ՏՈւՐԻՍՏՆԵՐԸ՝ ՄԵՐ ՄԻՏԻՆԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

tatev1

Այս տարվա ապրիլը նշանավորվեց «Քայլ անելով»: Ազգովի՝ մեծ ու փոքր, երիտասարդ ու ծեր, ուսանող ու աշխատող մի մարդու պես դուրս եկավ փողոց՝ անելու իր քայլը հանուն ավելի ազատ ու անկախ Հայաստանի: Առաջին օրերին նոսր շարքերը կարճ ժամանակում խտացան, միասնությունն ու համախմբվածությունը հազարապատկվեց ու դրոշմվեց գլխարկների, ուսապարկերի, շապիկների ու մտքերի վրա՝ «Դուխով: Գրեցինք «Դուխով» ու հավատացինք, որ հաղթելու ենք: Գրեցինք «Դուխով» ու հավատացինք, որ հազարավոր քայլերի մեջ ամենակարևորը հենց մեր քայլն է:

Ապրիլի 23-ին կաթվածահար եղած Երևանով հնարավոր էր երթևեկել միայն ավտոստոպով: Հասնում եմ «Գործարանային» կայարան ու հայտնվում Մ2 ճանապարհին: Մայրուղին փակված է մեքենաներով: Ուղղությունս՝ երկրի հարավ: Քայլում եմ ճանապարհով՝ հույսով, որ գոնե մի մեքենա կկարողանա ազատվել ընդհանուր «խրախճանքից» ու ճանապարհ դուրս գալ: 5 րոպե անց հայտնվում է երազանքներիս՝ ավազ տեղափոխող բեռնատարը: Կագնեցնում եմ: Վարորդը 50-ամյա Արմենն է, 20 տարի է՝ աշխատում է ավազի արտադրամասում:

Մեր զրույցը հեղափոխությունից է՝ երկրում ստեղծված նոր իրավիճակից: Ասում է՝ վերջին օրերին շատ է ճանապարհներին մնացել, բայց չի դժգոհում՝ կարևորը երիտասարդների դուխը տեղն է: Հեղափոխությունից հետո որոշել է արձակուրդ վերցնել ու ինձ պես ավտոստոպով ճամփորդել: Արմենին հրաժեշտ եմ տալիս Սուրենավան գյուղի մոտ:

Ճանապարհին հանդիպում եմ 26-ամյա Մեյին: Մեյը Ֆիլիպիններից է, սիրում է ճամփորդել ու տարբեր երկրների երեխաներին անգլերեն սովորեցնել: Հայաստան է եկել 3 շաբաթով՝ երկիրը տեսնելու համար, ու հայտնվել հեղափոխության կիզակետում: Ասում է՝ այսպիսի հեղափոխություն ոչ մի տեղ չի տեսել, շատ է ոգևորվել հայերի էնտուզիազմով: Անգամ Խոր Վիրապում աղոթել է հայերիս համար, որ ամեն ինչ խաղաղությամբ ավարտվի: Արցախի մասին այնքան է լսել, որ որոշել է մայրաքաղաքից ավտոստոպով հասնել Շուշի: Ասում եմ` «գիտե՞ս, որ այլևս չես կարողանա Ադրբեջան այցելել»: Ժպտում է. «Իսկ ես Ադրբեջան չեմ էլ ուզում գնալ»:

Մեյի հետ մեքենա ենք կանգնեցնում: Վարորդը՝ Կարենը, ավելի երկիտասարդ է ու ավելի կասկածամիտ: Զարմանում է ինձ ու Մեյին միասին տեսնելով: Առաջին հարցը՝ «Բա դուք իրար որտեղի՞ց եք ճանաչում», «Ցույցից եք գալի՞ս», «Բա ինչի՞ եք ուրիշների մեքենաներով ճամփորդում»… Հետո իմանում ենք, որ նախօրեին եղբորն են բերման ենթարկել՝ խաղաղ ցույցներին մասնակցելու համար: Մեր զրույցն ավելի ծանր է ստացվում, ասում է՝ այդ դեպքից հետո ավելի զգուշավոր է դարձել, անծանոթներին դժվար է վստահում:

Կարենին ու Մեյին հրաժեշտ եմ տալիս Արենի գյուղի մոտ, իջնում եմ գինու հայրենիքն ուսումնասիրելու: Գյուղ տանող ճանապարհին տարբեր տարիքի տղամարդիկ են հավաքված՝ մայրաքաղաքում ընթացող ցույցերին են հետևում ուղիղ հեռարձակմամբ: Գյուղում թեժ քննարկումներ են՝ ժողովուրդը կկրի թե չի կրի, ճանապարհները կփակվեն թե կբացվեն, քաղաքական ուժերն ինչ հայտարարություններ են արել… Հասնում եմ գյուղի կենտրոն: Բանը հարցուփորձին չի հասնում: Գյուղամիջում հավաքված գյուղացիները նոր մարդ տեսնելով ասում են՝ «քուրիկ ջան, բա իմացա՞ր, վարչապետը հրաժարական տվեց», «Հաղթել ենք, ժողովուրդ հաղթել ենք»… Արենիում՝ հենց գյուղի կենտրոնում սեղան է բացվում: Գյուղացիները խմում են հաղթանակի ու միասնության կենացը, ջահելների ու ահելների կենացը…

-Ջիգյարդ ուտեմ, էդ կամեռան դիր, արի մեր հետ մի բաժակ գինի խմի,- ասում է գյուղացիներից մեկը:
«Ջիգյար ուտելով» էլ շարունակում ենք մեր ճանապարհը…

Տաթևիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register