ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ

zinvor

ՀՀ Զինված ուժերի  ստեղծումը հայոց պատմության մեջ նկարագրված է այնպես, ինչպես ընդունում ու սիրում է ներկայացնել  պատմությունը՝ տարեթվերով, փուլերով, ուղղակի փաստերով: Ասում են՝ երեք փուլ ունի. 1988-ի փետրվարից մինչև 1992-ի մայիս Հայաստանի ու Արցախի  բնակչության անվտանգության համար բանակ դարձանք, հաջորդ՝ երկրորդ փուլում, որը պայմանականորեն բաժանել են 1992-ի հունիսից մինչև 1994-ի մայիս, պաշտպանվել ու պատասխան ենք տվել Ադրբեջանի կողմից՝ մեզ թիրախավորած ագրեսիային: Երրորդ փուլում էլ, որը 1994-ի հունիսից ձգվում է մինչ այսօր, էլի պաշտպանվում ենք, կատարել ենք  բանակաշինական աշխատանքներ, բարձրացրել ենք մեր մարտունակությունը,  զինամթերքի պաշար կուտակել, պատրաստել պայմանագրային զինծառայողների, ամրացրել բանակ-հասարակություն կապը և այլն: Միայն փաստեր, ոչ մի զգացմունք: Թե որքան ծանր տրվեց մեզ նախորդ դարավերջի արցախյան ինքնապաշտպանությունը՝ պատմությունը չի հասկանա: Թե որքան ենք հուզվում նախորդ տարվա ապրիլյան դեպքերի զոհված տղաների լուսանկարները տեսնելիս՝ էլի պատմությունը չի հիշատակում: Նրա համար կարևորը փաստերն են, ու մոռանում է, որ թվերը կարևոր են, որովհետև իրենց մեջ կուտակված զգացմունքներ են ներառում, դրանք ուղղակի թվեր չեն:

Բայց պատմությանը չես համոզի: Ինչպես և ծառայող ընկերներիդ չես համոզի  պատմել իրենց առօրյայից, խոսել իրենց ապրումներից: Կարծես պատմության մարմնավորումը լինեն. ոչ մի զգայական թուլություն, հաղորդում են քեզ միայն ամենակարևորը, ընտրում են պետքական փաստերն ու ուղարկում քեզ. զարթնել ենք այսինչ ժամին, հետո մարզվել, նախաճաշել: Արդեն այսքան օր է՝ ծառայում եմ, արձակուրդ կգամ այսքան ամիս անց: Ես լավ եմ, ամեն բան լավ է, ոչինչ հարկավոր չէ, ձեզ լավ նայեք, սիրում եմ: Վերջ:

 Իմ շատ մտերիմ ընկեր Ավետիսն արդեն մեկ տարի է, ինչ ծառայում է: Իր հետ ծառայում են նաև ծնողները, քույրիկը ու մենք՝ երեք-չորս մտերիմ ընկերներով: Ծնողների՝ Ավետիսին ուղարկած համեղ ու տաք արկղերը թերևս հինգ տարով կփրկեին Աֆրիկայի սովյալների կյանքը, բայց դառնում են բանակային ընկերների երեք-չորս օրվա փոքր խնջույքների առիթն ու պատճառը: Երբ մեր ընկերը մի քանի օրով հայտնվում է քաղաքում, մեզ մոտ  արտակարգ իրավիճակ է սկսում, միանում են գլխի կարմիր լույսերը, սառեցվում են բոլոր կարևոր ու անկարևոր աշխատանքները, ու բոլորս վազում ենք Ավոյին…կերակրելու:

Դե, իհարկե, նախապես գրկելուց ու «քաչալ» գլխի հետ խաղալուց հետո: Պատրաստում ենք, պատվիրում ենք, գործին խառնում ենք տատիկներին ու մորաքույրերին՝ ավելի ախորժելի սեղան ստանալու համար: Չգիտես՝ ինչու, բոլորիս թվում է, որ զինվորներն արձակուրդում ամենաշատն ուզում են ուտել, տարօրինակ է, չէ՞: Բայց գուցե ոչ թե սնունդ են ուզում ուտել, այլ մեր նյարդերը, գուցե, ավելի ճիշտ՝ հաստատ մեզ հետ շփվելու կարիք ունեն: Բայց չէ, բոլորս խոսքներս մեկ արած այնքան ենք կերակրում խեղճին, որ մեկ-մեկ չի դիմանում. դե հերի՜ք ա, էլի, Ղարաբաղում հո սոված չե՞մ մնում, ինչի ես էսքան շատ սարքել, ես հիմա ո՞նց ուտեմ: Մամայենք մի կողմից, դուք՝ մյուս:  Բայց, մեր ձեռքից պրծում չկա: Կուշտ կերակրում ենք ու հետո անցնում ժամերով բլբլալուն:

Իրականում, մենք էլ ենք ստում: Մեր ծառայող հարազատներն ու ընկերները ձևացնում են, թե բանակը չի զիջում միջին վիճակագրական  ամառանոցի, մենք էլ ձևացնում ենք, թե միշտ ուրախ ենք, անգամ՝ եթե հիվանդ պառկած ենք, կամ փորձում ենք լացած ձայնին հարթ երանգ տալ: Իրենց լսես՝ ոչ դիրքեր են բարձրացել, ոչ դիվերսիա է եղել, ոչ մրսում են, ոչ էլ բանակային կոշիկն է նեղում: Մենք էլ հետ չենք մնում. չէ՛, ի՞նչ անհանգստանալ, էդ հո մե՞նք չենք ամեն անգամ վախվորած կարդում թշնամու՝ սահմանը հատելու ապարդյուն փորձի մասին հոդվածները, մենք չենք, որ մտովի պատկերացնում ենք՝ տեսնես հիմա ի՞նչ են անում, երևի արդեն ճաշել են, երևի հանգստի ժամն է, իսկ այ հիմա գնացին քնելու:

Բանակը, որոշ չափով կառուցվում է կեղծիքի վրա, բայց՝ պետքական: Երևի շատ ենք ուզում, որ այդ սուտն իրականություն դառնա: Ավոն ասաց, չէ՞, որ ամեն բան լավ է, չի մրսում: Ուրեմն անգամ եթե ինձ զանգահարել է, օրինակ,դաշտային զորավաժանքների ընթացքում՝ խաբելով, թե անկողնում է, վերարկուն պիտի ավելի լավ կոճկի ու գլխարկը քաշի մինչև աչքերը, որովհետև արդեն իսկ ստել է, պիտի տակից դուրս գա, այլ տարբերակ չունի՝ լավ լինելուց բացի: Ես արդեն ասել եմ, որ  բնականոն կյանքով եմ ապրում, այնպես որ պիտի անընդհատ ինչ-որ բանով զբաղված լինեմ ու հաջողություններ գրանցեմ, որ հազվադեպ զանգերի ժամանակ պատմելու բան ունենամ: Մայրիկն ասա՞ց՝ բալես, հիմա հետդ խոսեմ, գնում եմ քնելու, պիտի ստիպի իրեն չլացել կարոտից ու իսկապես փորձի քնել, որովհետև էլի խոսք է տվել:

Մենք բոլորս ենք ծառայում Հայաստանի Հանրապետությանը: Որովհետև երևի թե բոլորս բանակում եղբայր ու ընկեր ունենք, նշանած կամ ամուսին, հայր կամ քեռի: Մնում է պինդ մնալ, սպասել ու հավատալ, որ կգա մի օր, երբ իրար ստելու կարիք չի լինի: Բանակը կհիշեցնի ամառանոց, մենք լարվելու պատճառ չենք ունենա: Բայց այսօր ու դեռ տարիներ  լարվել ու իրար դրական ստեր պատմել է պետք: Փաստորեն՝ Բանակի օրը բոլորինս է: Շնորհավոր մեզ:

Սյունե Սևադա

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register