ԱՐՎԵՍՏԻ ԿԱՄՈՒՐՋ

12

«Art Bridge»-ը Երևանի առաջին գրախանութ – սրճարանն է: Քաղաքացիների առջև դռները բացել է 2001 թվականին: Հիմնադիր տնօրենը Շաքե Հավան Կարապետյանն է, ծնվել է Իրանում, իսկ Հայաստան է վերադարձել ԱՄՆ-ի Բոստոն քաղաքից 1999 թվականին: Ինժեների որակավորում ունեցող կինը նախատեսում էր մեկ տարի անցկավնել Հայաստանում, սակայն գալով՝ որոշել է մնալ և ակտիվ մասնակցություն ունենալ մայրաքաղաքի կյանքում: Տիկին Կարապետյանը նշում է, որ Աբովյան փողոցում «Art Bridge»-ի ներկայիս տարածքն է իրեն հուշել, որ կարելի է գրախանութ բացել, որն արդեն 15 տարի աշխատում է:

 

2001 թվականին  կարող էիր առավոտյան 8:30 փողոցում ծաղիկ գնել, սակայն սուրճ չէիր կարող խմել: Ստեղծել ենք մի տարածք, որտեղ մարդը իրեն հանգիստ է զգում, կարողանում է թարմ թերթ կարդալ, սպասվող մշակութային իրադարձություններին ծանոթանալ, տոմսեր գնել:

Շատերն ասում էին, որ գրախանութը չի աշխատի: Այն ժամանակ գրքեր քիչ էին տպագրվում, բայց հիմա այնպիսի իրավիճակ է, որ տեղ չունենք բոլոր գրքերը ցուցադրելու համար և ընտրովի ենք վերցնում: Այսինքն՝ հրատարակչական աշխարհը բավական աճել է: Հրատարակչությունների աշխատանքի որակը բարձրացել է, թարգմանությունները շատացել են:

14

Մեզ մոտ ամեն ինչ հայկական է: Հավատում ենք, որ այդկերպ նաև նպաստում ենք ներքին շրջանառությանը: Աշխատանքի ենք ընդունում անփորձ մարդկանց: Ինչու՞, որովհետև նախորդ աշխատատեղերից ունեցած փորձառությունը երբեմն մեզ չի գոհացնում: Մեր մատուցման համակարգը մի փոքր այլ է: Մեզ համար խնդիր չէ, եթե որևէ մեկը ժամերով նստի սրճարանում և ընդամենը մեկ բաժակ սուրճ վերցնի:

Այնպիսի գրքեր ենք ընտրում, որ գրախանութում շարժ լինի: Ժամանակակից գրողների գրքերի մեծ մասն ունենք: Այն պահը, երբ գրախանութը պետք է վերադարձնի գրքերը հեղինակին կամ հրատարակչին, շատ ցավոտ և տխուր է մեզ համար: Ամեն ինչ չէ, որ ամեն տեղ վաճառվում է: Ամեն տարածք իր հաճախորդներն ունի, և մեր ամենավաճառված գիրքն ու, ասենք՝ «Նոյան Տապանի» ամենավաճառված գիրքը կարող են տարբեր լինել: Մեր գրախանութում վերջին շրջանի ամենավաճառվածը Էդգար Հարությունյանի «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» գիրքն է: Սիրային պոեզիա է, որը կարող է ոմանց դուր գալ, ոմանց՝ ոչ, բայց հեղինակը շատ լավ աշխատել է մարքեթինգի վրա: Այս գրքից վաճառվել է 450 օրինակ, երկրորդ տեղում է Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» (41), երրորդ տեղում՝ Հակոբ Խաչիկյանի «Ամառ առանց այգաբացի» (35) գիրքը:

Հաճախ ենք ունենում գրքի շնորհանդեսներ, ցուցահանդեսներ: 2001 թվականին, երբ նոր էինք բացվել, երեք ամիս շարունակ չէինք կարողանում գտնել արտվեստագետի, որ մեզ մոտ աշխատանքների ցուցադրություն աներ, իսկ այժմ հերթագրություն կա: Տարածքը վարձով չենք տրամադրում ցուցահանդեսի համար, միայն եթե աշխատանքը վաճառվում է, մենք որոշ գումար ենք վաստակում:

Սրճարանում կա պահարան, որի միջոցով հնարավոր է գիրք թողնել, մեկ այլ գիրք վերցնել: Նաև ունենք «second hand» բաժին, երբ արդեն կարդացված գրքերը փոխանակում ենք կամ գնում:

Գրքի ցուցահանդես – վաճառք էինք կազմակերպում սահմանամերձ գյուղերում: Մինչև վերջին տարիները «Art Bridge»-ը տարին նվազագույնը 2-3 անգամ այցելում էր շրջաններ: Ֆանտաստիկ համագործակցություն էր. հրատարակիչները մեզ այս նախաձեռնության համար գրքեր էին տրամադրում շատ ավելի ցածր գնով, քան գրախանութին: Մենք վաճառում էինք ինքնարժեքով, սահմանմերձ գյուղերում երեխաները, մարդիկ գրքեր էին ունենում: Մի քանի անգամ մեզ հետ եկել են նաև որոշ հրատարակիչներ, ինչը լավ ազդեցություն է թողել: Այժմ հրատարակիչների միությունը ինքնուրույնաբար մարզկենտրոններում գրքի ցուցահանդես – վաճառքներ է կազմակերպում: Դաշտը զիջել ենք իրենց:

13

Հայերեն գրքեր ենք ուղարկում արտերկիր: Պատվերներ ենք վերցնում տարբեր երկրկների գրադարաններից: Օրինակ՝ Շվեդիայում շատ գեղեցիկ օրենք կա, որ իրենց հանրային գրադարաններում անպայման պետք է լինեն երկրի փոքրամասնությաների լեզուներով գրքեր:

Վերջերս միայն երկու գիրք եմ տեսել, որ գինը տպած, փակցրած է: Այսինք, ցանկացած գրախանութում այդ գիրքը նույն գնով է վաճառվում: Գիրքը պետք է այդպես լինի: Եթե մարդը ուզում է գիրք գնել և գտնվում է Բաղրամյան փողոցում,  պետք է պարզապես մոտակա գրախանութը գնա, այլ ոչ թե հաշվարկի, թե որտեղ է ավելի էժան: Նաև շատ կարևոր է, որ գիրքը գրախանութներում բաժանվի շնորհանդեսից առաջ: Շատերը իմանում են շնորհանդեսի մասին, հաջորդ օրն այցելում գրախանութ, որտեղ դեռ չկա տվյալ գիրքը:

Ընդհանուր առմամբ գրքի մարքեթինգով պետք է զբաղվի հրատարակչությունը: Ես նկատել եմ, որ «Անտարես» հրատարակչությունն է որոշակիորեն գովազդում, սակայն ոչ թե կոնկրետ գիրք, այլ՝ ընթերցանությունն ընդհանրապես: Մեր գրախանութում ամեն ամիս ընտրում ենք մեկ գիրք, որը վաճառում ենք զեղչով:

Հայաստանում շատ են կարդում, մանավանդ երիտասարդները: Ուղղակի գրախանութները, հրատարակիչները գուցեև չեն ապահովում այն, ինչը պահանջարկ ունի: Ընթերցողը փնտրում է գիրքը հայերենով, եթե չի գտնում, համացանցից ներբեռնում է այլ լեզվով ու կարդում: Հայկական նոր խաղ կա «Այլ կերպ» անվանմամբ, շատ լավ վաճառվում է: Հիմնական գնորդները երիտասարդներ են: Հիմա ասեք՝ արդյո՞ք այդ ինտելեկտուալ խաղը կվաճառվեր, եթե մենք կարդացած երիտասարդություն չունենայինք:

Թուղթը շոշափելը, գիրքը բացել – փակել դեռ երկար է մեզ համար կարևոր լինելու: Ընթերցողների մեծ մասը, որ էլեկտրոնային կրիչով է կարդում գիրքը, ի վերջո, գնում է նաև թղթի վրա տպագրվածը:  Իրականում կարևորը, իմ կարծիքով, կարդալն է: Էական չէ, թե ինչպես ես կարդում:

Լուրջ խնդիր է, որ հայերենով գրեթե չունենք գրականություն 11-16 տարեկանների համար: Հայ ժամանակակից գրողները չեն գրում այս տարիքայինների համար, հրատարակչությունները շատ քիչ են տպագրում: Փոքր երեխաների համար շատ բան կա, չափահաս դարձածների և ավելի բարձր տարիքայինների համար ևս, բայց այդ նշածս տարիքի երեխաները, եթե չկարդան, մեծ է վտանգը, որ գիրք չեն կարդա հետագայում, քանի որ հիմք չի լինի: «Զանգակ» հրատարակչությունն ունի հետաքրքիր ծրագիր՝ «Ամառային ընթերցանություն»: Պատանին ամառվա ընթացքում մեկ գրքի արժեքով փոխանակում է ասենք՝ 12 գիրք և կարդում, սակայն հաջորդ տարի նրա ցանկը կրճատված է լինում, որովհետև մեծ մասն արդեն կարդացել է:

Մեզ մոտ վաճառվել են գրքեր, որոնք այլ գրախանութներ չեն վերցրել: Օրինակ՝ Նազիկ Արմենակյանի լուսանկարչական գիրքը «Կոմայգու» տրանսգենդերների մասին: Այս և այլ գրքերի համար մենք քննադատության ենք ենթարկվել, սակայն ես հավատում եմ, որ գրաքննությունը մեր գործը չէ: Մյուս կողմից, ինչ-որ մեկը աղանդավորական գիրք էր բերել, ես չվերցրի, որովհետև դա իրոք վտանգավոր է:

 

Հովհաննես Իսրայելյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register