոգործիչներ են ընդգրկվել մրցութային հանձնաժողովներում․«Խաղարկային ժյուրիում չորս ռեժիսոր է ընդգրկված, և  այն գլխավորելու է բրիտանացի ռեժիսոր Հյու Հադսոնը, որի մի ֆիլմը չորս անվանակարգերում «Օսկար»-ի է արժանացել, իսկ մնացած ֆիլմերը և՛ «Օսկարի» նոմինանտ են եղել, և՛ Կաննում, և՛ բազմաթիվ այլ հեղինակավոր  փառատոներում են մրցանակներ ստացել»։ Գեղեցիկ է հնչում,այնպես, չէ՞։ Բայց, ինչպես չերնոմիրդինյան «իմաստնությունն» է ձայնում՝ «Ուզում էինք ավելի լավը, բայց ստացվեց ինչպես միշտ…»:

Վերջին օրերին սոցցանցերում հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Կինոմիության նոր ղեկավարները, որոնք փառատոնի գործընկերներից են, արգելել են  «Լսիր ինձ» ֆիլմաշարի ցուցադրությունը, որը պատմում է Հայաստանի ԼԳԲՏ համայնքի որոշ անձանց մասին։ Արգելք է դրվել նաև Փուրիա Հեյդարի «Ծիրանի այգիներ» ֆիլմի վրա, որը էլի նույն  թեմայով է։ Պատճառը հասարակական աղմուկն է։  Դե, բնական է, բոլոր ֆիլմերը չեն, որ կարող են ցուցադրվել՝ անգամ եթե մեծ ցանկություն լինի, որովհետև կինոփառատոնի օրերը ֆիքսված-սահմանափակ են։ Բայց տարօրինակ չի՞ թվում փաստը, որ  իրար ետևից արգելվում են  կոնկրետ ուղղվածություն ունեցող ֆիլմերը։ Ֆիլմերի թեման այլ պատմություն է, որի վրա, իրականում, արհեստականորեն ֆիքսվել են այստեղ, քանի որ աշխարհում  ԼԳԲՏ համայնքի մասին ֆիլմեր  նկարվել ու նկարվելու են, շահել են մրցանակներ ու շահելու են, տարօրինակ ոչինչ չկա։ Ամբողջ հարցը նրանում է, որ  մենք պատեհ-անպատեհ առիթի դեպքում աղաղակում ենք  եվրոպական ստանդարտների, առաջադիմության, կրթվածության մակարդակը բարձրացնելու մասին։ Բայց  գործնականորեն զարնվում ենք գրաքննության պատին։

Փաստորեն, «Ոսկե ծիրանի»  ու Կինոմիության համար իր կինոդիտողը հիմար է։ Կազմակերպիչները համարում են, որ կինոփառատոնին հետևողը չունի սեփական ճաշակի զգացում, չի կարող որակով կադրը  տարբերել անորակից, ու, հետևաբար, որոշակի թեմա իսպառ պետք է վերացնել իր տեսադաշտից, որովհետև նա չի կարող դա ընկալել։ Մենք՝ ֆիլմասերներս, անգամ այնքան հիմար ենք, որ սեփական մարմինն էլ չենք ճանաչում, ու տեսնելով, թե  ինչպես է մի տղամարդ որոշել կին դառնալ, ֆիլմի ավարտից հետո, ձեռք ձեռքի տված, գնալու ենք ուղիղ կլինիկաներ՝ սեռափոխության։

Ծիծաղելի է հնչում, չէ՞։ Մինչդեռ ծիծաղելին  կազմակերպիչների պահվածքն է։ Եվ մենք էլ ամենևին հիմար չենք, ուղղակի փառատոնի ստեղծողներն են վախեցել հասարակության արձագանքից։ Մինչդեռ արվեստը ստեղծվում է արձագանքի համար։ Թող տվյալ ֆիլմերից ընտրեին այն մեկը, որը որակապես ավելի լավն է՝ օբյեկտիվ, սեփական կարծիքը մի կողմ դրած։ Ու մենք էլ գնայինք նայելու ու ինքներս  փորձեինք գլուխ հանել։ Քննարկեինք ու որոշեինք,  որ՝ չէ, գիտես, թույլ ֆիլմ էր՝ մարդու սեռականության վրա անտեղի շեշտերով։ Կամ էլ հակառակը՝ օպերատորական լուծումները հավանեինք ու փորձեինք հասկանալ  ասելիքի շեշտադրությունը։

Այո, շատերը ֆիլմերը չէին ընդունելու։ Այո, շատ մեդիառեսուրսներ դեմ էին արտահայտվելու։ Այո, կազմակերպիչները քննադատվելու էին։ Եվ դա բնական է՝ մեր երկրի դեպքում։ Հենց այդպես էլ պիտի լիներ, որովհետև արվեստը գովասանքի ծափահարություններից բացի պիտի դիմանա նաև շպրտած լոլիկների տարափին՝ եթե կարիք կա,իհարկե։ Երբ դու սկսում ես վախենալ հասարակությունից,  կորցնում ես քո ուժը՝ նրան փոխելու կամ մտածել սովորեցնելու համար, ուրեմն՝ ձեռնարկված քայլերն ինքնանպատակ են։ Ուրեմն՝ փառատոնը չի դրել իր առաջ խնդիր՝ քննարկվելու, կրթելու,  սահմաններ կոտրելու ու  կինոդիտողին ներերկրային գաղջից պոկելու համար։Սա դասական գրաքննություն է։ Եվ բացարձակ կարևոր չէ ֆիլմի թեմատիկան։ Կինոդիտողին պետք է հնարավորություն տալ, որպեսզի ինքն ընտրի՝ ինչ նայել ու հավանել, որ թեմայով հետաքրքրվել։

Կոնկրետ թեմա «տաբուացնելով» սահմանափակվում է մարդկանց ազատ՝ մտավոր տեղաշարժի իրավունքը։Եվ սա էլ մի կողմ, եթե արվեստը դրվում է կաղապարների մեջ, այն կորցնում է իր մոգականությունն ու հզորությունը։ Եթե դու փառատոն ես, որը  որոշել է հայկական կինոն բարձրացնել, բայց արգելքներ է դնում ֆիլմերի վրա՝ միայն այն պատճառով, որովհետև դրանք այս կամ այն թեմայով են, ապա  նպատակդ ձևական է։ Վախի մեջ արվեստ չկա, վախի մթնոլորտում չկա քննարկում, հետևաբար՝ չկա աճ։ «Ոսկե ծիրանը», ցավոք, պարտվեց հասարակական կարծիքին ու վախերին, նաև՝ Կինոմիությանը։

Սյունե Սևադա

Լուսանկարը՝ Գևորգ Գևորգյանի

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register