ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ

hac

Անցյալ ամռանը՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին մեր հասարակությունը մեծ ցնցում ապրեց: Շաբաթներ շարունակ ապրեցինք անհանգստության, տագնապի, զայրույթի ու լարվածության մթնոլորտում, հաճախ՝ հակասական ու իրարամերժ զգացումներով, որովհետև կատարվածն անկախ ամեն ինչից՝ շարժառիթից ու նպատակից, ցավալի էր ու մարդկային զոհերի բերեց:

Սակայն ողբերգությունը շարունակվում է նաև այսօր: Նոր զոհ ունեցանք՝ Արթուր Սարգսյանը,  կամ՝ Հաց Բերողը:

Ով էր նա, շարքային մի քաղաքացի, նախկին ազատամարտիկ ու հոգևորական, որ այսօր իր ապրուստը հոգում էր ձեռքի աշխատանքով և առողջական լուրջ խնդիրներ ուներ: Արթուրն էր, որ ՊՊԾ գնդի տարածքը գրաված խմբին հաց տարավ, վստահ լինելով, որ գլուխը դրա համար չեն շոյի: Նա հաց տարավ ազատամարտիկ ընկերներին, հաց տարավ նաև որպես հավատացյալ հայ, որովհետև կարիքավորին ձեռք մեկնելը նվազագույնն է, որ կարելի էր անել նրանց աջակցելու համար: Արթուրի անունը շատ արագ մոռացվեց, մնաց Հաց Բերողը, որպես խորհրդանիշ, որպես տեսակ ու որակ:

Նկատե՞լ եք, աշխարհում երևի եզակի ազգն ենք, որ սնվելուն՝ «հաց ուտել» ենք ասում: Չենք ասում՝ գնում ենք ուտելու, ասում ենք գնում ենք հաց ուտելու: Ամենաճոխ սեղանին գնալիս անգամ ասում ենք՝ գնում ենք մի կտոր հաց ուտելու: Ոչ թե շատ հացակեր ենք, այլ հացով ժողովուրդ ենք: Ըստ իս, սա է պատճառը, որ մեր լեզվամտածողության մեջ այսպիսին է ձևակերպումը: Էլ չասեմ, որ միմյանց հետ հաց կիսելուց հետո հացին ու մտերմությանը դավելը տմարդիություն է դառնում, հացն ուրացողը՝ վերջին ստորը:

Ահա այսպիսի սկզբունքներ ունեցող հասարակությունն էլ Հաց Բերողին դարձրեց բռնության ու անարդարության դեմ պայքարի խորհրդանիշ, սիրվեց ու հարգվեց անխտիր բոլորի կողմից:

Երբ գունդը գրաված խումբը հանձնվեց, նրանց հետ ձերբակալվեց նաև Հաց Բերողը: Թե ինչ եղավ հետո՝ գիտենք: Իսկ մի քանի օր առաջ Արթուր Սարգսյանը՝ Հաց Բերողը մահացավ: Իհարկե,  իրենց սև գործն արեցին անազատության դաժան պայմանները՝  հիվանդ մարդու համար, որի դեմ նրա բողոքն արտահայտվեց նաև հացադուլով…

Արթուրի մահը ցնցեց մեր հասարակությանը, հարյուրավոր մարդիկ փողոց դուրս եկան՝ բողոքի ցույցերով:

Արթուր  Սարգսյանը հավաքական կերպար էր դարձել՝ խղճի, ազատության, կամքի ու անհատի զորության: Նա կարողացավ սեփական օրինակով ցույց տալ, որ անհատը կարող է քայլ անել, անհատը կարող է գնալ իր գաղափարի ետևից:

Սակայն մեր իրականության ծայրահեղ դրսևորումներն այստեղ էլ չհանդարտվեցին: Ուժեղ ու ինքնատիպ մարդու, ակտիվ քաղաքացու համակիրներից ոմանք սկսեցին Արթուրի համար սրբադասման կամ Եռաբլուրում հուղարկավորելու առաջարկներ կայացնել, հերոսի կոչում պահանջել: Այս վարքագիծը՝ Արթուրի հանդեպ կիրառված դաժանությունից ու անմարդկային վերաբերմունքից ոչ պակաս, նույնպես հարցեր է ծնում՝ կրկնում եմ, բնավ չնսեմացնելով Հաց Բերողի քայլը:

Արդյո՞ք այդքան դեգրադացված է մեր հասարակությունը, որ մարդկային քայլն ու արարքը հերոսություն են դառնում ու միանգամից գերագույն որակումների արժանանում ու վերին շեմի գնահատականի պահանջ դրվում: Չէ՞ որ առօրեական պիտի լինեն մարդկայինն ու դրանից բխող բոլոր քայլերը: Սա չպիտի հերոսություն լիներ մեր հասարակության համար, պիտի բնականոն քայլ լիներ: Նախ սրա մասին պետք է մտածենք՝ ու դասեր քաղենք մեզ համար: Թե չէ ուզում ենք նույն կերպ ապրել շարունակել, բայց Արթուրի համար ճոխ հողաթումբ ապահովել: Նա չուներ դրա կարիքը, նրան մեր ներսի փոփոխությունն է պետք, որը կհանգեցնի «դրսի»  բուժվելուն, կայունանալուն, ամրանալուն:

Ժողովրդի կողմից Արթուրին տրված կոչումն արդեն իսկ իր մեջ երախտիք ու խոնարհում է պարունակում, պետք չէ այդ կերպարին ավելորդ գույներ ու որակումներ խառնել,  ժողովուրդը միշտ ամենաիմաստունն է: Եվ մակդիրների առատությունից չէ, որ պիտի Արթուրի անունն ավելի հպարտ հնչի: Նա արդեն իսկ մեր օրերի պատմության մի լուսավոր տողն է՝ ուժեղ ու կամային անհատի բնութագրով, մարդուն ձեռք մեկնող մարդու աներեր  տեսակով:

Չէ որ մեզ հենց Հաց Բերողի կերպար տրվեց, մեզ դաս տրվեց այդ կերպարով, մեզ վաղվա  օրվա  տեսիլք  տրվեց այդ կերպարով: Եկեք խորհենք ու փորձենք խոնարհումով ու լռությամբ հոգու խաղաղություն մաղթել Հաց Բերողին: Մնացածը հետո՝ գործի տեսքով:

Լուսանկարը՝ Մեդիա Լաբի

Սյունե Սևադա

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register