7 ՀԱՐՑ. ՍՈՍԷ  ՂԱԶԱՐՅԱՆ

7

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակից, Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի «Հասարակագիտություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների ուսուցիչ Սոսե Ղազարյանը:

Ձեր կողմից բացահայտված ամենածածուկ, շատերին անծանոթ անկյունը Հայաստանում:

– Հայաստանում շատ եմ ճամփորդում: Ցանկացած անկյուն կարելի է բացահայտել յուրովի` լեռներից մինչև մշակութային նշանակություն ունեցող կոթողներ: Կառանձնացնեմ մի անտառ՝ Գեղարքունիքի մարզում, որ կարծես Հայաստանից կտրված անկյուն լինի, որի մասին շատ քչերը գիտեն: Յուրատեսակ ծառերով ու թփերով անտառ է:  Այնուամենայնիվ, ավելի մանրամասն չեմ ուզում նկարագրել տեղը, թող գաղտնիք մնա:

Կա՞ մի բան Երևանում, որն անասելի նյարդայնացնում է Ձեզ:

– Երևանում ինձ շենքերի ոճային անհամապատասխանությունն է նյարդայնացնում. քաղաքի կոլորիտը պահպանված չէ: Հին Երևանն ինձ միշտ ավելի է գրավել: Ցավոք այն միայն լուսանկարներով եմ տեսել: Երկրորդը՝ մաքրությունն է: Կուզեի, որ քաղաքացիներն ավելի պատասխանատու լինեին մայրաքաղաքի մաքրության համար: Եվ երրորդը` ավոտոմեքենաների խտությունը:

Հենրիխ Մխիթարյանից, դուդուկծիրանխորովածից բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ աշխարհում։

– Կարծում եմ, որ մենք դեռևս նոր ենք սկսել ճիշտ ներկայացնել Հայաստանի գեղատեսիլ վայրերը, բնությունը, որոնք արտերկրացիներին շատ են գրավում: Գլխավոր այցեքարտերից մեկը կարող է հենց դա լինել: Նաև՝ համաշխարհային ճանաչման արժանացած գինիներին  չզիջող, եթե չասենք գերացազանցող  հայկական գինու հարուստ տեսականին:

 – Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Իմ վառ երևակայության ձևավորողը Նիկոլայ Կունի «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» գիրքն է: Կնշեմ  Էռնեստ  Հեմինգուեյի «Կիլիմանջարոյի ձյուները» պատմվածքը, որն ընթերցելուց հետո Կիլիմանջարոն բարձրանալու երազանքն ունեմ: Երրորդ գիրքը` Հենրիկ Սենկևիչի «Յո՞ երթաս» վեպն է, որ պարզապես ֆանտաստիկ է:

Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Դրական լիցքեր փոխանցում են այն մարդիկ, որ ամեն ինչում տեսնում են լավը: Նրանց մոտ կա մի լուսավոր կետ, որ ինձ էլ է փոխանցվում: Իմ բոլոր ընկերներն ու աշակերտներն այդպիսին են: Այնքան լուսավոր, անմեղ ու անկեղծ են աշակերտները, որ նրանց հետ շփվելիս դրական լիցքեր չստանալն ուղղակի  անհնար է:

Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Մի շատ մեծ, ընդարձակ, լուսավոր, ապակյա տանիքով գրադարան կկառուցեի, որտեղ հասանելի կլինեին համաշխարհային ֆենոմենալ գրքերը: Ստեղծագործելու, երազելու տեղ կլիներ:

Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

–  Անկախ մարդը՝ հանգիստ խիղճ ունեցող մարդն է: Իրավագիտակից, պահանջատեր քաղաքացին, ով գնահատում է իր հայրենիքում գործող ամենակարևոր արժեքները:

Գարեգին Ալեքսանյան 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register