ՀԱՋՈ՛ՐԴԸ

ari

Մենք տեսել ենք, թե ինչպես են մարդիկ ընկնում: Բռնցքամարտիկը տապալվում է հարվածից, լեռնադահուկորդը գահավիժում է թավալգլոր, տարիների համառ նախապատրաստությամբ ճանապարհ եկածը սայթաքում է վերջին պահին և հայտնվում է փակ դռների առջև:

Մենք տեսել ենք, թե ինչպես են մարդիկ կոտրվում. նրանց ձեռքերը կախվում են հուսաթափված, նրանց կամքը փափկում է խմորի պես, բղջախոհության մշուշն է պատում նրանց ծանրացած գլուխները:

Եվ մենք տեսել ենք, թե ինչպես են ոտքի կանգնում ընկածները. «Այն, ինչը չի սպանում, ինձ դարձնում է ավելի ուժեղ»: Բռնցքամարտիկը վերադառնում է, իր պարտությամբ ավելի հզորացած: Հիմա նա լիարժեք գիտե հաղթանակի գինը: Լեռնադահուկորդը իր անզուսպ կրքով կպցնում է կոտրված ոսկորները: Լեռան գագաթին, ձյուների մեջ կանգնած, նա իր ոսկրի ցավից հունցում է հաղթելու համառություն: Փակ դռների առջև կանգնած մարդու համար այլևս բեռ չէ անցած ժամանակը. այդ անցյալն ընդամենը փորձառություն է, փակ դռները՝ ընդամենը փորձություն:

Ընկնել կարող է յուրաքանչյուրս. խնդիրն այն է, թե ինչ ես անում ընկնելուց հետո: Մենք հաճախ լիարժեք չենք գիտակցում, թե որն է իրական նպատակը, ո՞րն է մեր գոյության, մեր ջանքի, մեր չարչարանքի իրական իմաստը: Մենք նպատակադրում ենք արդյունք, մենք պլանավորում ենք հաղթանակ, մենք գծում ենք մեր ճանապարհը, որի իմաստը տեսնում ենք այդ արդյունքի, այդ հաղթանակի մեջ: Եվ մենք, իհարկե, իրավացի ենք:

Սակայն կա նաև գաղտնիքը, որը հասկանալիս, խորապես ընկալելիս՝ աշխարհը փոխվում է, և բացվում են աչքերդ:

Իրական արդյունքն ու իրական հաղթանակը հենց քո ճանապարհն է: Այն, որ անցնում ես ընկնելով ու բարձրանալով: Երբ ամեն անհաջողություն ընդամենը փորձություն է: Դու կանգնում ես, շտկում ես մեջքդ և  ասում ես՝ ՀԱՋՈ՛ՐԴԸ: Տուր ինձ ՀԱՋՈ՛ՐԴԸ: Ես եկել եմ՝ անցնելու այս ճանապարհը: Եվ իմ իրական հաղթանակը այդ ճանապարհն անցնելու համառությունն է, հաջորդ փորձությունը հաղթահարելու կամքը:

 

Սիրով՝ ձեր Արիանա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register