ԱՊԱԳԱՆ ԹԱԿՈՒՄ Է ԴՈՒՌԸ

11

Երիտասարդությունն է ցանկացած հասարակության զարգացման երաշխիքը, այլ կերպ` վաղվա կապիտալը: Ինչ պետք է անել, որպեսզի երիտասարդներից շատերը, ունենալով ահռելի ներուժ, կարողանան իրացնել այն, չմնան կաշկանդված ու կարծրացած: Երիտասարդությանը նոր գիտելիքներ տալուն, նրանց  ներուժի առավելագույն բացահայտմանը, դրսևորմանն  ու զարգացմանն է ծառայում Հայաստանում գործող  «Առաջնորդության դպրոցը», ուր դասավանդում են ամենատարբեր  ոլորտների  մասնագետներ` բիզնեսի մարդիկ, պետական պաշտոնյաներ, միջազգային գործիչներ ու գիտնականներ: Հիմնադիր Սամվել Մովսիսյանը պատմում է դպրոցի ստեղծման, գործունեության, նպատակների ու ծրագրերի  մասին:

 – Որքա՞ն ժամանակ  է գործում «Առաջնորդության դպրոց» հիմնադրամը: – Մեր թիմը 10 տարուց ավելի է, ինչ  Հայաստանի զարգացմանն ու մարդկային  ներուժի առավելագույն բացահայտմանը միտված աշխատանքներ է իրականացնում: Ինչ վերաբերում է «Առաջնորդության դպրոցին», այն պաշտոնապես գրանցվել է 2009 թվականին:

– Ինչպե՞ս և ինչու՞ առաջացավ «Առաջնորդության դպրոց» ստեղծելու միտքը: – Ծանր է տարիներ շարունակ աշխատել երեխաների հետ (հատկապես կարիքավոր), իսկ հետո տեսնել, թե ինչպես են նրանք՝ հեռանկար չունենալու և անորոշ ապագայի պատճառով մտածում երկրից հեռանալու մասին: Ճիշտ է, մենք ապրում ենք լրջագույն մարտահրավերների ժամանակաշրջանում, սակայն առկա են և եզակի հնարավորություններ: Մեր երկրին անհրաժեշտ են խելացի և ուժեղ երիտասարդներ, ովքեր ոչ միայն կտեսնեն ամբողջական պատկերը և կգիտակցեն համաշխարհային  զարգացումների ներքին տրամաբանությունը, ոչ միայն գործնական  նորարարություններ կիրականացնեն տեղական մասշտաբով, այլև արժեքային հստակ համակարգի շնորհիվ կհամախմբեն և կնպաստեն մեր հասարակության զարգացմանը:

– Ովքե՞ր են դասախոսում դպրոցում: – Դասախոսների ընտրության ժամանակ առաջնային պայմաններն են գաղափարակցությունը (դասախոսը պետք է հավատա և ցանկանա նպաստել Հայաստանի ապագա ուժեղ առաջնորդների զարգացմանը), արժեք ստեղծելու կարողականությունը (որքանով են դասախոսի գիտելիքներն ու փորձը նպաստելու երիտասարդի ձեռքբերումներին), բազմազանությունը (որքանով են արտահայտված մտքերը  տարբերվում մյուս դասախոսների մտքերից և առկա կարծրատիպերից): Հստակ ներկայացված այս պահանջներն էլ  ապահովում են դասախեսների մասնագիտական բազմազանությունը:

– Ովքե՞ր կարող են դառնալ «Առաջնորդության դպրոցի» ուսանողներ և  ինչ պայմաններով: Դիմորդները  շա՞տ են: – 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր ոք կարող է դառնալ մեր ուսանողը: Մեր նպատակը հասարակության հնարավորինս լիարժեք մասնակցության ապահովումն է, այդ իսկ պատճառով էլ ընդունելությունը գործնականում սահմանափակում չունի: Ուսման  ամենակարևոր պայմանը դիմորդի աշխատելու և ստացած գիտելիքները Հայրենիքում կիրառելու գործնական ցանկությունն է: Ասեմ նաև, որ մենք առաջնահերթություն չենք տալիս դիմորդների կամ շրջանավարտների քանակին. Հայաստանի գերարագ զարգացման համար որակն է շատ ավելի կարևոր:

– Դպրոցը շահույթ չհետապնդող կազմակերպություն է: Ի՞նչ նպատակի են ծառայում  գոյացող միջոցները: –  «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի միջոցները ուղղվում են կառույցի բուն գործունեության իրականացմանն ու ընդլայնմանը (մեր գործունեության շառավիղն ընդգրկուն է՝ Հայաստանից մինչև Արցախ և Վրաստան): Սրանից զատ, դպրոցների և մանկապարտեզների երեխաների համար իրականացնում ենք հատուկ կրթական ծրագրեր՝ «Ապագա առաջնորդներ» և «Փոքրիկ առաջնորդներ»: Ունենք ընդհանուր կրթական աջակցության ծրագրեր խոցելի խմբերի համար (մանկատներ, սոցիալապես անապահով ընտանիքներ, գյուղեր): Դասական երաժշտության տարածմանն աջակցելու և երիտասարդ կատարողներին խրախուսելու նպատակով օգնություն ենք ցուցաբերում  նաև մշակույթի ոլորտին՝ «Երաժշտություն հանուն փոփոխությունների» դասական  երաժշտության փառատոնից մինչև շնորհալի երեխաներին  ցուցաբերվող աջակցություն:

Իրականացնում ենք նաև թեմատիկ միջոցառումներ:

–   Հայաստանում գործող «Առաջնորդության դպրոցը» արտերկրի փորձից է՞ վերցված, թե գաղափարը ծնվել է հենց Հայաստանում: – Մենք ուսումնասիրում, կիրառելիության պարագայում տեղայնացնում և օգտագործում ենք համաշխարհային լավագույն գիտելիքներն ու փորձը,  սակայն «Առաջնորդության դպրոցի» կոնկրետ առանձնահատկությունները, բնականաբար հայկական են:

– Ի վերջո, առաջնորդ  ծնվում ե՞ն, թե դառնում: 

– Մեր դպրոցի գործունեության հիմքում հավատն է: Հավատն առ այն, որ առաջնորդ կարելի է դառնալ: Հակառակ պարագայում կառույցի գործունեությունն անիմաստ կլիներ:

 

Վլադիմիր Հովհաննիսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register