ԱՐՎԵՍՏԱԲԱՆՆ ԻԲՐԵՎ ՍԼԱՔԱՎԱՐ

arvestaban

Արվեստաբան Հասմիկ Բարխուդարյանը «Ճամփորդին» պատմեց մշակույթի հետ ու համար ապրելու առանձնահատկությունները: Երիտասարդ մասնագետի մտահոգություններն ու տեսակետերը՝ ստորև:

 -Հասմիկ, մեծերն ասում են՝ երիտասարդությունը հեռու է արվեստից: Արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը, ինչպե՞ս են անցնում աշխատանքային օրերը:– Բոլոր այդ մեծերին պարզապես կասեմ, որ իրականում այսօր Հայաստանում կա շատ հետաքրքիր երիտասարդություն, որ մոտ է արվեստին և իսկապես հետաքրքրված է: Ինքս աշխատում եմ Երևան քաղաքի պատմության թանգարանում, յուրաքանչյուր օր  ես դառնում եմ թանգարանի թե՛ մշտական ցուցադրության, և թե՛ տարատեսակ ցուցահանդեսների երիտասարդ այցելուների հոսքի ականատեսը: Միևնույն ժամանակ «Արվեստագիր» առցանց մշակութային հանդեսի համահիմնադիրն եմ, և աշխատանքային օրվա մյուս մասն անց եմ կացնում երիտասարդ արվեստագետների հետ, այցելում արվեստանոցներ ու ցուցահանդեսներ, համագործակցում երիտասարդ արվեստաբանների հետ, ընթերցում ու խմբագրում նրանց  հոդվածները, և պետք է ասեմ, որ տարեցտարի նոր ու մեկը մյուսից հետաքրքիր երիտասարդների հետ եմ պատիվ ունենում ծանոթանալու: Ու կարծում եմ, որ սա հենց այն բնագավառն է, որտեղ երիտասարդների պակաս երբեք չի կարող լինել:

– «Արվեստաբանը» լավ է հնչում, սակայն իր մութ ու լույս կողմերն ունի, որո՞նք են դրանք: Եվ, ըստ Ձեզ, ո՞ր տեսակի մարդկանց է հաջողվում մասնագիտանալ այս ոլորտում:– Համաձայն եմ, իսկապես լավ է հնչում: Համալսարանում մեր ամենասիրելի դասախոսներից մեկը՝ ֆելիքս Տեր Մարտիրոսովը միշտ ասում էր՝ “Искусствовед- это элита”. Այդ պահին քթներս ցցում էինք, հպարտանում, որ ընտրել ենք հենց այս մասնագիտությունը: Եվ իսկապես՝ արվեստաբան լինելը հպարտանալու առիթներ է տալիս: Լուսավոր կողմը հենց արվեստն է: Երբ արվեստը ոչ միայն պարզապես հետաքրքրություն է, այլ մասնագիտություն, երբ օրդ սկսվում և ավարտվում է արվեստով, և երբ կյանքդ լցվում է տաղանդավոր մարդկանցով: Իրականում քիչ չեն նաև մութ կողմերը: Հաճախ ցանկանում ես պարզապես վայելել այս կամ այն ցուցահանդեսը, բայց վերլուծական միտքդ հանգիստ չի թողնում, ստիպում է անվերջ գնահատականներ տալ: Երբեմն էլ իսկապես դժվար է, երբ ստիպված ես լինում հայտնել մասնագիտական կարծիք, որն իրականում դրական չի լինելու: Մեզանում գեղարվեստական քննադատությունը սվիններով է ընդունվում, չի ընկալվում որպես անհրաժեշտություն արվեստի արժևորման տեսանկյունից: Ահա թե ինչու, որքան էլ տարօրինակ հնչի՝ արվեստաբան դառնում են համարձակ մարդիկ, ովքեր միևնույն ժամանակ ամբողջ հոգով իսկապես սիրում են արվեստը:

– Արվեստաբաններին հաճախ շփոթում են,օրինակ, կտավ գնահատողների հետ, ու չնայած դրանք տարբեր մասնագիտություններ են, բայց հաճախ պիտի միասին համագործակցեն: Հայաստանում կա՞ նման բան, «մշակույթի աշխատակիցները» համագործակցո՞ւմ  են իրար հետ:– Առհասարակ,  արվեստաբաններին  դժվարությամբ են իդենտիֆիկացնում և խնդիրը հենց մասնագիտության լայն սպեկտորն է: Իրականում յուրաքանչյուր նորաթուխ արվեստաբան ինքն է ընտրում, թե ինչով է ցանկանում զբաղվել. բուն արվեստաբանություն, արվեստի պատմություն, թե արվեստի քննադատություն, միգուցե մասնագիտանա որպես համադրող կամ մշակութային արժեքների գնահատող և այլն: Եվ խնդիրը հենց հայաստանյան կրթական համակարգի մեջ է, քանի որ մեզ մոտ չկան հաստատություններ, որտեղ կարելի է ստանալ այս նեղ մասնագիտացումները: Այնպես որ, շփոթմունքն արդարացված է: Այնուամենայնիվ այս բոլորը միմյանց հետ սերտ փոխկապակցված են և միևնույն անձը կարող է զբաղվել նշածս ոլորտներից մի քանիսով՝ միաժամանակ: Եվ անշուշտ, այս ոլորտում առանց համագործակցության անհնար է:

– Ինչպե՞ս կգնահատեք մերօրյա նկարիչներին, զիջո՞ւմ ենք ,դրսինե, թե՞ հակառակը: Ի՞նչ առավելություններ ունենք:– Նման հարց լսելիս անկախ ինձնից սկսում եմ հիշել առանձին արվեստագետների, մտքումս առանձնացնել նրանց, ովքեր ամենևին էլ չեն զիջում այդ «դրսին»: Մենք իսկապես ունենք նման արվեստագետներ ու նրանք թիվն օրեցօր ավելանում է: Խնդիրը ոչ այնքան առանձին արվետագետների մեջ է, որքան ընդհանուր արվեստային միջավայրի, որտեղ այդ արվեստագետները կարծես որբ լինեն: Մեր խնդիրը լուրջ ինստիտուցիաների բացակայությունն է և ոչ թե կոնկրետ արվեստագետների: Զիջող դիրքերում հիմնականում պետական մշակութային կառույցներն են, որտեղ զգացվում է պահպանողական մոտեցումն ու տպավորություն է, որ ժամանակն այդ հաստատությունների համար կանգ է առել: Հատկապես ցավալի է ամեն տարի ներկա գտնվել ՀՀ նկարիչների միության հանրապետական և հոբելյանական տարատեսակ ցուցահանդեսներին: Ամեն անգամ զարմանում եմ, թե ինչպես, ինչ սկզբունքով է տեղի ունենում ստեղծագործությունների ընտրությունը: Նմանատիպ խնդիր կա նաև թանգարաններում և գեղարվեստական կրթության բնագավառում: Կարծում եմ՝ կրթական հաստատությունները ևս ժամանակակից մտածողության խնդիր ունեն: Իսկ մեր առավելությունը ես տեսնում եմ մեր ազգային նկարագրի մեջ: Կարծում եմ, որ դա լավագույն միջոցն է տարբերվելու և նոր խոսք ասելու: Ուրախությամբ եմ հետևում այն արվեստագետներին, որոնք  կարողանում են իրենց արվեստում այս կամ այն չափով կամ ձևով օգտագործել, ներմուծել որոշ ազգային տարրեր: Սա պետք չէ ընկալել բառացի, ասածս ազգայինը «,նուռ-գորգ-տարազ» կոնտեքստից շատ ավելի լայն է:

– Եթե փորձենք հավաքական պատկերացնել, ո՞վ է հայի սիրելի նկարիչը, ո՞ր կտավներն են ֆավորիտ դառնում ու ստիպում երկար հիանալ:-Հարցը բավական բարդ է և որոշ առումով ցավալի: Հայ հանդիսատեսի շատ քիչ տոկոսն է պատրաստ ընկալել և ընդունել ժամանակակից արվեստը: Կարծում եմ, որ մենք միջազգային չափորոշիչների տեղայնացման և ժամանակակից մտքի գեներացման լուրջ խնդիր ունենք: Սա գուցե խնդիր է բոլոր բնագավառներում, բայց արվեստում դա շատ շոշափելի է: Հայ հանդիսատեսի կողմից, որպես կանոն, ընկալվում են այն պրոյեկտներն ու գործերը, որոնք հնարավորինս տեղայնացված են մեր լոկալ միջավայրում: Շատ քիչ արվեստագետների է հաջողվում՝ միաժամանակ լինել անդավաճան ինքն իրեն, իր սկզբունքներին, լինել ժամանակակից մտքի կրող և մեր հասարակության կողմից մաքսիմալ ընդունելի: Որպես կանոն, այս երեքը անհամատեղելի են հայ արվեստագետի համար և քչերին է հաջողվում ստեղծել պրոյեկտներ, որոնք միաժամանակ կսիրվեն հայ հանդիսատեսի կողմից և հնարավոր կլինեն ներկայացնել, օրինակ, ամերիկացի կամ արևմտաեվրոպացի հանդիսատեսին: Ահա թե ինչու կարծում եմ, եթե ստեղծելու լինենք հայ ամենասիրված նկարչի հավաքական կերպարը, ապա ցավոք այդ կերպարը ոչ մի կերպ չի համապատասխանի ժամանակակից արվեստային չափորոշիչներին, այլ, ավելի մոտ կլինի օրինակ խորհրդահայ կերպարվեստին, ի դեմս սարյանական դպրոցի հետևորդների: Ես չեմ ասում թե դա վատ է, պարզապես ներքին ցանկություն ունեմ, որ մի օր հայ հանդիսատեսը «հայ ժամանակակից արվեստագետ» ասելով նկատի կունենա իսկապես ժամանակակից արվեստագետին, և ոչ թե կօգտագործի այդ բառը պարզապես«մերօրյա» իմաստով:

– 2017-ը սկսվել է ոչ այդքան ակտիվ մշակութային անցուդարձով, ինչիպիսի՞ն եք պատկերացնում տարին ՝մշակութային առումով, ի՞նչ սպասելիքներ կան:– Միշտ էլ այդպես է, ձմեռները երբեք աչքի չեն ընկել մշակութային ակտիվությամբ: Իսկ ահա 2017-ից անշուշտ սպասելիքներ ունեմ: Տարին պատկերացնում եմ ակտիվ և լի մշակութային անցուդարձով: Վերջին մի քանի տարիները ի ուրախություն արվեստասերների՝ այդ առումով ակտիվ են եղել և բավականին հետաքրքիր ու խնդրահարույց ցուցահանդեսների ենք ականատես եղել: Համեմատաբար ակտիվացել է նաև գեղարվեստական քննադատության դաշտը: Հուսով եմ, որ 2017-ն էլ իր հետ նոր գաղափարներ կբերի: Սպասում եմ հատկապես մայիս ամսվան՝ տարվա ամենամեծ արվեստային իրադարձությանը՝  Վենետիկի 57-րդ միջազգային բիենալեին, քանի որ 2015թ. 56-րդ բիենալեին հաղթող ճանաչվեց հենց հայկական տաղավարը: Հետաքրքիր է հետևել այս տարվա մասնակից արվեստագետների և համադրողի ընտրությանը և դեպքերի զարգացումներին: Հուսով եմ, որ այս տարի արդեն բիենալեին կմասնակցեն նաև Հայաստանում ապրող և ստեղծագործող արվեստագետներ և տաղավարը կներկայացվի նաև հայ հանդիսատեսին, ինչն իսկապես կարևոր եմ համարում: Բացի դրանից, ինչպես և յուրաքանչյուր տարի անհամբերությամբ սպասում եմ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ցուցահանդեսներին: Միաժամանակ կարևորում եմ մեր արվեստագետների և հատկապես երիտասարդների անհատական և խմբային ցուցահանդեսները, և ուրախ կլինեմ ինքս ինձ համար բացահայտել նոր անուններ:

 

 Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register