ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՐԱՎԱՌՈւԹՅՈւՆԸ

zinvor

Հիշողությունները նմանօրինակ են. մի մասը դեռևս ճմլկոտում էր անկողնում, մյուսները ծուլորեն սուրճ էին պատրաստում ու թերթում համացանցը, երբ պատերազմը եկավ՝ ոտնաթաթերի վրա ու այնպես, կարծես չէր էլ գնացել: Պարզվեց՝ բոլորիս տների բանալիներն ունի, պատուհանների բարձրությունից  էլ չի վախենում:

Մեծ տարբերություն կա պատերազմի մասին անվերջ լսելու և ապրելու միջև: Ոմանց համար՝ պատերազմը վարելու մեջ է: Մի բան է արխիվ դիտելը, մեկ այլ բան՝ սեփական ձեռքերով 2016 թվականն արխիվացնելը: Ոմանց համար՝ արխիվի կարևոր բաղադրիչը լինելն ու սեփական ներկայությամբ այն թանկարժեք դարձնելն է:  Անհամեմատելի է լացը տեսանյութի, կամ քեզնից երկու տարի փոքր ՝ նոր չափահաս դարձած երիտասարդի հոգեհանգստի ժամանակ: Մեկի համար՝ որդի, մյուսին՝ բարեկամ: Երրորդներն էլ  շնորհակալություն էին հայտնում ճակատագրին, որ որդին  թեև անդամահատված, բայց այնուամենայնիվ վերադարձել է… Այս նրբությունների մասին մենք չգիտեինք: Չգիտեինք, որ պատերազմին երբեք պատրաստ չես լինում: Չգիտեինք, որ Հայաստանի պատերազմները անցյալ կատարյալից բացի, կարող են լինել նաև ներկա շարունակական:

Եվ ամենասկզբում էլ մերժողական կեցվածքով հրաժարվում էինք ընկալել իրողությունը: Արձագանքի առաջին ալիքը տագնապային էր: Հետո արդեն՝ տագնապի մեջ իրար հանգիստ լինելու կոչեր էինք ուղղում: Որոշ ժամանակ անց միայն, այն էլ կամաց-կամաց սկսեցինք գիտակցել՝ թե ինչ է կատարվում:

Երթուղային բարձրանալիս անծանոթների առաջին հարցն էր. «Ժողովուրդ ջան, ի՞նչ նորություն կա մեր երեխեքից»: «Մեր երեխեքի» ընդհանրական անվան տակ հասկանում էինք բոլորին միասին. հիսունն անց սպաներին, նորակոչիկներին, սահմանամերձ տարածքում ապրողներին: Սկսեցինք սնունդ ու հագուստ հավաքել, ցուցակագրվել ու սահման գնալ: Արել ենք անհնարինը, գիտակցել ենք կարևորը, ամեն փոքր մանրուքից վեճ դարձնողներս րոպեների ընթացքում սովորեցինք լսել իրար: Բայց ցավոք էլի, լարվածության մեղմանալուց հետո վերադարձանք հնին:

Պատմում են՝ սահմանին ավագները երիտասարդների հետ կռիվ էին անում, մեծերը փոքրերին ասում էին՝ մի մատ երեխա ես, անցի հետ, ես կկանգնեմ: Երիտասարդներն էլ չէին նահանջում՝ «Այ հոպար, ի՞նչ գործ ունես ախր, որ եկել ես, գնա տուն, նարդի խաղա»… Իրար քաշքշելով փորձում էին առաջնագծից մի կողմ տանել, վերջում իրար էին փաթաթվում:

Լրագրողներով հաճախ կապ էինք հաստատում սահմանամերձ գյուղերի հետ: «Ի՞նչ եք անում, ո՞նց է վիճակը» հարցին՝ հիմնականում պատասխանը նույնն էր. «Ծառ ենք ջրում, ի՞նչ պիտի անենք: Ոչխարը սարերում է,  սպասում ենք ժամը գա, գնանք հետևից», Երևանից զարմանում էինք՝ «Բա պատերա՞զմը»: Մեզնից ավելի շատ զարմացած պատասխան էինք ստանում՝ «Պատերազմը ի՞նչ, չապրե՞նք: Հանգիստ նստեք ձեր քաղաքներում, ձեր խելքի բանը չի…»:

Հերոսապատումներ ունեցանք՝ որսորդական հրացանով անօդաչու սարք վերացրած հովվից մինչև տանկերի հետ  կռվում հաղթած տղաներ: Հրաշքով փրկված զինվորներ, որոնց ձեռքից հակառակորդին անգամ հրաշքը չփրկեց:

Անունը «քառօրյա» դրեցինք: Սա ավելի շատ ինքնախաբեության է նման՝ արդարացված: Քիչ ասենք, կարճ ասենք, շատ չթվա: Բայց  երկար էր, անվերջ թվացող երկար: Ուղղակի պատահաբար գիտակցեցինք, որ շուտ էինք պատերազմն արխիվացրել, այն, իսկապես, երբեք չի ավարտվել: Որ միշտ էլ ունեցել է մեր տների բանալիներն ու կարողացել է պատուհաններից ներս մտնել, ուղղակի  մենք ենք ձևացրել, թե չկա:

Մեկ տարի անցավ: Պատմելիքը շատ է: Անցած ապրիլից հետո կյանքն այլևս նույնը չէ: Ինչ էլ գրենք, զգացմունքային է ստացվում: Կամ էլ, այս տեքստի նման, կցկտուր: Կարևոր բաների մասին երևի լռել է պետք: Կարևորը՝ չմոռանանք:

…Երեկ  ավտոբուսում զոհված տղաների մասին հաղորդում էր հնչում: Մի տատիկ «էրեխեք, էրեխեք ջան» ասելով ցածր լալիս էր:

Մի քանի օր առաջ հերթական քաղաքական ընտրությունն էր, քառօրյայի տարելիցի հետ համընկավ: Հաղթողները մոռացել էին օրվա իսկական խորհուրդը, մինչ առավոտ հրավառության ձայներն արձագանքում էին օդում: Իրենց հրավառությունն էր, մեր՝ թնդանոթների մասին հիշողությունը: Ավտոբուսի տատիկը կողքի ընկերուհուն ասաց՝ գոնե մենք լինեինք իրենց տեղը, ու նայեց այնպես, կարծես ամաչում էր, որ ապրում է: Իսկ քաղաքականություն հաղթածները մոռացել էին պատերազմ հաղթածներին,  հրավառություն էին կազմակերպել ու չէին ամաչում:

Ապրիլյան «քառօրյան» շատ բան փոխեց մեր մեջ: Բայց դա բավական չէ: Որովհետև ապրիլյան տարելիցին դեռ հրավառություն անողներ կան: Ստացվում է՝ պատերազմի դասերը լավ չենք սովորել: Իսկ նա ոտնաթաթերի վրա վերադառնալու սովորություն ունի…

 

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register