ԱՅԼԱԿԱՐԾՈւԹՅՈւՆԸ ՀԱՋՈՂՈւԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ Է

arixarabax

Կյանքի իշխող գույները սևն ու սպիտակ են, բայց կան այլ գույներ՝ սև ու սպիտակից այն կողմ, որոնք մենք տեսնում ենք, սիրում ու ընդունում։ Եվ ինչպես բնության մեջ մենք չենք ընդունում  միատոն գույները, միայն երկու «գույնի» առկայությունը, այնպես էլ մարդու բնույթն ու «բնությունը» չի կարող  լինել միայն սև և սպիտակ։

Հանդուրժողականությունն ու այլակարծությունն առողջ հասարակություն ստեղծելու համար կարևոր պայման են։ Կարևոր են, որովհետև միայն քննարկումների արդյունքում կարող են ծնվել հնարավորինս պիտանի գաղափարներ ու որոշումներ, իսկ քննարկում  ունենալու համար պահանջվում է հենց այլակարծություն, այլապես այն ուղղակի անիմաստ կդառնա․ ո՞ւմ է պետք նույն միտքն ու գաղափարն անընդհատ քննարկել՝ առանց տարբեր լուծումներ առաջարկելու։

Հեղափոխությունից հետո  զգացմունքները շարունակում են լարված մնալ՝ չնայած շուտով կլրանա արդեն մեկ ամիսը։  Հեղափոխության կողմնակիցները ծայրահեղ վատ են արձագանքում ցանկացած հակառակ կարծիքի, և եթե անգամ կարծիք չէ, այլ ուղղակի՝ համակարծիք լինելով հանդերձ ինչ-որ դիտարկում, մեկ է՝ այն ընդունվում է սվիններով։

Հիմա մեզնից շատերը դեռ զգացմունքներով են առաջնորդվում, դա բնական է, բայց մենք պետք է հասկանանք, որ էյֆորիան պետք է ճնշել ու հասցնել մինիմալի, արդեն ժամանակն է։ Ժամանակն է ոչ թե երազելու, այլ՝ աշխատելու, այլապես եթե մարդիկ ուզում են ավելի լավ Հայաստան կառուցել՝ այդպես էլ չեն կառուցի, քանի որ այդ ցանկությունը կմնա զգայական մակարդակում ու չի դառնա որոշումների, հետո նաև՝ գործողությունների շարք։

Ի վերջո, դրական գործ կարող են անել անգամ ծայրահեղ տարբեր մտածելակերպ ունենալով հանդերձ, և խոսքը միայն  հեղափոխության մասին չէ։ Գուցե մարդկանց որոշ մասն ինչ-որ հարցի լուծում տեսնում է ծայրահեղ այլ ձևաչափով։ Սա վատ չէ, և հակառակ կարծիք ունենալը պարտադիր չի նշանակում, որ նրանք սխալվում են։ Եթե նրանք կարող են իրենց առաջարկով գործելով ինչ-որ հարցում դրական փոփոխության հասնել, ինչո՞ւ չի կարելի թույլ տալ։

Մենք ուզում ենք առողջ հասարակություն, սակայն ճնշում ենք բոլոր այն մարդկանց, որոնք մեզ հետ համակարծիք չեն։ Բայց փորձը ցույց է տվել, որ «միատոն» հասարակությունը դատապարտված է անհաջողության։ Թեկուզ, լոկալ օրինակ բերեմ․ մեր խմբագրությունում աշխատում են մարդիկ, որոնք անհատականություն են, ունեն իրենց սեփական կարծիքը՝ այս կամ այն հարցի շուրջ, մենք շատ հաճախ ենք զրուցում, ու սովորաբար այդ զրույցները դառնում են ակտիվ քննարկումներ, բայց ցանկացած հակառակ կարծիք լսելիս դիմացինը հասկանում է, որ, մեկ է, հակառակ կարծիք արտահայտող գործընկերը ևս ուզում է դրական լուծում, ուղղակի՝ այլ ճանապարհով։

Դե պատկերացրեք, եթե օրինակ ես արգելեի այս մարդկանց արտահայտել իրենց անձնական տեսակետը։ Մի մասը կսկսեր ձևականորեն հարել իմին, բայց այդ համակարծությունը կլիներ անպտուղ, նրանք ուղղակի գլուխները կտմբտմբացնեին ու ոչ մի լուծում չէին առաջարկի, քանի որ  գաղափարապես համակարծիք չեն, և հետևաբար՝ չգիտեն ինչ կարելի է առաջարկել։ Մյուս մասն էլ ուղղակի կփակվեր իր ներսում ու բացարձակ ոչինչ չէր ասի։ Հիմար ղեկավարին սա դուր կգա, քանի որ կմտածի, թե հեղինակություն է, իսկ խելացի ղեկավարը կհասկանա, որ այսպես կճահճանան թե՛ ինքը, թե՛ գործընկերները, թե՛, առհասարակ, աշխատանքը։

Նույնն էլ պետության մեջ է կատարվում։ Եթե չեք ուզում ճահճացում՝  պիտի սովորենք ընդունել մյուսի կարծիքը ու չհամարենք մեր կարծիքը բացարձակ ճշմարտություն։ Բացարձակ ոչինչ չկա, ամեն ինչ փոփոխական է և ճշմարտացի՝ ըստ իրավիճակի։ Եկեք սովորենք լսել իրար ու հարգել այլակարծությունը, միայն այդ ժամանակ կունենանք այն Հայաստանը, որի մասին երազում ենք բոլորս՝ անկախ տարբեր տեսանկյուններից։ Մենք բոլորս մի կողմ ենք նայում, եկեք չմոռանանք այս մասին։

Սիրով ձեր՝ Արիանա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register