ՔԱՂԱՔԱԿԱՆ  ՓԱԶԼ

pazl

Խորհրդարանական ընտրությունները  Հայաստանում նախանշված են ապրիլի 2-ին: Կկարողանա՞նք  արդյոք անցնցում թևակոխել մեր երկրի զարգացման նոր փուլ, կարդարացնի արդյոք կիսանախագահականից խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու որոշումը:  Սրանք հարցեր են, որոնց ճշգրիտ պատասխանը կտա ժամանակը:

ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրն ունի մեկ ձայն՝ ընտրության մեկ հնարավորություն՝ դնելու իր բաժին հիմնաքարը՝ միտված այն Հայաստանի կառուցմանը, որտեղ հնարավոր կլինի ոչ միայն ազատ մտածել ու արտահայտվել, այլև ստանալ լավ կրթություն, զբաղվել սիրելի աշխատանքով և վաստակել այնքան, որ  դա բավարարի արժանապատիվ կյանքով ապրելուն: Ընտրություններին ընդառաջ միջկուսակցական ու կուսակցական  ակտիվ վերադասավորումներ են ընթանում, որոնք հայաստանյան քաղաքական դաշտը վերածել են ամենաիսկական փազլի:

Իրենց ընդդիմադիր համարող  քաղաքական ուժերը դաշինքներ են ստեղծում, հանդես գալիս իշխանափոխության կոչերով, ընդդիրմադիր-իշխանամետ քաղաքական գործիչները նոր ընտրություններին ընդառաջ փորձում են նոր կերպարով հանդես գալ՝ արագ փոխելով մարտադաշտն ու «բանակը»: Ու մինչ գոյություն ունեցող կուսակցությունների շքախումբը շարունակում է աճել՝ ստեղծված տարատեսակ անվանումներով կուսակցությունների հաշվին, միջկուսակցական քաղաքական անհամաձայնությունները վայրկյանական տեղափոխվում են երկրիս լրատվամիջոցների գլխագրեր: Ստեղծված իրավիճակի շտկմանն իր կոչերով փորձում է  նպաստել նաև Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը: 2016թ. հոկտեմբերին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԺ-ում նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, ՀՀԿ անդամ Վիկտոր Դալլաքյանը հրաժարական ներկայացրեց զբաղեցրած պաշտոններից և ՀՀԿ անդամակցությունից՝ հայտարարելով ակտիվ քաղաքականություն վերադառնալու և 2017-ի խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցելու մտադրության մասին: Ավելի ուշ՝ արդեն դեկտեմբերին, Դալլաքյանը հայտարարեց Սեյրան Օհանյանի հետ համագործակցության մասին: «Ես տեղյակ եմ Սեյրան Օհանյանի ծրագրերին, դրանք մենք քննարկում ենք միասին և պարբերաբար, և առաջիկայում նա հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- նշել էր Դալլաքյանը: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունն իրեն երկար սպասեցնել չտվեց:  Ֆեյսբուքյան իր էջում դեկտեմբերի 20-ին նա հանդես եկավ հաղորդագրությամբ՝ նշելով քաղաքական գործընթացներին մասնակցելու  մտադրության մասին: Մամուլում շրջանառվող «իշխանական պրոյեկտ» լինելու հրապարակումներին Սեյրան Օհանյանը ժխտողական դիրքորոշմամբ չարձագանքեց: «Սպային վայել բարձր պատասխանատվությամբ վստահեցնում և պատասխանում եմ՝ ՈՉ: Ես՝ Սեյրան Օհանյանս, կրկնում եմ՝ քաղաքական հայտ ներկայացնելու որոշումը կայացրել եմ ինքնուրույն՝ ելնելով երկրում ստեղծված ներքաղաքական, տնտեսական, բարոյական ճգնաժամից»,- նշեց նա:

Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան», Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» և Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցություններն առաջիկա քաղաքական պայքարում  մտադիր են հանդես գալ «ԵԼՔ» դաշինքով: Դեկտեմբերի 12-ին նրանք հուշագիր ստորագրեցին՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին և Երևանի ավագանու ընտրություններին միասնաբար՝ ընտրական դաշինքով մասնակցելու մասին: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիտարկմամբ՝ «ԵԼՔ»-ը դեռեւս  միակ քաղաքական ուժն է, որը կարող է ձեռնոց նետել իշխող Հանրապետական կուսակցությանն ու հասնել իշխանափոխության: Դաշինքի կազմում կներգրավվեն այլ ուժեր, թե ոչ, պարզ կդառնա ակտիվ քննարկումների ավարտից հետո:

Իր շուրջ ստեղծած մեծ աղմուկով քաղաքական դաշտ մտավ նաև «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցությունը, որի նախագահ Սերգեյ Դանիելյանն անկեղծորեն հայտարարեց, որ լրջորեն պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին:  Որ ընտրվելու դեպքում ՔԱՔ-ն իրականացնելու է 2 հիմնական գործառույթ՝ զբաղվել ոչնչով և աշխատավարձ ստանալ ոչինչ չանելու դիմաց:

Ո՞ւմ է նայում Ամենափրկիչ Մանուկը

Քաղաքական անցուդարձից անմասն չի մնում նաև հանրապետության երրորդ քաղաքը՝ Վանաձորը: Հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո այստեղ քաղաքական ճգնաժամ է: «Լուսավոր Հայաստան», ՀՎԿ և ԲՀԿ ավագանու անդամները բոյկոտում են ավագանու նիստերը՝ դրանց պարզապես չներկայանալով:  Հենց Սբ ծննդյան պատարագի ժամանակ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու և ավագանու «անհաշտ» անդամներին հաշտեցնելու կոչով է հանդես եկել Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը.«Տարին նոր է սկսվում, ահավասիկ տարին նոր է սկսվում, և Սուրբ ծննդով է սկսվում, Ամենափրկիչ Մանուկը ձեզ է նայում, մեզ բոլորիս է նայում: Նա մեզանից ակնկալում է սեր, սեր և սեր, միասնաբար գործելու, արարելու և մեր քաղաքի հոգսերը հոգալու: Այդ կոչումը, որ դուք հավակնում եք ստանալ՝ ավագանի, քաղաքապետ, մարզպետ, կամ ես… ծառայություն է ուզում: Այս տարի ուզում եմ, որ մեր քաղաքի քաղաքապետարանում հավաքվի ավագանին և վճռական քայլերով մեր քաղաքի կառուցման սուրբ գործին նվիրվի՝ թողնելով արտաքին ուժերը, որոնք փորձում են այս քաղաքի գործերին միջամտել»,- ամփոփել էր արքեպիսկոպոսը: Եկեղեցու ամբիոնից արված կոչը, մեղմ ասած, միանշանակ չընկալվեց շատերի կողմից: Եկեղեցու դերը պետության կայացման ու պետականության պահպանման գործում անուրանալի է, հավատքն ու քաղաքական պրոցեսները խորանի վրա մեկտեղելը, թերևս, վիճելի:

 

Տաթևիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register