ԱՋԱԿՑՈւՄ ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻՆ

1

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից արդեն 7-րդ տարին անընդմեջ անցկացվում է մրցույթ` տարբեր դրամաշնորհային ծրագրերի շրջանավարտների նորարարական ծրագրերի իրականացման համար:

«Alumni Engagement Innovation Fund»(«AEIF»)-ն այս տարի 125 երկրի 1014 ծրագրերից ընտրել է 68-ը: Հայաստանից միակ դրամաշնորհը ստացել է «ACT» («Agripreneurs Creating Tomorrow») ծրագիրը: «Ճամփորդը» հանդիպել է «ACT»-ի թիմի անդամ Գայանե Սարգսյանին` պարզելու ծրագրի մանրամասները:

11

«Մեր ծրագրի նպատակը ագրոբիզնեսի ոլորտում ստարտափ հիմնելու կամ զարգացնելու հարցում՝ երիտասարդ գործարարներին օգնելն է: Հայաստանը ագրոբիզնեսի ոլորտում մեծ ներուժ ունի, սակայն եթե նայենք վիճակագրությանը` ագրարային համալսարանն ավարտած երիտասարդների մեծ մասն այսօր աշխատանք չի կարողանում գտնել»,- տարակուսանքով նշում է Գայանե Սարգսյանը:

Դրամաշնորհային ծրագրին դիմել են երեքով: Թիմում են` Գայանե Սարգսյանը, Արմեն Ղազարյանը և Աստղինե Պասոյանը: Գայանեն «KPMG» միջազգային ընկերության խորհրդատվական թիմի անդամ է, դրանից զատ նաև միկրոէկոնոմիկա է դասավանդում՝ «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնում»: Արմենը «Colorado State» համալսարանի ագրոտնտեսագիտություն «Ph.D.» ծրագրի ուսանող է: Աստղինե Պասոյանը էներգիայի արդյունավետության փորձագետ է:

12

Ծրագրի «Agripreneurs Creating Tomorrow» անվանումը՝ թարգմանաբար կարելի է ներկայացնել այսպես. «ագրոբիզնեսով զբաղվող ձեռնարկատերերը ստեղծում են վաղվա օրը»: Ծրագրի տևողությունը մեկ տարի է լինելու: Այժմ մեկնարկում է առաջին փուլը և ընդունվում են հայտադիմումներ: Ծրագրի զարգացումներին կարելի է հետևել «Agripreneurs Creating Tomorrow»-ի ֆեյսբուքյան էջում: Ծրագրի ղեկավարների հետ կարելի է կապ հաստատել «actarmpro@gmail.com» էլեկտրոնային հասցեի միջոցով:

 «Ծրագիրը փուլերով է լինելու: Մինչև 35 տարեկան ցանկացած երիտասարդ, ով  ագրոբիզնեսի ոլորտում հետաքրքիր մտքեր ու դրանք կյանքի կոչելու ցանկություն ունի, կարող է դիմել մեզ: Մասնակցությունը լիովին անվճար է լինելու: Նախապատվությունը տրվելու է այն մասնակիցներին, որոնք ունեն ագրոբիզնեսի գաղափար, սակայն չունեն բիզնեսը կյանքի կոչելու համար անհրաժեշտ գիտելիք:

Այն մարդիկ, որոնք ունեն գործող բիզնես, ֆինանսավորում, պետք է հիմնավորեն՝ թե այս ծրագիրն իրենց ինչով է օգնելու: Նշված մեկ տարվա ընթացքում անցկացվելու են ինտենսիվ թրեյնինգներ, որոնց առանցքում լինելու է բիզնեսպլանի կազմումը` փորձառու մասնագետների օգնությամբ: Մասնակիցները մանրամասն ծանոթանալու են Հայաստանի հարկային համակարգին: Եթե մտահղացումը հաջող է և բիզնես պլանը կազմած, անհրաժեշտ է հասկանալ, թե որտեղից կարելի է գտնել ֆինանսավորման աղբյուրներ: Այսինքն՝ մեր կազմակերպած թրեյնինգների շրջանակում անհատը լիովին անվճար ձեռք է բերելու գիտելիք, որն անհրաժեշտ է բիզնեսը սկսելու, կառավարելու համար: Բացի այս, մասնակիցների համար շատ արժեքավոր կլինի ծրագրի շրջանակներում արգոբիզնեսի ոլորտում գործող հմուտ մասնագետների և գործարարների հետ կապեր հաստատելը: Այսպես ասած` ցանցաստեղծումը, որը մեր օրերում ամենակարևոր բաղադրիչներից մեկն է գործարարի համար», – պատմում է Գայանեն:

Գարեգին Ալեքսանյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register