ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ  ՆԵՐԴԱՇՆԱԿ ԱՊՐԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ  

bn

Բնապահպանություն, մանդալաների և ձեռագործ այլ իրերի պատրաստում, արշավներ, քաղաքացիական ակտիվ գործունեություն:  30-ամյա Անի Խաչատրյանը երբեք պարապ չի մնում: «Կյա՞նք, թե՞ հանք» կարգախոսով պաստառը ձեռքին նա կամ բնապահպանական ակցիաների կիզակետում է կամ թելն ու փայտերը ձեռքին՝ մանդալա գործելիս բնության մեջ ու բնության հետ: Անիի հետ մեր զրույցը Հայաստանի բնապահպանական խնդիրների, քաղաքացիական ակտիվ դիրքորոշման  կարևորության և մուսաների մասին է:

«Ես պայքարում եմ հանուն արդարության և մաքուր միջավայրի»

Անարդարության դեմ պայքարելու սովորությունը փոքրուց է գալիս: Դեռ դպրոցում, երբ անարդարություն էի տեսնում, լիներ ուսուցիչների , թե տնօրենի հանդեպ, միշտ խոսում էի: Այն ժամանակ տեղեկացվածության այս մակարդակը չունեի, բայց ներքին համոզմունք կար, որ եթե ինչ-որ բան սխալ է ու անարդար, ուրեմն դրա դեմ պետք է պայքարել: Ես երկու բանի համար եմ պայքարում՝ հանուն արդարության ու մաքուր միջավայրի:

bn1

«Ֆիզիկական ցավ եմ զգում, երբ տեսնում եմ, որ բնությունը վերացնում են»

Քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների եմ մասնակցում, բայց ինքս ինձ ավելի շատ բնապահպան եմ համարում, որովհետև բնությունը պահպանելն ինձ ավելի հոգեհարազատ է. ես ֆիզիկական ցավ եմ զգում, երբ տեսնում եմ, որ բնությունը վերացնում են, որ կենդանիներին սպանում են: Ուստի ամեն ինչ փորձում եմ անել, որ իմ չափով կանխեմ կամ նվազեցնեմ դա: Բնությունը պահպանելու անհրաժեշտությունը սկսվում է բնասիրությունից. Նախ դու պետք է կապ զգաս բնության հետ, ճանաչես, սիրես այն ու հասկանաս, որ պետք է պահպանես այն, որպեսզի կարողանաս հետագայում էլ վայելել:

«Մաշտոցի պուրակն առաջին հաղթանակն էր»

Հետագայում արդեն Գառնիի դեպքն էր, որի ժամանակ հիմնական պայքարողները տեղաբնակ գյուղացիներն էին, մենք պարզապես աջակցում էինք նրանց: Եղել են  նաև փոքրամասշտաբ նախաձեռնություններ, որոնք,սակայն, մարդկանց գիտակցության մեջ շատ բան են փոխել: Մի քանի տարի առաջ պլաստիկ շշերով մեծ նավի կառուցում նախաձեռնեցինք: Այդ կերպ փորձեցինք բարձրաձայնել բնությանը մեծ վնաս հասցնող  պլաստիկի և պոլիէթիլենի  մասին, որոնք հարյուրավոր տարիներ անց  անգամ չեն քայքայվում:  Մաշտոցի պուրակում այս տարի 4-րդ անգամ կազմակերպեցինք  «Վեգան Ֆեստ» փառատոնը, որի հիմքում կենդանիների պաշտպանությունն ու առողջ ապրելակերպն է:

«Բնապահպանական խնդիրները լուծելու համար մի քանի ուղղությամբ պետք է աշխատել»

Նախ՝ պետական մակարդակով համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ:  Հայաստանում շատ օրենքներ գործում են բնության դեմ: Օրինակ՝ հանքերի պոչամբարների համար հարկեր նախատեսված չեն, այդ պատճառով էլ գալիս, նպաստավոր պայմաններով շահագործում են հանքերը ու մեզ նվեր թողնելով թունավոր հսկայական լճերը՝ հեռանում: Այլ երկրներում  դրա  համար ահռելի հարկեր են նախատեսված, որոնց կիրառման դեպքում հանքերի շահագործումը Հայաստանում պարզապես նպաստավոր չէր լինի:Հանրային վերահսկողության դեպքում շատ բան հնարավոր է փոխել: Թեկուզ հենց անտառների մոնիթորինգի դեպքում. եթե նրանք իմանան, որ ամեն անտառ մտնողը վերահսկիչ է, ավելի զգոն կլինեն և ավելի քիչ կվերացնեն բնությունը:

bn2

«Ժամանակի ընթացքում բնապահպանությունը դառնում է ապրելակերպ»

  Մեր տանը ջուր խնայողը ես եմ, լույսն անջատողը ես եմ, բայց դա անում եմ ավելի շատ ոչ թե գումար խնայելու, այլ բնության համար: Մեր տանն աղբ չի թափվում, սննդի մնացորդները տնամերձ հողամասում ենք թաղում, որ հետո հումուս դառնա, ոչ թե բնության մեջ աղբն ավելանա: Նույնը նաև առևտուր անելիս է: Մեր հասարակությունը սպառող է դարձել. մենք անընդհատ իրեր ենք գնում, որովհետև զեղչ է, որովհետև դրանք գեղեցիկ են, նոր են… Մի օր էլ հասկանում ես, որ դու անընդհատ աշխատում ես, որ գնես իրեր, որոնք քեզ իրականում պետք չեն: Հիմա ինչ-որ բան գնելիս միշտ ինքս ինձ հարց եմ տալիս ՝ քեզ իրո՞ք պետք է այն, ինչ դու հիմա ուզում ես առնել: Եթե յուրաքանչյուրն այդ հարցը տա, մեր գնումների 70%-ը կկրճատվի: Վաղուց հրաժարվել եմ պոլիէթիլենային  տոպրակներից: Ես ինձ հետ միշտ կտորից տոպրակ ունեմ, դրանով եմ առևտուր անում, որովհետև պլաստիկն ու պոլիէթիլենը բնության կողմից չեն յուրացվում, թունավորում են այն: Կամ էլ կենդանիներն են դրանք ուտում ու խեղդվում: Ես ու տղաս արդեն 5 տարի է՝ միս չենք ուտում: Նախ՝ որ կենդանիներին չվնասենք, երկրորդ՝ բուսակերությունը բնապահպանական նշանակություն ունի. մսի արտադրությունն ահռելի վնասներ է հասցնում բնությանը:

«Ձեռագործ աշխատանքների պատրաստմամբ միշտ եմ զբաղվել»

Կոնկրետ մանդալաների պատրաստմամբ արդեն 3 տարի է ինչ զբաղվում եմ: Մի օր պատահաբար ինտերնետում մանդալայի դասի հանդիպեցի, փորձեցի՝ ստացվեց: Այնքան  դուրս եկավ, որ սկսեցի զբաղվել դրանով: Մանդալան գույների և նախշերի հետ խաղալու հնարավորություն է տալիս, պատրաստման գործընթացը շատ հանգստացնող է: Ամեն գույն ու նախշ իր նշանակաությունն ունի, բայց իմ պատկերացմամբ՝ քոնն է այն մանդալան, որը կանչեց քեզ: Լինում է՝ ամիսներով չեմ պատրաստում, որովհետև մուսաս չի գալիս, բայց մի օր էլ կարող եմ ամբողջ գիշեր նստել ու մանդալա պատրաստել:

bn3

«Սիրում եմ ճանապարհորդել միայն ավտոստոպով»

Դրա համար մի քանի պատճառ ունեմ: Նախ՝ ավտոստոպով բնապահպանական է, այսինքն՝ դու ավելորդ արտանետումներ չես առաջացնում, որպեսզի ինչ-որ տեղ գնաս: Երկրորդ՝ անվճար է, դու կարող ես ցանկացած տեղ գնալ առանց մի դրամ ծախսելու: Երրորդ՝ մարդկանց մոտ ստեղծվում է իրար անշահախնդիր օգնելու մշակույթը, երբ վարորդը վերցնում է պատահական ուղևորին՝ առանց փոխհատուցման որևէ ակնկալիքի: Չորրորդ՝ ճանապարհն ավելի հետաքրիր է անցնում, որովհետև ճանապարհին լավ մարդկանց ես հանդիպում, հետաքրքիր դեպքեր շատ են լինում…2015թ.-ին ընկերներիս հետ ավտոստոպով  6000կմ ճանապարհ եմ անցել՝ 40 օրվա ընթացքում լինելով Վրաստանի և Թուրքիայի շատ շրջաններում ու Էգեյան, Մարմարա, Սև և Միջերկրական ծովերում:

 

Զրույցը գրի առավ՝ Տաթևիկ Սարգսյանը

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register