«ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻՑ» ՍԵՐՈՂ ԱՂՋԻԿԸ

1

«Սասուն գնացի, որովհետև հավատում էի, որ միակ վայրն է աշխարհում, որտեղ իմ տեսակը թափառում է, իմ պապիկի տեսակը։ Էդ տեսակը մենակ մարդիկ չեն, ջուրն էլ է, լեռներն էլ։ Մեր տեսակը։ Պապիկիս տեսակը, որին երբեք չեմ տեսել ու գնացի ինչ-որ իմաստով նաև իրեն գտնելու, այդ բացը կյանքումս լրացնելու։ Ու գտա»:

Սա Սոֆյայի խոստովանությունն է, լրագրող ու սյունակագիր մի աղջկա, որ ծնվել ու մեծացել է Երևանում, սակայն իրեն ամբողջական ու ամուր զգացել միայն արմատները գտնելուց հետո, ավելին, իր ու հետո նաև բոլորիս համար իր Սասունն է հայտնագործել:

Իսկ դա սկսվել է 2014թ., երբ Հալեպի «Գանձասար» պարբերականի հոդվածաշարի համար լուսանկարներ անելու նպատակով մեկնել ու երկու շաբաթ մնացել է  Սասունի հայաբնակ գյուղերում: Ակամա սկսել է նաև տեսաձայնագրություններ անել, թեկուզ անվարժ, սակայն հայերեն երգող  պապիկների տեսնելով առաջին անգամ ձեռքն է վերցրել տեսախցիկը: Երևանում հասկացել է, որ իր բերածը քնեցնելու նյութ չի, մանավանդ,  որ նկարածըՍասունում հայերեն երգող, էպոս պատմող վերջին սերունդն էր:

Ինձ հետ միայն Հառո տատիկը չէր խոսում, ես բարբառը չգիտեի, ասում էր` մըր լիզվով խոսա: Սասունի ամենածեր հայ կինն էր, փակ գանձարան՝ չի խոսում: Հետ եկա Երևան, 10 ամիս շարունակ ամեն օր էպոս թերթեցի, սովորեցի: Ուղիղ 10 ամիս հետո հետ գնացի Սասուն, իր հետ իր բարբառով խոսելու համար: Այդ տարի միայն դրա մասին էի մտածում, որովհետև Հառոն արդեն 97 տարեկան էր: Ու իսկապես, նկարեցի, մի քանի ամիս անց նա մահացավ: Այդպես է ծնվել «Հայերեն չըն գինը» ֆիլմը ու դրանից հետո Սասունը միշտ եղել է ու կա իմ անվան կողքին: Բառի բուն իմաստով. մարդիկ հեռախոսներում «Սոֆյա Սասուն» են գրում անունս»,-պատմում է սասունցի աղջիկը:

Դողացող ձեռքով, բայց բաց նյարդերով նկարված«Հայերեն չըմ գինը» հեղինակն ընդգծված սեր ունի ֆիլմի նկատմամբ, իսկ Հառո տատիկի հետևից գնալիս ծնվել է մյուս նախագիծը` «Հաց ու թանը»: Այսպես նաև համագործակցությունն է ծնվել ՆՓԱԿ-ի պրոֆեսիոնալ թիմի հետ, ինչը վկայում է, որ առաջիկայում կվայելենք ևս մի անկեղծ ու խոսուն ֆիլմ:

Սոֆյային՝ Սասունի բացահայտման հարցում շատ է օգնել իր ղեկավարը՝ «Horizon Weekly»-ի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը, որն օվկիանոսի այն կողմից` Կանադայից  իրեն է հասցրել տասնամյակներ առաջ Բեյրութում հրատարակված «Ռուբենի հիշատակարանի»  7 հատորի բացառիկ օրինակները, ասելով՝ սա Սասունի հանրագիտարանն է ու շարունակությունը դու պետք է գրես: Ոչ միայն Ռուբենի հատորները, այլև Սասունի և Արևմտյան Հայաստանի մասին բոլոր գրքերում է պատմությունն ընդհատվում 1915թ-ով: Իսլամացված կամ ծպտյալ քրիստոնյա հայերի պատմության համատեքստում արդեն հսկայական աշխատանքներ են տարվել, Համշենի, Դերսիմի մասին խոսվել է, պատմվել է, Սասունի շուրջ տեղեկատվական դաշտը դատարկ էր, ձեռք տված  չէր, բոլոր գրվածներն ու ասվածները ցեղասպանությունից այս կողմ չէին անցնում:

Լրագրողի գործն ու բնույթն է՝ լրացնել տեղեկատվական բացերը, լինել այնտեղ, որտեղ ասելիք ու լսելիք կա: Այդ առումով նախ որպես լրագրող, հետո որպես հայ բախտավոր եմ, որ հայտնվել եմ ճիշտ տեղում ու ճիշտ մարդկանց կողքին»,-ասում է Սոֆյան, որ առաջիկայում պատրաստվում է «Ճամփորդի» ընթերցողներին փոխանցել Սասունում իր քաղած հետաքրքիր տեղեկություններն ու բացահայտումները

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register