ԹՐԱՖԻՔԻՆԳ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԴԵՐՈւՄ

6

 Մարդու իրավունքներն ու ազատությունները սահամանափակող, որոշ դեպքերում իսպառ վերացնող ամենասարսափելի երևույթը թերևս թրաֆիքինգն է: Մի կողմին` ահռելի գումարներ,  մյուս կողմին դժբախտություն բերող թրաֆիքինգն ունի շատ տարբեր դրսևորումներ` մարդկային օրգանների թրաֆիքինգ, աշխատանքային թրաֆիքինգ, երեխաների վաճառք… Այդուհանդերձ, հասարակության շրջանում թրաֆիքինգն առաջին հերթին ասոցացվում է սեքս-բիզնեսի հետ, երբ կանանց հարկադրում են զբաղվել մարմնավաճառությամբ:

Հայ աղջիկների թրաֆիքինգի թեմայով երկու գիրք է գրել սփյուռքահայ գրող Վահան Զանոյանը: «Հեռավոր մի տեղ»(2013) և «Օհանավանքի աղավնիները»(2015) գրքերը հիմնված են իրական դեպքերի վրա: Նկարագրվում է 16-ամյա Լարա Գալյանի (անունը փոխված է) կյանքի դժնդակ շրջանը, երբ նրան (և առաջին հերթին` ընտանիքին) համոզում են, թե մոդելի կարիերայի համար Հունաստան պետք է ուղարկեն, սակայն բարձր պահանջարկ ունեցող մարմնավաճառ դարձնելու նպատակով նրան հարկադրաբար տանում են Մոսկվա, այնուհետև` Դուբայ: Ինչպես գրքում է նշվում` Դուբայում վխտացող հայ կավատների «թեթև» ձեռքով՝ Հայաստանում գործող ցանցը պարբերաբար աղջիկներ է մատակարարում  արաբական մի շարք երկրների:  Սակայն նշվում է նաև, որ շատ են դեպի Թուրքիա և Ռուսաստան  «գործուղումները», քանի որ վիզային ռեժիմը հիշյալ երկրներում թեթև է: Այս օրերին Վահան Զանոյանը Հայաստանում էր: Ներկայացնում ենք նրա հետ անցկացրած մեր հարցազրույցը:

5

 – Պարոն Զանոյան, Ձեր երկրորդ վեպն,ըստ էության, առաջինի շարունակությունն էր՝ նույն հերոսներով: Ինչո՞ւ որոշեցիք շարունակել: Առաջին գրքի առաջացրած մեծ աժիոտաժով ու արձագանքո՞վ է դա պայմանավորված: Ինչու որոշեցիք խնդրի մասին հենց այդ կերպ  բարձրաձայնել:

– Անկեղծ ասած՝ շարունակությունը ծնվել է զուտ ընթերցողների ճնշման տակ: Առաջին վեպում գլխավոր թեման ավարտված էր, բայց կային մի շարք անավարտ պատմություններ: 1-1.5 տարի նոր հետազոտություններ արեցի և երկրորդ վեպը գրեցի:

-Հայտնի է, որ իրական դեպքերի հիման վրա է գրված վեպը:

– Ութսուն տոկոսով, բայց բնականաբար շատ անուններ, տեղերի անվանումներ հասկանալի պատճառներով փոխված են: Կարող եմ ասել, որ վեպի հիմքում՝ 4-5 աղջիկների հավաքական պատմությունն է: Երկրորդ վեպը հետաքրքրությամբ գրեցի, քանի որ թրաֆիքինգի ենթարկված աղջիկների տուն վերադառնալու պատմությունն էր, ինչն ամենադժվար մասն է: Այն զոհերին, որոնց հանդիպեցի, հարցազրույց վարեցի, նրանց համար շատ ծանր էր հետ վերադառնալու միտքը: Նույնիսկ եթե իրենց անձնագիրը հետ տային, նրանք միջոցներ ունենային տուն վերադառնալու, ամենամեծ արգելքը նրանց համար հոգեբանական էր՝ ինչպես հետ գային, իրենց ծնողներին հանդիպեին, եթե 6-7 ամիս կամ 1 տարի՝ իրենց կամքին հակառակ մարմնավաճառությամբ են զբաղվել: Երկրորդ վեպս հիմնականում սրա մասին է, այս հոգեբանական արգելքները հաղթահարելու մասին է:

– Այդ աղջիկների ո՞ր մասն էին հայեր:

– Առաջին վեպը գրելու ընթացքում ես Դուբայում հանդիպեցի, զրուցեցի 12 աղջկա հետ. բոլորն էլ հայեր էին: Ասում էին, որ իրենց կամքին հակառակ են եկել այստեղ, բայց անկեղծ ասած, ես նրանց ոչ բոլորի խոսքերին հավատացի: Չորսի դեպքում կասկած ունեմ, որ իրենք են դիմել այդպիսի գործի համար, բայց քանի որ բարոյական բեռը չեն ուզում կրել, ասում են՝ «ինձ զոռով են բերել»: Բայց մյուս ութի դեպքում բացարձակ վստահ եմ, որ բռնություններ, սպառնալիքներ են եղել: Աղջկա անձնագիրը ձեռքից խլում են, հեռախոսը միայն տեղական զանգեր է կատարում, 24 ժամ հսկողության տակ են և նրանց երկար ժամանակով մի տեղում չեն թողնում, որպեսզի կապեր չհաստատի:

 – Այդ դեպքում Դուք ինչպե՞ս էիք շփվում նրանց հետ:

– Ձևացնում էի, թե հաճախորդ եմ և խնդրում էի պատմել իր պատմությունը: Այս հնարքը սովորել եմ  «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանից: Աղջիկները շատ վախեցած էին և հենց այնպես չէին պատմի:

– Կանադացի հայտնի փորձագետ, սոցիոլոգ Ռիչարդ Փուլենն ահազանգում է, որ գնալով փոքրանում է թրաֆիքինգի ենթարկվող երիտասարդ աղջիկների տարիքը:

– Ամենափոքրը որին հանդիպել եմ և որի կերպարի վրա վեպը հիմնել եմ՝ 16 տարեկան էր: Ամենամեծը 36 տարեկան էր: Հատուկ տարիք չկա: 16 տարեկանները կարող են ավելի երկար  շահագործվել, եթե նաև գեղեցիկ են, ավելի շատ փող բերել: Բնականաբար՝ նրանք չէ,որ այդ գումարները ստանում են:

7

 – Ձեր գիրքն ունի «հեփփի էնդ»՝ավարտվում է ուրախ նոտայով: Իսկ իրականում «երջանիկ ավարտ» լինո՞ւմ է :

– Ճիշտն ասած՝ ուրախ վերջավորություն չեմ տեսել: Գուցե բացառություններ լինում են,ով գիտե: Վեպը ուրախ է ավարտվում, քանի որ ես ուզում եմ ընթերցողին հույս ներշնչել, բայց ուրախ վերջաբան կարձանագրվի այն ժամանակ, երբ ժողովուրդը  կսկսի ինքը ոճրագործների հախից գալ: Նույնիսկ անմեղ, անզոր գյուղացիները կարող են միավորվել և նրանց հախից գալ: Գրականությունը, արվեստը չպետք է լինեն միայն այն բանի մասին, թե ինչ կա, այլ նաև թե ինչպես կարող է լինել: Ոճրագործների համար իդեալական է, երբ հասարակությունն ինքն է՝ «ամոթ է», «հրապարակավ չպետք է խոսես այս մասին»  ձևակերպումներով ճնշում զոհերին: Մինչդեռ ոճրագործների ուզածն էլ հենց դա է: Գրքերը գրելու գլխավոր դրդապատճառը՝ այս հարցի հրապարակայնացումն է: Երբ խնդրի հանդեպ հանրային գիտակցությունը փոխվի, թերևս  այդ ժամանակ կառավարությունն ավելի հետամուտ կլինի: Քանի դեռ այս թեման չի քննարկվում, այն առաջնահերթություն չի դառնում: Ցավալին այն է, որ Հայաստանում պետական մակարդակով հերքում են, վստահեցնելով, թե նման խնդիր չկա:

Գոհար Հայրապետյան

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register