ՈՐՆ Է ՔՈ  ՄԵՆԹԱԼԻՏԵՏԸ   

ari

Վերջերս  մի  հետաքրքիր գիրք  կարդացի, Փիթեր  Սիելի՝ տեխնոլոգիաների  ու   ձեռնարկատիրության, բիզնես  մոդելների  և մրցակցային  տնտեսության  մասին էր: Եվ նմանօրինակ այլ գրքերից տարբերվում  էր նրանով, որ մեզ  ծանոթ դատողություններից  և խորհուրդներից  զատ, հեղինակը աշխարհի  մարդկանց  ու նրանց հաջորդ սերունդներին՝  նրանց իսկ հոգեկերտվածքին վերաբերող փիլիսոփայական քննարկում  է առաջարկում:Հեղինակը մարդկանց  և սերունդների մենթալիտետը  չորս տիպերի է բաժանում.1. Բացասական և ապագայի  նկատմամբ  թերահավատ,  2. Բացասական,  բայց  ապագայի նկատմամբ վստահ, 3. Դրական  և  ապագայի  նկատմամբ  թերահավատ, 4. Դրական և ապագայի նկատմամբ վստահ: Այսպիսով,  նայեք  հոդվածին  կից  ներկայացված  գրաֆիկին  ու ինքներդ  փորձեք  պատկերացնել,թե  ո՞ր  խմբում  եք դուք, իսկ  որտե՞ղ  են, ըստ  ձեզ, օրինակ, ձեր համակրելի  պետական  այրերը,  մեր Զինված  ուժերն ու  առհասարակ՝ ամբողջ  պետությունը: Դուք  երևի  արդեն կռահեցիք, թե ինչու է գիրքն ինձ դուր եկել. այն միայն մեկ սխեմայով ստիպում է մտածել այն  միջավայրի մասին, որում մենք ապրում ենք՝  ինքնավերլուծության ենթարկելով ինքներս մեզ:

1970-ականներից  սկսած, Եվրոպան, օրինակ, իր անհասկանալի ներկայով և էլ ավելի խճճված  ապագայով՝ «անորոշ պեսիմիզմի» մեջ է: Եվրոպացիները  ճգնաժամի  մեջ են, նրանք չեն  կարողանում  գտնել իրավիճակի պատասխանատուներին, այդ  իսկ պատճառով էլ առաջնորդվելով «Մեզնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» կարգախոսով նրանք տրվում են վայելքներին .  երկարաժամկետ  արձակուրդներ,  գործազրկություն, աշխատունակության  նվազում  և ծուլության  աճ: Չեն  խնայում  ոչ գումարը, ոչ էլ հույսը, բայց  հրաշալի սնում  են ապագայի  հանդեպ անորոշությունը:  Եվրոպան  կարծես՝  պոչը  ոտքերի արանքում սեղմած հիվանդ  շուն լինի: Նրանք այդ կերպ են վարվում, քանի որ չգիտեն,թե ինչ է լինելու վաղը:

Նմանատիպ իրավիճակ էլ ԱՄՆ-ում է: Երիտասարդները   ուսման  հսկայական  վարկեր ունեն ու դրանք վճարելով՝ այլևս  իրենց  այլ կարիքները հոգալու (ինչպիսին,ասենք, իրենց   համար տուն  ձեռք  բերելն ու իրենց ընտանիքներից   առանձին ապրելն է) գումար չեն  ունենում:  Ի հավելումն  սրա՝   ֆինանսական անկայունությունը  հանգեցրել է  նրան, որ մինչև 30 տարեկանների շրջանում նկատելիորեն  նվազել է ձեռնարակատիրության, ինչպես նաև  այդ տարիքային խմբի՝ սեփական բիզնես ունենալու ցուցանիշը: Իրավիճակը հուսադրող չէ  նաև Մեծ   Բրիտանիայում, որտեղ  բնակարանների գինն այնքան է բարձրացել, որ ազդել է եկամուտների աճի վրա: 22-30 տարեկանների շրջանում, օրինակ, միջին եկամուտը   8   տոկոսով նվազել է այն ցուցանիշից, որն  առկա էր մինչև  ֆինասական  ճգնաժամը: Շարունակում են բարձր մնալ գործազրկության  և  թերզբաղվածության  մակարդակները: Հետևապես, այս խմբի  մարդիկ  հավատացած են,որ ահավոր վիճակում են ապրում և այդպես էլ շարունակվելու է: Հիշենք, որ Հայաստանի «մութ ու ցուրտ»  տարիները  հետո  ենք  անվանել«հաղթանակի  տարիներ»: Մարդկանց  աչքերում  հույս  չկար,  ասում  էին՝ այսպես  դեռ շատ  կձգվի, երբեմն  իրոք  թվում  էր,թե  պատերազմը  վերջ չունի: «Որոշյալ  հոռետեսության»  խմբին  է պատկանում ներկայիս  Չինաստանը: Մարդիկ հավատացած են, որ տնտեսական աճ դեռ երկար չի կարող  լինել, այդ իսկ   պատճառով  էլ հարուստ  մարդիկ  փորձում  են  իրենց  միջոցները  երկրից  դուրս հանել,  աղքատները  պատրաստվում  են էլ ավելի  վատին, քանի որ գիտեն՝  ներկայիս  տնտեսական  աճը կայուն  չէ: Չինացիները շատ դժգույն  ապագայի տեսլական  ունեն  (մենք  բոլորս  վախենում ենք նրանցից, քանի որ նրանց դիտարկում ենք տնտեսության հսկաներից մեկը, բայց նրանք էլ գիտեն, թե որքան անկայուն է իրենց աճը): Բայց ի տարբերություն  եվրոպացիների, նրանք խնայում են, այն  էլ՝ շատ, ցուցանիշները առավել քան տպավորիչ  են: Ապագայի  հանդեպ վախն ու  բացասական պատկերացումները ստիպում են գումար կուտակել: Սա փոքր-ինչ հիշեցնում  է հայկական  իրականությունը : Մենք էլ ենք կրկնում, որ դժվար թե լավ  լինի, բայց մեզնից շատերը «նեղ  օրվա»  համար միշտ էլ հոգապահուստ ունեն:

Մինչև 1970-ականները արևմտյան  աշխարհի  փարոսը՝ «որոշյալ  օպտիմիզմն»  էր:  Թերևս կհիշեք  կայսերական  պետականաշինությունը,  Պանամայի  ջրանցքը, «Ապոլոն»  ծրագիրը  և այլն: Մարդիկ ապագայի հանդեպ առավել քան դրական  էին  տրամադրված և  հստակ գիտեին դեպի լուսավոր ապագա տանող իրենց քայլերը: Նշված  ժամանակահատվածում  մենք մեծ  տնտեսական  աճի և հարաճուն  արտադրական  ծավալների ականատեսը եղանք, որոնք  բերեցին  լավատեսության  մեծ ալիք ու շարժիչ ուժ հանդիսացան հազարավոր մարդկանց լավատեսության համար: Հայաստանի խորհրդային շրջանի իրականությանն  է  նման. երբ մասնագետն  իրեն  պիտանի  էր զգում, հեռահար  ծրագրեր  կազմում  ու  ամուր  էր  կանգնած  հողին: Տարեցները ցայսօր էլ կարոտով են հիշում այդ օրերը:

«Անորոշ  լավատեսությունը» մի իրավիճակ է, որում հենց հիմա գտնվում է արևմտյան աշխարհի  երկրների մեծ մասը: Նրանք հավատացած են, որ  ապագան լավն  է լինելու, թեև  այն շարունակում է դեռևս  խիստ անորոշ մնալ, ուրեմն  ինչպե՞ս  պետք է նրանք հասնեն  դրան: Մենք  գիտենք, որ այն պետք  է որ լավը  լինի, բայց  ինչպե՞ս: Շատ ենք աշխատում, ստեղծում ենք, կերտում ենք, սովորում ու սովորեցնում ենք, ուրեմն՝ արժանի ենք լավագույնին: Բայց չգիտենք,թե ինչպես հասնել դրան, չկա դրան հասնելու  հստակ պլան:  Նման ոգևորություն  Հայաստանում անկախության առաջին տարիներին էր: Գեղեցիկ էինք խոսում, լավ էինք խոսում, ոգևորված  էինք  խոսում, բայց  երբ եկավ իրական   քայլեր  ձեռնարկելու ժամանակը՝  հասկացանք, որ այդ ամուր  պետությունը  նաև կառուցել է պետք, այդ ժամանակ էր, որ կարկամեցինք  ու տարբեր խմբերի բաժանվեցինք:

Ես փորձեցի զուգահեռներ անցկացնել Հայաստանի պատմության մի քանի դրվագի և աշխարհում ընթացող  գործընթացների միջև: Բայց, ի վերջո, ո՞ր  դաշտում ենք  հիմա: Ես  ինքս  էլ դեռ մտածում  եմ, համեմատում:  Փոքր  պետությունների  համար  դժվար  է արագ  պատասխան  գտնելը, այդ  իսկ պատճառով դուք էլ ինձ նման հավանաբար  դեռ  երկար « կպտտեք»  այս աղյուսակը  ձեր  գլխում: Անցումային փուլերը  շարունակական են: Լավատեսությանը  հետևում  է ժամանակավոր  հոռետեսությունը,  տնտեսական  լույսից  հետո  սրընթաց մխրճվում ենք ֆինանսական մթության մեջ: Այնուամենայնիվ, պատասխանը  միանշանակ  չէ: Ըստ  իս,  մենք ավելի շատ անորոշ  պեսիմիստներ,  կամ  անորոշ  օպտիմիստներ  ենք: Հայերը չգիտեն, թե իրենց երկիրն ուր է գնում, նրանք ապագայի  նկատմամբ թերահավատ են: Այս  փաստով է բացատրվում  նաև խնայողությունների ցածր ցուցանիշը, և  Նոր  տարվա վրա մեծ  գումար ծախսելու  ցանկությունը,  արձակուրդի կամ  բջջային  հեռախոսի համար  վարկ  վերցնելու մարմաջը:  Փորձում  ենք  վայելել այս օրը, բայց և փորձում ենք ապագայի  մասին  մտածել. մեկ՝ վախով, մեկ՝ հիասթափված, մեկ էլ՝ ուրախ ու հավատով առլեցուն: Կարծում եմ՝ մենք ավելի շատ անորոշ  վիճակում ենք, մնում է հասկանալ՝ դրակա՞ն, թե՞ բացասական երանգով:  Ավագ սերունդը հավանաբար հոռետես է: Խորհրդային միության փլուզումից հետո կորցնելով  աշխատանքը, ավագ սերունդը առավել քան համոզված է, որ  այլևս  այդքան լավ  չի  լինելու:  Ավագ սերնդի  կարկառուն ներկայացուցիչներ մեզ  հանդիպում  են  տաքսու  վարորդների շրջանում,  նրանց բողոքներն ասես  մի ամբողջ սերնդի  խտացված մտածելակերպն արտահայտեն: Հակառակ նրանց, երիտասարդները հավատով լեցուն են, նրանց մեջ պայքարի և ինքնավստահության ոգին է խոսում, նրանք տաք ու վառ են: Բայց արդյո՞ք  նրանք գիտեն, թե  ապագան  ինչպիսին  է և ինչպես  պետք է հասնել իրենց  նպատակին՝ այն գեղեցիկ  պատկերացնելուց  բացի: Գուցե լավատեսներ ենք, ուղղակի աշխատանքային ծրագի՞ր չունենք:

Հարցերն  այս  անգամ  շատ  էին: Եկեք  մտածենք, քննարկեք  իրար հետ,  կիսվենք  մեր կարծիքներով:  Վերստին նայեք  աղյուսակին  ու  փորձեք պատասխանել.  որտե՞ղ  է Հայաստանը: Ուզում  եմ հավատալ,որ ցանկացած ընտրության դեպքում  մեր  փոքրիկ, բայց  հեռանկարային երկրի ապագան արևոտ է:

 

Սիրով՝ ձեր Արիանա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register