ԹԵԿՈՒԶԵՎ  ՓՈՔՐ, ԲԱՅՑ  ԻՐԱԳՈՐԾԵԼԻ  ՔԱՅԼԵՐԻ  ԽՈՐՀՈՒՐԴԸ

ariana-002

Որքան էլ Անտուան Սենտ Էքզյուպերին իր հայտնի գործերից մեկում  կերպարի շուրթերով մեզ հորդորի ականջալուր լինել փոքր քայլերի արվեստին, մեկ է, մեզ մոտ շարունակում է  գերակայող մնալ միանգամից  ոտքի կանգնելու, վազելու կամ էլ թռչելու  անհագ ցանկությունը: Հավանաբար հայերի տաքարյուն և կրակոտ բնավորությունն է սպասելու հետ սեր չունենալու պատճառը: Մենք ապրում ենք «այստեղ ու հիմա» բանաձևով, սակայն հաճախ սխալ ենք կիրառում նաև դա, քանի որ պահը վայելելուց բացի՝ մենք պարտավոր ենք նայել դեպի հեռուն: Երիտասարդ մարդու ու պետության համար սա շատ կարևոր է:

Ամեն սկսվող տարվա համար նոր պլաններ ու լուծումներ ենք սահմանում՝ ավելի լավը լինելու երազանքով: Մեծամասամբ նպատակները կրկնվում են. ավելորդ քաշը գցել, ավելի շատ գումար աշխատել, ամուսնանալ, տուն կառուցել, ավելի շատ խնայել և ավելի քիչ ծախսեր անել, նոր աշխատանք գտնել, նոր նախագիծ սկսել և այլն:  Յուրաքանչյուրը Նոր տարուն մտածում ենք, ավելին՝ գրեթե համոզված ենք, որ փափագած երազանքն անպայման իրականություն կդառնա: Սակայն ժամանակը թռչում է ու մենք կրկին  հայտնվում ենք տարեվերջյան նույն ջարդած տաշտակի դիմաց՝   հիասթափված դեմքով ու երազանքների  չիրագործված տրցակը ձեռքներիս: Ու դեռ զարմանում ենք, թե ինչու  չհասանք այդքան ոգևորությամբ սպասած արդյունքներին: Շատերն իսկապես հունվարին սկսում են մեծ-մեծ քայլերով դեպի երազանք ընթանալ, սակայն  հետո ինչ-ինչ խոչընդոտների հանդիպելիս հիասթափվում են, ինչն էլ նրանց հարկադրում է կանգ առնել: Այդ ընթացքում նրանք կորցնում են մոտիվացիան ու նպատակի հետքը: Եվ ահա, ժամացույցը թկթկում է, ու էլ օր չմնաց:

Ուրեմն ո՞րն է այդքան ոգևորությամբ գծված պլաններին հասնելու գաղտնիքը:  Կարծում եմ առաջինը՝ այդ նպատակները հստակ սահմանելն ու դրանք իրական և չափելի դարձնելն է, այնպես, որ կարողանանք ստուգել՝ արդյոք դրանք իրականացվե՞լ են, թե՞ ոչ:  Նաև պլան կազմելը և բոլոր քայլերը համառորեն իրականացնելը, նույնիսկ երբ ամեն ինչ դժվար է: Կարևորը առաջ ընթանալն է: Ահա թե ինչու են օր ու գիշեր մարզվում չեմպիոնները, ամեն օր՝ դժվարությունների և բարդությունների միջով՝ տարիներ շարունակ:

Ինչ-որ բանի և ինչ-որ արժեքավոր կետի  հասնելու համար (կարիերա, սիրային հարաբերություն կամ ընտանիք, բավականաչափ եկամուտ՝ տուն գնելու համար, լավ իրավական համակարգ, կայուն տնտեսություն, ցանկալի առողջություն և քաշ), պահանջվում է ժամանակ, կարգապահություն և հետևողականություն: Ահա թե ինչու թույլ և հոռետես մարդիկ հաջողակ չեն լինում: Մի քանի հետընթաց քայլ կամ դժվարություն և նրանք սկսում են քննադատել, հրաժարվել իրենց նպատակներից: Հաջողակ մարդիկ,հակառակը, լի են ապագայի հանդեպ լավատեսությամբ,  նրանք հավատում են իրենց նպատակներին: Սխալը սխալի ետևից, ձախողում ձախողման ետևից, սակայն նրանք շարունակում են աշխատել, շարունակում են տքնել, շարունակում են անել այն՝ ինչ անում են՝ հանուն իրենց նպատակի:

Թե չէ այս ձևով ստացվում է, որ Հայաստանում սիզիփոսյան աշխատանք ենք կատարում. անվերջ բարձրացնում ենք մեր քարը, որն անընդհատ գլորվում է ներքև, քանի որ դրա համար մնայուն հիմքերն են բացակայում:

2017-ը նոր է սկսվում: Առաջարկում ենք այն հաշվետու սկսել, սովորել պատասխանատվություն կրել մեր արարքների համար և նույնը պահանջել դիմացիններից: Եվ վերջապես սովորել փոքր քայլերի արվեստը:

 

Սիրով՝ ձեր Արիանա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register