ՔՈՈՒՉԻՆԳ.  ՁԵԶՆԻՑ  ԼԱՎ՝ ՁԵԶ ՃԱՆԱՉՈՂՆԵՐԸ

66

Բացահայտել մարդկային ներուժն ու զարգացնել այն, քաջալերել, ոգեշնչել մարդկանց, սովորել փոքր քայլերի ու փոքր քայլերով մեծ հաղթանակների հասնելու արվեստը:

Արևիկ Հայրապետյանն անձնային աճի փորձագետ է, «Kaizen Mastery» Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիրը («ինստիտուտ» բառն օգտագործվում է՝ գործունեության գիտահետազոտական բնույթն ընդգծելու նպատակով): Մի քանի տարի է ինչ Արևիկը զբաղվում է «քոուչինգով»: Բիզնես ղեկավարներն ու ընկերությունները, մարզիկներն ու արվեստագետները, շարունակական զարգացման ու կատարելագործման ձգտող մարդիկ Արևիկ Հայրապետյանի պոտենցիալ հաճախորդներն են: Երազել՝ անկախ տարիքից, սահմանել հստակ նպատակներ ու գտնել դրանց հասնելու ամենաարդյունավետ ճանապարհները: Դեպի հաղթանակ ուղեկցող քայլերին էլ փորձել ենք  ծանոթանալ Արևիկ Հայրապետյանի հետ զրույցում:

– Արևի՛կ, որքանո՞վ  է քոուչինգը  զարգացած Հայաստանում, ի՞նչ է այն իրենից ենթադրում:– Քոուչինգը՝ համագործակցություն է քոուչի և հաճախորդի միջև, որը ոգեշնչում է հաճախորդին առավելագույնս իրագործել իր ներուժը։ Քոուչինգի ընթացքում անհատը քոուչի աջակցությամբ սահմանում  է նպատակներ և հետևողական գործողությունների շնորհիվ քայլ առ քայլ հասնում է այդ նպատակներին: Քոուչի հետ աշխատանքի շնորհիվ անհատը սկսում է իր կյանքում նորանոր հնարավորություններ բացահայտել, լցվել լավատեսությամբ  և ապրել իմաստավորված ու արժեքավոր կյանքով: Դեռևս Շեֆֆիլդի համալսարանում ուսանելիս հասկացա, որ քոուչինգը շատ մեծ զարգացում է ապրում աշխարհի առաջատար երկրներում և շատ արժեքավոր է անհատների և կազմակերպությունների ներուժը կյանքի կոչելու համար։

2016 թվականին Հայաստան վերադառնալով հիմնադրեցինք  «Kaizen Mastery»-ն, որի առաքելությունն է քոուչինգի բնագավառում առկա համաշխարհային լավագույն փորձը տեղայնացնել Հայաստանում։ Պետք է նշեմ, որ մեր երկրում այլ կազմակերպություններ ու անհատներ էլ կան, որոնք իրենց կարևոր ներդրումն ունեն  մասնագիտության կայացման գործում։

– «Kaizen Mastery»-ի  «Սոցիալական  նախաձեռնություն»-ն ինչպե՞ս  ծնվեց: – Մեր գործունեության ամենասկզբից՝ նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ չունեինք հաճախորդներ, մենք ոգեշնչված ենք եղել դրական փոփոխություններ իրականացնելու գաղափարով։ Այսպիսով՝« Kaizen Mastery»-ի «Սոցիալական նախաձեռնություն» ծրագրի շրջանակում մենք շարունակաբար անվճար քոուչինգ ենք տրամադրում խոցելի խմբերի ներկայացուցիչներին և հասարակական, բարեգործական կազմակերպություններին։ Սոցիալական ծրագրի մասնակից կարող են դիտարկվել ՀՀ մարզերում, հեռավոր գյուղերում բնակվող այն երիտասարդները, ովքեր ձգտում են ինքնակատարելագործվել որպես անհատներ և որպես արդյունք՝ նպաստել սեփական համայնքում  իրականացվելիք դրական փոփոխություններին ։ Վերջին մեկ տարվա ընթացքում «Kaizen Mastery»-ի անհատական քոուչինգի շնորհիվ Շիրակի մարզի Կրաշեն գյուղից մի երիտասարդ կին մեծ փոփոխությունների  է հասել անձնական կյանքում, դարձել է իրենց համայնքի կարող ուժերից մեկը։

Դրական ազդեցությունն առավել մեծացնելու համար սկսել ենք համագործակցել «Հուսո այգի» կազմակերպության հետ: Այցելությունների շնորհիվ նրա սաներին ենք տրամադրել ինքնազարգացման քոուչինգ։ Նախատեսում ենք նման այցելությունները դարձնել շարունակական։

– Քոուչինգն անհատական աշխատա՞նք է պահանջում հաճախորդի հետ, թե՞ կորպորատիվ մոտեցումները ևս ընդունելի են: – Կախված համագործակցության նպատակից՝ քոուչինգը կարող է իրականացվել թե՛ անհատական մակարդակում, թե՛ խմբային ձևափաչով։

Լայֆ քոուչինգը, որի նպատակը անհատի անձնական և մասնագիտական նպատակների իրականացմանն աջակցելն է, անհրաժեշտ է իրականացնել անհատական մակարդակում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր անհատի կյանքի և հետապնդած նպատակի ինքնատիպ բնույթը։ Իսկ ահա բիզնես ընկերությունները՝ կարող են խմբային քոուչինգի շնորհիվ բարձրացնել իրենց թիմի կատարողականության մակարդակը և հզոր թիմային մշակույթ ստեղծել ընկերության ներսում։ Այնուամենայնիվ, առավելագույն արդյունավետության համար ցանկալի է խմբային քոուչինգին հաջորդի կամ նախորդի անհատական քոուչինգը՝ հաշվի առնելով թիմի ամեն անհատի յուրահատկությունը։

– Ովքե՞ր են ձեր հիմնական հաճախորդները, ի՞նչ աշխատանք է տարվում նրանց հետ:– «Kaizen Mastery»-ի  «Լայֆ քոուչինգ»-ի ծառայությունը բոլոր այն անհատների համար է, ովքեր ձգտում են շարունակաբար ինքնակատարելագործվել և  հասնել լավագույն արդյունքի՝  կյանքի բոլոր ասպարեզներում: Առաջնորդության քոուչինգի ծառայության շրջանակում համագործակցում ենք բիզնես ղեկավարների հետ՝ աջակցելով նրանց դառնալ առավել լավ ղեկավար իրենց թիմի համար՝ այդ կերպ  նպաստելով ընկերության երկարաժամկետ զարգացմանը։

Կորպորատիվ քոուչինգի ծառայության շրջանակում աշխատում ենք բիզնես ընկերությունների աշխատակիցների հետ՝ աջակցելով նրանց առավելագույնս ռեալիզացնել սեփական ներուժը։ Սպորտային (մարզական) քոուչինգի ծառայության շրջանակում հունիս ամսից մեր ներդրումն ենք ունենալու Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից կազմակերպվող մարզիչների որակավորման ծրագրում՝ կիսելով մեր փորձառությունն ու գիտելիքներն ապագա մարզիչների հետ։

2017-ի սկզբին հիմնադրվեց նաև «Կայզեն TV»-ն,  որի թողարկումների ընթացքում խորհուրդներ եք տալիս՝ ինչպես զարգանալ, ինչպես առաջխաղացում ապահովել կյանքում և բիզնեսում: Ի վերջո, հաջողության հասնելու համար ի՞նչ է պետք:– Հաջողության հասնելու համար յուրաքանչյուր անհատ ինքն իր համար  պետք է անկեղծորեն պատասխանի հետևյալ հարցին՝ «Ի՞նչ է ինձ համար հաջողությունը»։ Հասարակական նորմերը, ընտանիքը, մեդիան մեզ են հրամցնում հաջողակ դառնալու որոշակի նորմեր, որին հետևելով միայն կարող ենք համարվել հաջողակ։ Որպես արդյունք՝ մարդկանց  ճնշող մեծամասնությունը վատնում է իր կյանքի լավագույն տարիները՝ ձգտելով հասնել այն ամենին, ինչն իրականում իրենը չէ։

Իմ կյանքում իսկապես շրջադարձային եղավ այն գիտակցումը, որ հաջողության իմ մոդելը գուցե և չհամընկնի մեկ այլ մարդու, նույնիսկ ինձ թանկ ու հարազատ մարդկանց հաջողության պատկերացումներին։ Եվ ես պարտավոր չեմ ապրել իմ կյանքը՝ այլոց սպասումներին և հաջողության մասին նրանց պատկերացումներին համապատասխանելու համար։  Այսպիսով, հաջողության հասնելու համար շատ կարևոր է հստակեցնել սեփական արժեքները կյանքում և ամենակարևորը քաջություն ունենալ հավատարիմ մնալ դրանց։ Այո՛, մեր «ստանդարտացված» աշխարհում սեփական ինքնությունդ արտահայտելն իսկապես քաջություն է պահանջում։ Ասելիքս ամփոփեմ՝ «Kaizen Mastery»-ի նշանաբաններից մեկով՝ «Մի՛ ապրեք այլոց կարծիքի համար․ նրանք չեն լսում Ձեր սրտի ձայնը»։

– 2 օր առաջ ընկերներիցս մեկի հետ էի զրուցում, ով նույնպես լրագրող է: Ասում էր, որ նոր հետաքրքրություն է ձեռք բերել, ուզում է PR-ով զբաղվել, սակայն չգիտի՝ ինչպես ու որտեղից սկսի, ինչպես հաջողության հասնի: Ի՞նչ կառաջարկեիք նրան, եթե նա ձեր հաճախորդը լիներ: – Կյանքում նոր ձգտումներ ունենալը գովելի է։ Հաճախ, սակայն, այդ ձգտումները  ծնվում են մեր մեջ արտաքին մղումների ազդեցության տակ։ Ինչ-որ աշխատանքում իսկապես հաջողելու և ներքին բավարարվածություն ստանալու համար կարևոր է հենց սկզբից վստահ լինել, որ տվյալ մասնագիտության ընտրությունն իսկապես քոնն է՝ այն չի բխում «մոդային» և խոստումնալից կարիերային հետևելու պարտադրանքից։  Ձեր ընկերոջը խորհուրդ կտայի մի պահ մոռանալ «PR-ը մեծ հեռանկարներ ունեցող մասնագիտություն է» պնդումը  և խորհել հետևյալ հարցերի շուրջ՝ «Եթե ես լինեի աշխարհի ամենահարուստ մարդը և հնարավորություն ունենայի ընտրելու՝ ինչով զբաղվել, կընտրեի՞ արդյոք PR մասնագետի աշխատանքը, թե՞․․․»։ «PR-ով զբաղվելը կտա՞ ինձ հնարավորություն կյանքի կոչել ու զարգացնելու  իմ լավագույն հատկանիշներն ու այն ուժեղ կողմերը, որով բնությունն օժտել է ինձ»։  «Կա՞ արդյոք մեկ այլ մասնագիտություն, PR-ից բացի, որն իսկապես կերջանկացնի ինձ, կա՞ այնպիսի մի զբաղմունք, որի մասին միտքն անգամ ինձ լցնում է ավյունով»։ « PR-ով զբաղվելը արդյոք լավագույնս համապատասխանու՞մ է իմ արժեքներին և առաջնահերթություններին կյանքում»։

Եթե Ձեր ընկերը վերոնշյալ հարցերին պատասխանելով հասկանա, որ իսկապես ցանկանում է զբաղվել PR-ով, ապա խորհուրդներս հետևյալն են՝

  1. Եղե՛ք հաստատակամ և ձգտե՛ք կատարելության Ձեր գործունեության յուրաքանչյուր քայլափոխում։ Ինչպես հումորիստ Ստիվ Մարտինն է նշում՝ «Եղե՛ք այնքան լավը, որ Ձեզ ուղղակի հնարավոր չլինի անտեսել»:
  2. Մի՛ հետևեք ժամանակի միտումներին։ Ստեղծե՛ք դրանք։ Կյանքի կոչե՛ք Ձեր յուրահատկությունները։ Ինչպես Կոկո Շանելն է ժամանակին ասել՝ «Անփոխարինելի լինելու համար պետք է տարբերվել»։
  3. Արժեք ստեղծե՛ք Ձեր աշխատանքով։ Թող որ ինչ-որ բան դեպի լավը փոխվի մեր երկրում ու աշխարհում հենց Ձեր աշխատանքի շնորհիվ։

Այո՛։ Աշխարհը Ձեր կարիքն ունի։

 

Զրուցեց ՝ Տաթևիկ Սարգսյանը

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register