ԾԱՂԿԱՁՈՐՑԻՆ

caxkadzor

Երբևէ մտածել ե՞ք, որ այնտեղ, ուր Դուք հնգստանում եք, մարդիկ նաև ապրում են: Ամբողջ աշխարհում զբոսաշրջային համբավ ունեցող և լեռնադահուկային առողջարան Ծաղկաձորը, որը«Քաղաք-հյուրանոց» կարելի է անվանել, ծաղկաձորցիների համար հյուրանոց չէ, այլ տուն:Ուղղակի՝ հին ծաղկաձորցիներից քիչ մարդ է մնացել և քչերն են հիշում անտառաշատ, ծաղիկներով լցված ձորերով այս «տունը»: Հիմաայն ավելի շատ աշխատավայր է հիշեցնում, քան տուն:

Մեր հերոսը՝ Հակոբյան Ալբերտը Ծաղկաձորում է ապրում 1937 թվականից` արդեն 78 տարի: Քաղաքի կերպարանափոխությունը ամեն օր տեսել է սեփական աչքերով: Նրա հիշողության մեջ քաղաքը բոլորովին ուրիշ քարտեզ ունի: Օրինակ՝ շուրջ կես դար առաջ, այժմյան Օրբելի եղբայրների թանգարանի տեղում եղել է ընկեր Հակոբյանի, ինչպես նրան դիմում են անգամ մտերիմները, սովորած դպրոցը: Երբ խնդրում ես հաշվել թե նրա դասընկերներից քանիսն են հիմա Ծաղկաձորում, ընկեր Հակոբյանը պատասխանել չի շտապում. սկսում է հաշվել… մեկ, երկու, երեք…

Հաշիվը հինգից չի անցնում, այն ժամանակ երբ դասարանում քսաներկուսն են եղել:

Կյանքում հանդիպող լավն ու վատը ընկեր Հակոբյանն ընդունում է փիլիսոփայորեն.

-Մեր տուրիստական քաղաքում,- ասում է,- խանութներն էլ ու հասարակ ապրանքների գներն էլ տուրիստական են: Չնայած դրան, չեմ բողոքում շարժից, կյանքն այստեղ եռում է, մանավանդ ամռանն ու ձմռանը կարծես բացօթյա կայարանում ապրես. ամեն օր նոր մարդիկ են հայտնվում փողոցներում:

Նոր մարդկանց շարժն էլ Ծաղկաձորում միանշանակ գնահատելի չէ.

-Շատ մարդիկ իրենց հետ թարմ շունչ են բերում քաղաքին, երիտասարդական ավյուն, շատերն էլ՝ միայն աղբ, որը թափում են հանգստից հետո և հեռանում առանց ետ նայելու:Անգամ ծաղկաձորի ծաղիկներն են քչանում: Անթառամը, որ երկար աճող ծաղիկ է, զբոսաշրջիկները պոկոտում են հենց արմատներով, իսկ ես ծաղիկ հավաքելիս հատուկ մկրատ եմ օգտագործում:

-Ծաղկաձորում, մանավանդ հանգստյան ամիսներին, բնակելի տարածքների վարձույթը շատ տարածված է,- հարցնում եմ,-Դուք երբևէ Ձեր բնակարանը վարձով տվե՞լ եք:

-Առաջարկողներ շատ են եղել, բայց երբեք վարձով չենք տվել,- ասում է ընկեր Հակոբյանը,- չնայած Ծաղկաձորում դա սովորական բան է. մարդիկ իրենց բնակարանները կիսում են, կես հատվածում ապրում, մյուս կեսը վարձակալության տալիս: Իդեպ, ես հիմա պատրաստվում եմ վերանորոգել նկուղային հատվածը. պատկերացնու՞մ եք, նույնիսկ դրա ցանկացողները շատ են:

-Ի՞նչ պիտի լինի, որ համաձայնեք հեռանալ Ծաղկաձորից:

-Ձեր հարցին ի պատասխան՝ մի պատմություն պատմեմ:

1968-ին ես ավարտեցի Կիևի կապի համալսարանը՝ գերազանցությամբ: Ուկրաինայի երկաթգծի ղեկավարը` Շոբոտենկո Վլադիմիր Իվանովիչը ինձ առաջարկեց աշխատանք իմ ուզած պաշտոնում, երեք սենյականոց բնակարան և առանձնատուն: Երիտասարդ էի, առաջարկը դուրս եկավ, հենց իր ներկայությամբ զանգեցի Երևան, Երևանը միացրեց Ծաղկաձոր, կամուտատորով միացա տուն: Մայրս, երբ լսեց լուրը, լաց եղավ, ես էլ Շոբոտենկոյի կաբինետում, հեռախոսն ականջիս, լացեցի մորս հետ: Այդ ժամանակ ես նրան հասկացա, հիմա էլ՝ զգում եմ այն, ինչ նա էր զգում…

Ինձ երեք տարի ժամանակ տվեցին, որ մտածեմ, ու վերադառնամ Ուկրաինա. մինչև հիմա էլ սպասում են:

-Իսկ հիմա ինչ՞ով եք զբաղվում, Ծաղկաձորում աշխատանք կա, հարմար մի բան գտել ե՞ք Ձեզ համար:

-Ժամանակին աշխատանք ունեի, սակայն տարիքիս պատճառով ազատվեցի: Հիմա չեմ աշխատում, այգի եմ մշակում, գնում եմ անտառ, հաղարջ հավաքում, գինի պատրաստում հարազատներիս համար:

Բայց չաշխատելս ո՞րն է. հիմա զբաղվում եմ կյանքիս կարևորագույն գործով.դաստիարակում եմ կրտսեր Ալբերտ Հակոբյանին` իմ թոռնիկ Ալբերտիկին: Նրան դաստիարակում եմ իսկական ծաղկաձորցու ոգով, ով երբեք չի լքի իր քաղաքը, Հայրենիքը, մաքուր կպահի Ծաղկաձորն ու Հայաստանը:

 

Տեքստ և լուսանկար՝

Սպարտակ Գրիշյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register